Հայերեն   English   Русский  

Փորձագետները Փաշինյանի այցը Իրան համարում են հաջողված, բայց նաև շեշտում՝ պայմանավորվածություններ ձեռք բերելը մեկ բան է, իրագործելը՝ մեկ այլ


  
դիտումներ: 1352

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրի բարձրագույն ղեկավարության առաջին այցը Իրանի Իսլամական հանրապետությունսպասված էր, արդյունքներն էլ դարձել են փորձագիտական շրջանակների քննարկման առարկա։

Գնահատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԻԻՀ կատարած այցը՝ իրանագետ Արմեն Իսրայելնաը նշում է, որ քննակվել են հարցերը, որոնք միշտ էլ անկյունաքարային են եղել հայ-իրանական հարաբերություններում։ Չնայած դրան, ըստ իրանագետի, այցը նաև տարբերվող կողմ է ունեցել։ «Այցը արդյունավետ էր և տարբերվում էր իր հնչեղությամբ։ Այցի ընթացքում հնչեցին հայտարարություններ և ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, որոնք աննախադեպ են որակվում։ Առաջին անգամ Հայաստանըհայտարարեց, որ պատրաստ է իր տարածքով իրանական գազը տարանցել դեպի Վրաստան։ Կարևոր է, որ իրանական կողմը ներգրավվածություն կունենա հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման գործում»,- ասում է Իսրայելյանը։

Իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԻԻՀ սպասված էր։ Անդրադառնալով այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ իրանագետը նշում է, որ դրանց մեծ մասի վերաբերյալ նաև նախկինում են պայմանավորվածություններ եղել, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով կյանքի չեն կոչվել։ Նա շեշտեց, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին աշխատանքային խմբին ժամանակ է տվել մինչև ամառ՝ առաջարկներ ներկայացնելու։«Կհետևենք՝ հասկանալու, թե արդյոք պայմանավորվածությունները նորից կմնան թղթի վրա, թե կյանքի կկոչվեն և քանի տոկոսը կյանքի կկոչվի»,- ասում է Իսկանդարյանը։

Գոհար Իսկանդարյան

Խոսելով երկու երկրների հարաբերությունների մակարդակից՝ Իսկանդարյանը մատնանշում է, որ Փաշինյանին ընդունել են բարձր մակարդակով, հանդիպում է տեղի ունեցել երկրի հոգևոր առաջնորդի հետ, մինչդեռ Իրանի հոգևոր առաջնորդը միշտ չէ, որ հանդիպում է այլ երկրների ղեկավարների հետ։

Անդրադաենալով երկու երկրների հարաբերությունների խորացմանը՝ Իսկանդարյանը նշում է, որ պետք է գտնել այնպիսի ոլորտներ, որոնք դուրս են պատժամիջոցներից։ Նրա խոսքով՝ այդպիսիք են էներգետիկան, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, որոնց ուղղությամբ էլքննարկումներ են տեղի ունեցել պաշտոնականհանդիպումներում։

Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ընթացքում հնչած հայտարարություններից ուշագրավ է այն, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությանը՝ այն շուտափույթ ավարտին հասցնելու նպատակով։ Մեկնաբանելով իրանական կողմի այս մտադրությունը՝ Իսկանդարյանն ասում է, որ Իրանը շահագրգռված է ցամաքային այլընտրանքային ճանապարհ ունենալ դեպի Եվրոպա։ Ներկայում ապրանքների տեղափոխումը մեծամասամբ տեղի է ունենում Թուրքիայի, մասամբ՝ Ադրբեջանի տարածքով։

Ուշագրավ է նաև Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր դեպի Վրաստան։ Իսկանդարյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն այս մտադրությունը կարող են իրագործել, եթե կարողանան հարցը քննարկման առարկա դարձնել Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի հետ և համաձայնության եզրեր գտնեն կողմերի հետ։

Գազի տարանցման երկիր դառնալու հեռանկարին անդրադառնալով՝ իրանագետ Ահարոն Վարդանյանը նշում է, որ հայ-իրանական հարաբերությունները, ինչպես և ցանկացած այլ հարաբերություն, չեն կարող անտեսել աշխարհաքաղաքական շահերը։ Նա կարևորում էԻԻՀ նախագահ Ռոուհանիի խոսքը, որ տարանցման գործում կարող են համագործակցել Ռուսաստանի հետ։ «Այս պարագայում կարևոր է առաջնորդվել ոչ թե շահերի հակադրման , այլ շահերի համադրման ճանապարհով»,- ասում է Վարդանյանը՝ կարևորելով այն, թե կկարողանան արդյոք ռուսական կողմին համոզել, որ դրանում նաև իրենք շահ ունեն։

« Հայաստանով, թե մեկ այլ երկրով Իրանն իր գազը հասցնելու է Վրաստան և Եվրոպա»,- ասում է Վարդանյանը՝ նշելով, որ այդ հեռանկարը ձեռնտու է նաև Վրաստանին, քանի որ այդպիսով կմեղմվի կախվածությունը ադրբեջանական մատակարարումներից։

Վարդանյանը այցը կարևորում է այն հանգամանքով, որ այն առաջինն էր ներկա իշխանությունների օրոք։ « Եթե նախկինում տարբեր մակարդակի այցեր շուտ-շուտ էին լինում, ապա իշխանափոխությունից հետո դեռ այց չէր եղել»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ իրանագետը շեշտում է, որ հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա, հետևաբար դրանք կախված չեն օրվա իշխանություններից։

Փորձագետները կարևորում են նաև Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը ցանկանում է միջնորդի դեր ստանձնել Իրան-ԵՏՄ հարաբերություններում ։ Նշենք, որ Իրան-ԵՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը կնքվել է մեկ տարի առաջ և ներկայում այն վավերացման փուլում է։

Ահարոն Վարդանյան

Ահարոն Վարդանյանի խոսքով՝ Իրանի անդամակցությունը ԵՏՄ-ին ձեռնտու է երկու կողմերին էլ․ Հայաստանին, քանի որ կկարողանա իրանական շուկա մտնել արտոնյալ պայմաններով, ինչպես նաև Իրանին, քանի որ ներկայում պատժամիջոցների է ենթարկվում և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու խնդիր ունի, իսկ ԵՏՄ-ն մեծ շուկա է, միայն Հայաստանը չէ։

Այս հարցում համակարծիք է նաև քաղաքագետ Արմեն Վարդանյանը։ «Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, երբ ԵՏՄ բոլոր երկրները վավերացնեն այն, շատ ապրանքներ գրեթե զրոյական մաքսատուրք կունենան: Սա նշանակում է, որ ՀՀ-ն ևս որոշակի հնարավորություններ կստանա դեպի Իրան արտահանումն ավելացնելու համար»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: