Հայերեն   English   Русский  

Այսօր մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է


  
դիտումներ: 2216

Մարտի 3-ը հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է, որը կառավարությունը ճանաչել է որպես Գործարարի օր:

1915 թ. Մարտիրոս Սարյանը Պետերբուրգում կերտեց Ալեքսանդր Մանթաշյանցի որդու` Հովսեփ Մանթաշյանցի դիմանկարը: Ինչպես նշում է իր հուշերում մեծ նկարիչը, աշխատանքի ժամանակ նա հանդիմանել է Հովսեփին, որ փոխանակ հոր մահից հետո եղբայրներով նրա կարողությունը բազմապատկելու և ազգի շահերին ծառայեցնելու, վատնում են մոլախաղերի մեջ: Արդարանալով մեծ բարեգործի որդին ասում է. «Մենք եղբայրներով որոշել ենք մեր ծննդավայր Ախթալայում և նրա շրջակա գյուղերում դպրոցներ բացել, բարեգործություններ կատարել…»

Պատմում են, որ երբ 1920-ական թթ. Մարտիրոս Սարյանը Փարիզում իր ցուցահանդեսն էր կազմակերպել, նկատում է, որ մի երիտասարդ թշվառական ամեն օր գալիս է ու երկար, ժամերով կանգնում, նայում Հովսեփ Մանթաշյանցի նկարին ու արտասվում: Երբ մի օր չհամբերելով նկարիչը հարցնում է նրա վարմունքի պատճառը, ասում է. «Ինձ չե՞ս հիշում, վարպե՜տ, այս նկարում ես եմ պատկերված…»: Ահա ինչ էր մնացել Մանթաշյանցի 25 միլիոն կարողությունից…

1930-ական թթ. Թիֆլիսի Սերգիևսկի 4 տան հնաբնակներից մեկը` Վիլիկը, պատմում էր. «Երբ տանտերը (Միքայել Արամյանց) հիվանդ էր, նրա հանգիստը չխանգարելու համար խոտ էին փռում փողոցում, որ կառքերն անաղմուկ անցնեն: Իսկ բոլշևիկների գալուց հետո գալիս-նստում էր իր 10 միլիոն ռուբլով կառուցած շքեղ հյուրանոցի բակում ու հոգոց հանում. «Ի՛նչ ժամանակներ էին…»:

Մահը երբեք բարեբախտություն չէ, բայց միգուցե Ալեքսանդր Մանթաշյանցը բախտավոր էր, որ 1911 թ. ապրիլի 19-ին վաղաժամ մահացավ և իր ընկերոջ` Արամյանցի պես չճաշակեց այդ նվաստացումն ու կեղեքումը…

Իրականում Լոռին է այս մեծ հայորդու ծննդավայրը, թե ոչ, դժվար է ասել. կենսագիրները նրա ծնունդը կապում են Թիֆլիսի հետ (1842 թ. մարտի 3-ին), չնայած ոմանք նրա արմատները հասցնում են հեռավոր Պարսկաստան…

1868 թ., Թավրիզ: Ամառային մի օր Պարսկաստանի մայրաքաղաքի մեծ շուկայում պատահաբար երկու տարեկից երիտասարդ են հանդիպում: Նրանցից մեկը թիֆլիսահայ էր, որն արդեն 20 տարեկանից իր ձեռքն էր վերցրել հոր առևտրական տան գործերն ու հաջողությամբ վարում էր, մյուսը` արցախցի երիտասարդ, որ վաճառականի օգնական լինելով` առաջին քայլերն էր անում այդ ոլորտում: Այս հանդիպումը ճակատագրական եղավ երկուսի համար էլ. նրանք այդուհետ ընկերներ ու մեծ բարեկամներ էին, որոնք, ճակատագրի հեգնանքով հայտնվելով այդ արևելյան երկրում, փորձում էին իրենց եռանդով ու հմտությամբ նվաճել աշխարհը:

Ալեքսանդրին Թավրիզ էր բերել հայրը` թիֆլիսահայ վաճառական Հովհաննես Մանթաշյանցը, որ որդու մեջ տեսնելով ապագա վաճառականին ու գործարարին` ամեն կերպ հագուրդ էր տալիս նրա ձգտումներին: Տակավին պատանի` Ալեքսանդրը հոր ուղեկցությամբ եղավ Եվրոպայի մեծ քաղաքներում: Հաղորդակից դարձավ ժամանակի եվրոպական բարքերին, նիստուկացին և վերադարձավ արևելք` այդտեղից նվաճելու Եվրոպան, որն այդքան սիրում էր: Նա հայտնվեց Թավրիզի հայ առևտրականների պարագլխի` Թաջիբ բաշու` նույն ինքը շուշեցի Ալեքսանդր բեկի մոտ: Վերջինս սիրահոժար աջակցում էր երիտասարդի խիզախ ձեռնարկումներին և երբեք չէր թաքցնում իր հիացմունքը նրա նկատմամբ:

Մանթաշյանցը կանոնավոր կրթություն չստացավ, սակայն կյանքից վերցրեց ավելին, քան կարող էր սովորական մահկանացուն. պատանության տարիներին առևտրական գործերն ուսումնասիրելիս հմտորեն տիրապետեց մաթեմատիկային և հաշվապահությանը: Առևտրական գործերով շրջագայելիս լեզուների ասպարեզում հմտացավ. ազատ կարդում ու գրում էր հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Արվեստների մեծ սիրահար էր ու գեղեցիկի երկրպագու:

Նա Թիֆլիսում աճող սերնդի համար հիմնեց Թիֆլիսի առևտրային դպրոցը, որ 1910-1918 թթ. սերունդներ կրթեց:

Հետագայում նրա կենսագրությունը կզարդարեն բազում պատվաբեր կոչումներ. Առաջին գիլդիայի վաճառական (1871), Արքունական պալատի Թիֆլիսի ատյանի անդամ (1903), Կովկասի հայ բարեգործական ընկերության հիմնադիր և պատվավոր անդամ, իսկական պետական խորհրդական (1909), Թիֆլիսի քաղաքային դումայի պատգամավոր (1893-1911), Թիֆլիսի պատվավոր քաղաքացի… Նրա կուրծքը կզարդարեն «Աննայի երկրորդ աստիճանի», ֆրանսիական «Պատվո լեգեոնի» շքանշանները… Եվ, վերջապես, հետմահու` «Բոլոր ժամանակների ամենագործարար և ամենաբարեգործ հայ…»

Տակավին 20 տարեկան` Ալեքսանդրն իր ձեռքն է վերցնում հոր առևտրական գործերն ու 20 հազար ռուբլի կապիտալով առաջին խանութն է բացում Թիֆլիսում: Շուտով նա ավելի է ընդլայնում իր գործն ու բազմապատկում հարստությունը: Մի երեկո ապագա միլիոնատերը, հաշվելով իր կարողությունը, զարմանքով հայտնաբերում է, որ կարճ ժամանակում այն տասնապատիկ ավելացել է և կազմում է 200 հազար ռուբլի: Չկարողանալով թաքցնել ուրախությունը` ինքնագոհ երիտասարդը հպարտորեն քայլում է Թիֆլիսի Արմյանսկի բազարով, երբ վաճառականներից մեկը, փորձելով հեգնել, ասում է.«Էնենց է գնում, կարծես 200 հազար ունենա…»: Հետագայում հիշելով այս դեպքը` Մանթաշյանցը միշտ զարմանում էր. «Ինչպե՞ս գուշակեց…»: Սակայն այդ 200 հազարը, որ շատերի համար երազ էր, ամենևին էլ Մանթաշյանցի հնարավորությունների սահմանը չէր: Շուտով նա ողջ աշխարհում հռչակվեց որպես «նավթի արքա», և նրա «Գառն աստծո» ապրանքանիշը տիրապետող դարձավ համառուսաստանյան առևտրում…

Մանթաշյանցը հայ առևտրական կապիտալի մեջ առաջիններից էր, որ անցավ բանկային բիզնեսի: Իր ապրանքաշրջանառության ծավալների և դրամական միջոցների աճի հետ մեկտեղ նա մեծացնում էր գործունեության ոլորտը: Առաջին մեծ քայլը չուշացավ. նա, աստիճանաբար գնելով Թիֆլիսի առևտրային բանկի բաժնեթղթերը, շուտով տեր դարձավ ողջ բանկին` ընդլայնելով նրա գործունեությունը և բացելով նոր մասնաճյուղեր Բաթումում ու Բաքվում: Բանկային աշխարհում Մանթաշյանցը չբավարարվեց ձեռք բերածով, և նա դարձավ նաև ռուսական երկու խոշորագույն բանկերի բաժնետեր և խորհրդի անդամ:

Սակայն Մանթաշովի փառքն ու հարստությունը բազմապատկվեց Բաքվի նավթաշխարհի շնորհիվ:

1880-ական թթ. Բաքվում իսկական նավթային եռուզեռ էր: Համաշխարհային կապիտալը, սև ոսկու տենդի մեջ, այստեղ էր հոսում, ուր վաղուց էին հաստատվել նավթարդյունահանման շահավետությունը զգացած հայ կապիտալիստները և սկսել նավթի շահագործումը: XIX դարի վերջին Բաքվում հայ կապիտալիստներից հաստատվել էին Ղուկասյան եղբայրները, Լիանոզովը, Միրզոև եղբայրները, Եղիազարյան գերդաստանը… Սրանց կողքին օտար կապիտալն էր գրոհում Բաքու` հանձինս Նոբելի գերդաստանի, Ռոտշիլդի, Ռագոզինի…

Ռուսական կառավարությունը չէր ցանկանում Բաքվում օտարերկրյա կապիտալի տեսակարար կշռի մեծացում, սակայն խոչընդոտել Ռոտշիլդներին և Նոբելներին չէր կարող: Նրանց հետ մրցակցել և հաղթել կարող էր միայն Մանթաշյանցը…

Նոբելները, թեև ռուսահպատակ, իրենց ծագմամբ տեղաբնիկ չէին, իսկ Ռոտշիլդների հրեական գերդաստանը Փարիզից էր: Նրանց «Կասպից-Սևծովյան ընկերությունը» առաջինն էր, որ նկատեց Բաքվի նավթարդյունաբերության ծագող հեռանկարներն ու սկսեց մեծ ներդրումներ կատարել Բաքվում:

Մանթաշյանցի Բաքու գալու պատճառը իր վաղեմի ընկերն էր` Միքայել Արամյանցը, որ երեք արցախցիների` Առաֆելյանի, Ծատուրյանի և Թումանյանի հետ հիմնել էր «Բալախանյան ընկերությունը» և զբաղվում էր նավթի արդյունահանմամբ: Արամյանցն ու Մանթաշյանցը բնակվում էին Սոլոլակում և համարյա հարևաններ էին…

Միքայել Արամյանցի հեռուն գնացող, պրպտող միտքը շարունակ ելք էր որոնում իր գործն ընդլայնելու համար: Նա նոր նավթահորեր էր գնել, սակայն լուրջ դժվարություններ կային նավթի արդյունահանման գործում, քանզի ճիշտ է, նավթի ստացումը հեշտ էր և էժան, սակայն դժվար էր տեղափոխման, շուկա հասցնելու գործը: Ստացվում էր այնպես, որ բեռնափոխադրումները ավելի թանկ էին, քան բուն նյութի արդյունահանումը: Եվ Միքայել Արամյանցը միտք հղացավ` ստեղծել սեփական գործարան, որը նավթային ցիստեռներ կարտադրեր: Նա դրամական օժանդակության հարցով դիմեց Մանթաշյանցին, որը վաղուց էր նավթաշխարհ թափանցելու առիթ որոնում: Եվ ահա Արամյանցի գրավիչ առաջարկը` 50 հազար ռուբլով մաս կազմել իր նավթային ընկերությանը: Ընկերությունը` ընկերություն, բայց Մանթաշյանցի պատասխանը դիվանագիտական էր.

-Ինչ կուլի, կուլի, Միքել ջան, թող մի 50 հազար էլ քո խաթեր Կասպից ծովը թափեմ:

Եվ ապագա «նավթային արքան» իր ընկերոջ հրավերով ժամանեց Բաքու: Շատ չանցած` Մանթաշյանցն արդեն վայելում էր իր ձեռնարկի պտուղները: Նա արագ կողմնորոշվեց, կարողացավ ճիշտ գնահատել Բաքվի նավթաշխարհի հեռանկարները և գործի անցավ. շուտով նա 45 հազար ռուբլով գնեց Առաֆելյանի մասնաբաժինը, ապա 70 հազար ռուբլով` Թումանյանի, 620 հազար ռուբլով` Ծատուրյանի մասնաբաժինները` դուրս մղելով նրանց գործից:

Տարիներ անց ընդամենը 200 հազար ռուբլի դրամագլխով հիմնված ընկերության բաժնեթղթերի 1/3 մասը Մանթաշյանցն ու Արամյանցը վաճառեցին… 20 միլիոն ռուբլով:

Այնքան հրապուրիչ էր հաջողությունը, որ Մանթաշյանցը ցանկացավ նման կերպ վարվել նաև Արամյանցի հետ: Կյանքում առաջին և միակ անգամ վաղեմի ընկերները կանգնեցին դեմ դիմաց.

-Մի արա էդ բանը, Ալեքսանդր, մի մոռացիր, որ ես եմ քեզ Բաքու բերել…

Հաղթեց բարեկամությունն ու ընկերությունը: Նոր կազմավորված «Ալեքսանդր Մանթաշյանց և ընկերներ» ընկերության մեջ բաժնեթղթերի 1/4-ը Արամյանցինն էր: Նոր ընկերությունը ավելի ընդլայնեց իր գործունեությունը. Մանթաշյանցի ապրանքանիշը` «Գառն աստծո», ներկայացուցչություններ բացեց եվրոպական մեծ երկրներում` Լոնդոնում, Փարիզում, Պոլսում, անգամ Աֆրիկայում` Ալեքսանդրիայում, Հնդկաստանում, Ռուսաստանում: Նա մրցակցության մեջ մտավ եվրոպական կապիտալի հետ: Ամենազոր Ռոտշիլդ գերդաստանը եվրոպական շուկայում իր միակ արժանի մրցակիցը Մանթաշյանին էր համարում: Մինչ այն պահը, երբ ճակատագիրը նրանց հանդիպեցրեց Փարիզ սլացող գնացքի կուպեում: Այդ պահից վաղեմի մրցակիցները դարձան բարեկամներ… Ինչպես որ բարեկամացավ նավթաշխարհի մյուս հայ հսկայի` Գալուստ Գյուլբենկյանի հետ:

Ալեքսանդր Մանթաշյանցը բացառիկ երևույթ էր ոչ միայն որպես գործարար, այլև որպես բարեգործ: Նրա համար անուրանալի արժեքներ էին ազգը և եկեղեցին, և իր բարեգործությունները նա ծառայեցրեց ազգի և եկեղեցու միասնության գաղափարին:

Մարդու հոգու վեհությունը և կատարած բարեգործությունները երբեք հնարավոր չէ չափել, բայց , ամեն դեպքում, դիմենք փաստերին.

ՀՅԴ դրամահավաք «Փոթորիկ» ծրագրին հատկացրեց մեկ միլիոն ռուբլի:

1901 թ. նա իր ծախսով ամբողջովին վերանորոգեց Թիֆլիսի Հայոց Մայր եկեղեցին, որ ավելի շատ հայտնի է Վանքի եկեղեցի անվամբ:

Ամբողջովին հիմնանորոգեց Էջմիածնի Մայր տաճարը և Վեհարանը` դրանց վրա ծախսելով մոտ 300 հազար ռուբլի: Առհասարակ, հայ եկեղեցին մշտապես օգտվել է Մանթաշյանցի առատաձեռնությունից: Նա միշտ ուշադրության կենտրոնում էր պահում և հոգում էր Պոլսի պատրիարքության կարիքները:

Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի նոր մասնաշենքը կառուցեց հիմքից` դրա վրա ծախսելով ավելի քան 300 հազար դրամ:

1904 թ. կառուցեց Փարիզի հայկական եկեղեցին և կից առաջնորդարանի շենքը` ծախսելով 1 մլն 100 հազար ֆրանկ:

Նյութական օժանդակություն Հայկական դրամատիկական ընկերությանը` 65 հազար ռուբլի:

Թուրքահայ սովյալներին` 25 հազար ռուբլի օգնություն:

Թիֆլիսի հայոց մշակութային միությանը` 15 հազար ռուբլի:

Երկրագործական ուսումնարանի կառուցմանը` 200 հազար ռուբլի:

Իր ծախսերով արտասահմանում հարյուրավոր ուսանողներ կրթեց և պահեց:

Նրա առատաձեռնությունից օգտվեցին Նիկողայոս Ադոնցը, Կոմիտասը, որին շքեղ դաշնամուր նվիրեց, Ստեփան Շահումյանը, Ալեքսանդր Երիցյանը, Հովհաննես Թումանյանը, Մուրացանը, Մինաս Չերազը, Արշակ Չոպանյանը, Պերճ Պռոշյանը, Աբգար Հովհաննիսյանը և շատ ու շատ ուրիշներ:

Նա նյութապես աջակցում էր Կովկասի հայոց բարեգործական միության ձեռնարկումներին:

Նրա բարեգործությունների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 2500000 ռուբլի:

Բայց անկատար մնաց մեծ բարեգործի երազանքը` Թիֆլիսում ունենալ հայկական ճարտարագիտական մեծ համալսարան…

Ալեքսանդր Մանթաշյանցը երջանիկ ծնող էր ու երջանիկ ամուսին: Բախտը նրան ամենուր ժպտում էր. գործում, հասարակության մեջ, ընտանիքում… Նա ճակատագրի սիրելին էր: Կինը` Դարյա Թամամշյանը, Թիֆլիսի հայտնի գերդաստաններից էր, նա ամուսնուն պարգևեց ութ զավակ և անժամանակ մահացավ 1910 թ.:

Կնոջ մահից մեկ տարի անց վախճանվեց նաև XX դարի հայ վաճառականության ռահվիրան, նավթի արքան` Ալեքսանդր Մանթաշյանցը: Նա երիկամների հիվանդություն ուներ, և վիրահատության էր ենթարկվել Փարիզում: Սակայն դա չօգնեց մեծ բարեգործին, և վաղաժամ մահը վրա հասավ 1911 թ. ապրիլի 19-ին, Պետերբուրգում:

Հայ ազգային կառույցները երկու անգամ հոգեհանգիստ կազմակերպեցին: Տասնյակհազարավոր անձինք, անկախ տարիքից, սեռից, ազգությունից և սոցիալական դրությունից, գալիս էին մեծ հային հրաժեշտ տալու:

Թիֆլիսը երբեք նման թաղում չէր տեսել. Մանթաշյանցի մարմինն ամփոփվեց վանքի եկեղեցու գավթում: Սգում էր ողջ Թիֆլիսը: Ալեքսանդր Շիրվանզադեն «Հորիզոնի» էջերում գրեց. «Այն կորուստը, որ կրում է այսօր հայ ժողովուրդը, անփոխարինելի է: Գումարների ահագին քանակությունը չէր, որ այնպես առատաձեռնորեն զոհում էր նա բարեգործություն կոչված սրբազան տաճարին, որ երկրային տաճարների թագուհին է: Սիրտը, ահա այն, որ կատարում էր միակ դերը, և վեհ դերը Մանթաշյանցի բարերարությունների մեջ: Նա տալիս էր առանց հետին հաշիվների, առանց սին փառամոլության, տալիս էր, որովհետև այդպես էր թելադրում նրա զգայուն հոգին: Նրա բարերարությունը կրում էր բուն քրիստոնեության դրոշմ. «Տվեք այնպես, որ աջ ձեռը տալիս, ձախը չիմանա»: Դա նրա համեստությունն էր, մի զարդ, որ այնքան հազվագյուտ էր:

…Ազգին է մնում այժմ իր խորին երախտագիտությամբ գնահատել այդպիսի սիրտը: Եվ նա, անշուշտ, կգնահատե ու շատ բարձր կգնահատե իր ապագա պատմության մեջ…»:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: