Հայերեն   English   Русский  

Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին


  
դիտումներ: 564

ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

Պաշտպան Միհրան Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բողոքարկել են գործին ծանոթանալու համար նախատեսված հիսունօրյա ժամկետը, ինչպես նաեւ քննիչի` իրենց հասկանալի լեզվով քրեական գործի նյութերի չտրամադրելու որոշումը: Պաշտպանի խոսքով` բողոքը ներկայացվել է ուրբաթ օրը` մարտի 1-ին:

Միհրան Պողոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ գործին ծանոթանալիս ակնհայտ էր դարձել, որ մեկ օրվա ընթացքում մեկ հատորից ավել հնարավոր չէ նայել: Նա նշել էր նաեւ, որ Յուրի Խաչատուրովը անձամբ զրկված է իր պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից գրավոր հայերերենին չտիրապետելու պատճառով. «Ես, որպես պաշտպան, կարող եմ իմ դիրքորոշումը հայտնել, բայց քրեական գործի եւ պաշտպանության իրավունքի ամբողջական իրացում տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ քրեական գործը քննարկվում է պաշտպանյալի հետ, իսկ այս դեպքում բավականին շատ փաստական հանգամանքներ են ներառված, որոնց՝ Խաչատուրովի ծանոթ չլինելու պարագայում, անգամ քննարկումն է առարկայազուրկ դառնում»,-ասել էր Պողոսյանը:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Վերջինս մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, որ այս քրեական գործով մեղադրյալներ են նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ԱԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: