Հայերեն   English   Русский  

​Օրենքի նախագիծը պաշտպանում, թե՞ ոտնահարում է մարդկանց իրավունքները


  
դիտումներ: 129

2017 թվականին ՀՀ Առողջապահության նախարարությունը առաջարկեց օրենքի նախագիծ «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման» մասին։

Օրենքի նպատակն էկանխարգելել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը, նպաստել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման դադարեցմանը և բնակչությանը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից։

Օրենքի նախագիծը տարածվում է ոչ միայն ծխախոտային արտադրանքի, այլև էլեկտրոնային սիգարետի, նարգիլեի և էլեկտրոնային գաջեթների վրա։

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ օրենքի նախագիծը քննարկվում է Կառավարությունում։ Օրենքի նախագիծը ընդունվելուց հետո վերը նշված ծխախոտային միջոցների օգտագործումը կարգելվի ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, առևտրի կենտրոններում և այլ հանրային վայրերում։

Կառավարությունում օիենքի նախագծի քննարկմանը զուգընթաց սկսվեցին բողոքի ակցիաներ։ Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողները պահանջում են վերանայել օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո իրենք ստիպված են լինելու հրաժարվել իրենց աշխատանքից, քանի որ օրենքի նախագիծը բացի ծխախոտի արգելքից նախատեսում է փակել նաև մասնագիտացված նարգիլե կենտրոնները։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում վերջերս ներկայացրել էր նարգիլեի վտանգավորության մասին փաստեր և ծխախոտի արգելքի հետ միասին կարևորել էր նաև նարգիլեի արգելքը։Ինչպես գրել էր նախարարը, նարգիլեի ծխախոտը և ծուխը պարունակում են մի շարք թունավոր նյութեր, որոնք հայտնի են թոքերի, միզապարկի և բերանի խոռոչի քաղցկեղ և սրտի հիվանդություն առաջացնելու հատկությամբ։ Արսեն Թորոսյանը նշում է, որ եթե սիգարետ ծխելու ընթացքում կլանվում է 500֊600 միլիլիտր ծուխ, ապա նարգիլե ծխելու ընթացքում կլանվում է մինչև 90000 միլիլիտր ծուխ, հետևաբար նարգիլեի հասցրած վնասը մարդու առողջությանը ավելի մեծ է, քան սովորական ծխախոտինը։

Սակայն Արսեն Թորոսյանի այս կարծիքի հետ ոչ բոլորն են համամիտ։ Գոռ Գասպարյանը արդեն 4 տարի է զբաղվում է նարգիլեի բիզնեսով։ Ըստ նրա սխալ է այն մոտեցումը, որ նարգիլեն ծխախոտից ավելի վնասակար է։

«Մենք չենք ասում, որ նարգիլե ծխելը վտանգավոր չէ առողջության համար, սակայն ասել, որ այն ծխախոտից ավելի վնասակար է, միանշանակ սխալ է։ Առողջապահության նախարարը պնդում է, որ նարգիլեի երկրորդային ծուխը, որի մեջ մտնում է նաև նարգիլեի պատրաստման ընթացքում ածուխի այրումից առաջացած ծուխը շրջապատի մարդկանց ավելի մեծ վնաս է պատճառում։ Սակայն մասնագետները կփաստեն, որ սա չի համապատասխանում իրականությանը, քանի որ նարգիլեի երկրորդային ծուխը մեծ մասամբ գոլորշի է»,֊ մեզ հետ զրույցում ասաց Գոռ Գասպարյանը։

Նարգիլեի բիզնեսով զբաղվողները կարծում են, որ օրենքի այս նախագիծն իրենց շահերը ոտնահարում է, քանի որ եթե ծխախոտ արտադրողները կամ վաճառողները կարող են շարունակել իրենց գործունեությունը և օրենքի նախագիծն ընդունվելուց հետո նրանց վրա կանդրադառնա մասամբ, ապա իրենց դեպքում օրենքը պարզապես կարգելի ու կդադարեցնի գործունեությունը։

«Մենք արգելում ենք 18 տարին չլրացած անձանց մուտքը մեր ակումբներ։ Պահպանում ենք բոլոր կանոնները, օդափոխությունից սկսած մինչև բարձրորակ սպասարկում։ Մեր հաճախորդներին, որոնց մեջ մեծ թիվ են կազմում նաև զբոսաշրջիկները, մատուցում ենք բարձրորակ նարգիլե։ Եվ հիմա մեր պահանջը մեկն է՝ հաշվի առնել նաև մեր կարծիքը և օրենքի նախագծում փոփոխություններ մտցնել, եթե պետք է մենք նույնպես պատրաստ ենք զիջումնեի գնալ։ Պարզապես պետք է ընդունել, որ եթե մարդը ցանկանում է նարգիլե օգտագործել, ապա նրա առողջության համար ավելի քիչ վնաս կլինի այն օգտագործել մասնագիտացված նարգիլե կենտրոններում, քան դրսում կամ տան պայմանններում»,֊ասաց Գոռը։

Առողջապահության նախարարության թոքաբանության և տուբերկուլյոզի գծով խորհրդատու Լուսինե Եղիազարյանը անդրադառնալով ծխախոտի և ծխախոտային փոխարինիչների վնասակար ազդեցությանը մարդու առողջության վրա՝ նշեց, որ ծխախոտ օգտագործող մարդիկ հիվանդանալու առումով ավելի մեծ ռիսկային խմբում են։

«Ծխախոտի ծուխը հիմնականում շնչուղիների և թոքերի հետ կապված հիվանդություններ է առաջացնում։Օրինակ, եթե աշխարհի բնակչության 60%֊ի մոտ կա տուբերկուլյոզի հարուցիչը, պարտադիր չէ, որ նրանք բոլորը հիվանդանան այդ հիվանդությամբ, սակայն քանի որ ծխող մարդկանց իմունիտետը տարիների ընթացքում քայքայվում է, նրանք տուբերկուլյոզով հիվանդների մեծ տոկոսն են կազմում։ Ես միշտ իմ հիվանդներին խորհուրդ եմ տալիսհրաժարվել ծխելուց, բայց եթե մարդ ծխախոտ, նարգիլե և այլ ծխախոտային միջոցներ օգտագործելիս չի վնասում իրեն շրջապատողներին, ապա պետք է հարգել նրանց իրավունքները, և ընտրությունը թողնել իրենց»,֊ասաց Լուսինե Եղիազարյանը։

Օրենքի նախագիծը դեռ քննարկման փուլում է, և նարգիլեի բիզնեսով զբաղվողները կարծում են, որ այն հետ են ուղարկելու լրացումներ և փոփոխություններ անելու, քանի որ նախագծում շատ են բացթողումներն ու թերությունները։ Նրանք շարունակում են իրենց գործով զբաղվել և սպասում են, որ առաջիկայում այս օրենքի նախագիծը մշակողները հաշվի կառնեն նաև իրենց առաջարկները։

Լիանա Եղիազարյան

Աննա Բզնունի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: