Հայերեն   English   Русский  

​Դանիայում մտադիր են արգելել օտարերկրյա ներդրումները մզկիթների շինարարության համար


Նման միջոցները երկիր են մտնում գերազանցապես Քաթարից և Թուրքիայից


  
դիտումներ: 229

Նոր օրենք է պատրաստվում Դանիայում, որն արգելում է օտարերկրյա ներդրումները կրոնական միավորումներում և դրանց նյութական աջակցության այլ ձևերը: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Kristeligt Dagblad թերթին:

Դա կարող է վերաբերել փոխառություններին, նվերներին, վարկային երաշխիքներին, շենքերը վարձակալության տալուն, սարքավորումների կամ կահ-կարասու նվիրատվություններին, ինչպես նաև աշխատավարձին:

«Մենք չափազանց հիասթափված էինք մզկիթների կառուցման օրինակներից, որոնք ֆինանսավորվում էին արտասահմանից: Եվ ես վստահ եմ, որ օտարերկրյա նվիրատվությունների արգելքը կկասեցնի ապագայում դրամական միջոցների հոսքը»,- մեջբերում է թերթը Դանիայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Մարտին Հենրիկսենի խոսքը, որը արտաքին քաղաքականության հարցերի պատասխանատուն է:

Խոսքը հիմնականում Քաթարի և Թուրքիայի մասին է, որոնք ակտիվորեն ֆինանսապես աջակցում են Դանիայում գտնվող կրոնական միավորումներին և օգնում են նոր մզկիթների կառուցմանը: Կառավարությունը և Դանիայի ժողովրդական կուսակցությունը զբաղված են այժմ նոր օրենքի մշակմամբ, սակայն ինչ-որ սև ցուցակում որոշ երկրներ ընդգրկելու նրանց մտադրությունը հարուցում է մի շարք փորձագետների լուրջ կասկածները:

«Ակնհայտ է, որ Թուրքիայում դա կարող է ընկալվել որպես վիրավորանք և հավասար վերաբերմունքի բացակայության օրինակ»,- կարծում է Դանիայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Սեսիլիե Ֆելիսիա Ստոկհոլմ Բանկեն:

Մինչդեռ վերջին տարիներին Դանիայում թուրքական պետական ներդրումներվ մզկիթների կառուցման մի քանի դեպքեր են եղել: Մասնավորապես՝ Ռոսկիլդե և Հոլբեկ շրջաններում: Վերջին շրջանում նման ներդրումների ամենաքննարկված օրինակներից մեկը Քաթարի 100 մլն կրոնի (15,3 մլն դոլար) նվիրատվությունն էր Կոպենհագենում մեծ մզկիթ կառուցելու համար: Այն ստացել է «Համադա բին Խալիֆի քաղաքակրթական կենտրոն» անվանումը և իր դռները բացել է հավատացյալների համար 2014 թ.:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: