Հայերեն   English   Русский  

Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժում է երեք սրճարան


  
դիտումներ: 193

Երևանի Ազատության հրապարակին հարող հատվածի սրճարանները կառուցվել են ինքնակամ և չպետք է գործեն կանաչապատ տարածքների հաշվին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

«Ներկայումս Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժում է երեք սրճարան` «Անիվների վրա», «Համանվագ» և «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ներին պատկանող սրճարանները: Այս ամբողջը ինքնակամ կառույցներ են»,- ասաց Մնացականյանը:

Նա ընդգծեց, որ Երևանում կան հատվածներ, որոնք պետք է պահպանել. Ազատության հրապարակին, Կարապի լճին, Հանրապետության հրապարակին հարող և այլ տարածքներ:

«Իհարկե, սրճարանները նույնպես Երևանի կոլորիտային վայրերից են, բայց այս տարածքը, որն անմիջապես հարում է Օպերայի շենքին, պետք է բարեկարգվի: Այս հարցում չկան ոչ քաղաքական, ոչ անձնական, ոչ բիզնեսի նպատակներ»,- ասաց Մնացականյանը:

Ըստ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը խոչընդոտող սրճարանների տնօրենների հարցով զբաղվում է ոստիկանությունը:

«Կա Ոստիկանություն` մենք մեր աշխատանքը կիրականացնենք, ոստիկանությունը՝ իր աշխատանքը: Լույսը հիմա անջատել են, սպասում ենք, որ գեներատորները բերեն, որպեսզի շարունակենք մեր աշխատանքը»,- նշեց Մնացականյանը:

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ սկսվել է Ազատության հրապարակին հարող հատվածի սրճարանների ապամոնտաժման գործընթացը: Սրճարանների տնօրենները դեմ են հանդես եկելապամոնտաժմանը և պահանջում են համապատասխան փաստաթուղթ, որը կհաստատի, որտարածքների ապամոնտաժումն օրինական է, ինչպես նաև պահանջում ենքաղաքապետարանից թույլ տալ մինչև նոյեմբեր գործունեությունը շարունակել:

Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ տվյալ հատվածում քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: