Հայերեն   English   Русский  

Սերգեյ Վարդազարյան. «Հաղթանակը վստահություն է հաղորդում»


  
դիտումներ: 984

Վերջերս Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականի անդամ, 68 կգ քաշային Սերգեյ Վարդազարյանը Իրանում մասնակցեց միջազգային վարկանիշային 2 մրցաշարի:

Հայ մարզիկը Asian President's Cup 2019-ում զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ Fajr Open 2019-ում դարձավ հաղթող, ճանաչվեց լավագույն մարզիկ` միջազգային ասպարեզում նվաճելով առաջին ոսկե մեդալը:

Անկախի հետ զրույցում Սերգեյ Վարդազարյանը պատմում է նախապատրաստական աշխատանքների, մրցաշարից ստացած տպավորությունների, մարզչական աշխատանքի մասին` միաժամանակ անդրադառնալով թաեքվոնդոյում առկա խնդիրների և Հայաստանում մարզաձևի զարգացման հեռանկարների մասին:

-Շնորհավորում ենք Ձեզ Իրանի միջազգային մրցաշարերում տպավորիչ մենամարտեր անցկացնելու և մեդալներ նվաճելու կապակցությամբ:

- Շնորհակալ եմ: Ինձ համար կարևոր մրցաշարեր էին: Բավական երկար ժամանակ էի նախապատրաստվել` ծանրաբեռնված գրաֆիկով` մարզվելով և այլ ստուգատեսների մասնակցելով:
Դեռևս անցած տարվա հոկտեմբերին Փարիզում մասնակցեցի Paris open վարկանիշային մրցաշարի: Վիճակահանությունը շատ բարդ էր: Թեև 3 մենամարտում հաղթեցի, սակայն 4-րդում` մեդալի համար պայքարում պարտվեցի: Այնուհետև այս տարվա սկզբին`փետրվարին Թուրքիայում ևս 2 ստուգատեսի մասնակցեցի: Թեև մեդալ չհաջողվեց նվաճել, սակայն վարկանիշ ձեռք բերեցի:
Այդ մրցումներից հետո բավական փորձ ու վստահություն ձեռք բերեցի: Իրանի մրցաշարերում նախ բրոնզե, ապա` ոսկե մեդալ նվաճեցի: 3 մենամարտ անցկացրի` եզրափակչում Ղազախստանի ներկայացուցչին հաղթելով և ճանաչվելով նաև լավագույն մարզիկ:

-Ցանկացած հաղթանակ վստահություն է հաղորդում, միևնույն ժամանակ, պարտավորեցնում է: Ի՞ նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:


-Այս նվաճումն առանձնակի նշանակություն ունի ինձ համար, քանի որ առաջին ոսկե մեդալն է, որ նվաճեցի միջազգային մրցաշարում:

Սերգեյ Վարդազարյան

Երբ ոսկե մեդալ ես նվաճում, չես ցանկանում նշաձողն իջեցնել, չնայած որ սպորտում ամեն բան անկանխատեսելի է. չգիտես` մրցումների ընթացքն ինչպես կդասավորվի:

Վիճակահանությունը, տրմադրվածությունը շատ կարևոր են: Հաղթանակը վստահություն է հաղորդում, գիտակցում ես, որ կարող ես բոլորին հաղթել ճիշտ կազմակերպված պարապմունքների, մարզումների ու տրամադրվածության շնորհիվ. կարևոր է նաև սպորտային բախտը:
Արդնե վերսկսել եմ մարզումներս: Մայիսին Մանչեստրում մասնակցելու եմ աշխարհի առաջնությանը, որից առաջ մարզիչներ հետ կորոշենք` արժե արդյոք մասնակցել որևէ այլ վարկանիշային մրցաշարի, թե` ոչ:

-Մարզիկի համար անչափ կարևոր է փորձի ձեռքբերումը: Տեղյակ եմ, որ մրցաշարերին մասնակցում եք հիմնականում սեփական նախաձեռնոթյամբ:

-Շուրջ 4 տարի է մարզվում եմ Մոսկվայում և մրցաշարերին հիմնականում մասնակցում եմ իմ միջոցներով: Աշխատում եմ նաև որպես մարզիչ: Բոլորը զարմանում են, թե ինչպես եմ կարողանում համատեղել, քանի որ դժվար է մարզվել և միաժամանակ մարզել, պրոֆեսիոնալների հետ մրցել:
Երեխաների հետ, իհարկե, հաճելի է աշխատել: Երբ որևէ բան ես սովորեցնում ու տեսնում աշխատանքիդ արդյունքը, որ երեխան ընկալել է, մենամարտեր է հաղթում, հաջողության է հասնում, մեծ բավականություն ես ստանում:

Սակայն ես նաև աշխատում եմ կարիերայում հաջողության հասնելու համար, քանի որ մեր ֆեդերացիան դեռևս հնարավորություն չունի աջակցելու մարզիկներին: 3 մրցաշարի ես մասնակցեցի և կարողացա արդյունքի հասնել: Եթե չմասնակցեի, կարծում եմ հաջողություններ չէի գրանցի: Միայն աշխատասիրությունը շատ քիչ է: Հաջողության հասնելու համար ֆինանսական հնարավորություններ են պահանջվում: Մարզիկը պետք է տարվա մեջ գոնե մի քանի անգամ հնարավորություն ունենա մասնակցելու միջազգային վարկանիշային մրցումների, թե՛ վարկանիշը բարձրացնելու, թե՛ փորձի ձեռքբերման համար: Ընդամենը մի քանի ամիս չմարզվելու և չմասնակցելու դեպքում փորձը զրոյանում է:

Բացի այդ, եթե մարզիկն ունի վարկանիշ, վիճակահանությունն ավելի բարենպաստ է դասավորվում Եվրոպայի, աշխարհի առաջնություններում: Վարկանիշ ունեցող մարզիկները մասնակցում են «Գրան պրի» ֆորմատի մրցումների, որը տարվա մեջ 4 անգամ է անցկացվում:

Այս մրցաշարերից հետո ես վարկանիշ ձեռք բերեցի, արդյունքս բարելավեցի և մարզիկների դասակարգման աղյուսակում այժմ գտնվում եմ 50-55-րդ տեղերում: Ինձ հարկավոր է ևս 20-30 վարկանիշային միավոր, որպեսզի մասնակցեմ «Գրան պրի» մրցումներին, որտեղ պայքարում են օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար: Ցավոք, մեր երկրում դեռևս «Գրան պրի» մրցաշարերի մասնակից չունենք:

Ես փորձում եմ սեփական միջոցներով, ծնողներիս, ընկերներիս աջակցությամբ առաջ շարժվել, այլապես չեմ կարող հասնել նպատակներիս իրագործմանը: Տարվա մեջ մեկ կամ 2 մրցման մասնակցելով հնարավոր չէ հաջողության հասնել:

-Ցավալի է, երբ մարզիկը պարպմունքներից և մարզումներից բացի ստիպված է մտածել ֆինանսական հարցերի մասին:

Սերգեյ Վարդազարյան

-Ես տարբեր երկներից հրավերքներ եմ ստանում, որ հանդես գամ որպես սպարինգ զուգընկեր, և իրենց մարզիկն իմ միջոցով նախապատրաստվի օլիմպիական խաղերին: Եվրոպական երկրներում տեսնում եմ վերաբերմունքը մարզիկների նկատմամբ, թե մրացումներից առաջ ինչպիսի նպաստավոր պայմաններում են մարզվում, ինչ ճանապարհ են անցնում և միշտ մտածում եմ, որ այս ամենի առկայության դեպքում մեր մարզիկներն էլ կարող են լուրջ հաջողություններ գրանցել:

Մենք հասկանում ենք, որ մեր պետությունն առայժմ չունի այդ հնարավորությունները, ըմբռնումով ենք մոտենում և հույս ունենք, որ առաջիկայում ավելի լավ կլինի, ինչ-որ բաներ կփոխվեն: Բոլորս պետք է միահամուռ աշխատենք, քայլեր ձեռնարկենք թաեքվոնդոյի ֆեդերացիայում, որպեսզի առաջ շարժվենք: Իսկ եթե սկսենք դժգոհել, ապա ոչնչի չենք հասնի: Ես ինչ-որ չափով կարողնաում եմ ճանապարհ հարթել ինձ համար, սակայն հավաքականի մյուս տղաներն էլ աջակցության կարիք ունեն:

-4 տարի է, ինչ մարզվում եք Մոսկվայում: Հայաստանի համեմատ մարզաձևի զարգացման միտումներն ինչպիսի՞ ն են Ռուսաստանում:

-Ցավոք, թաեքվոնդոն Հայաստանում այնքան էլ տարածված չէ, շատերը տեղյակ չեն մարզաձևից, երբեմն համեմատում են ոչ օլիմպիական մարզաձևերի հետ: Ցավալի է, քանի որ ամբողջ աշխարհում թաեքվոնդոն հիմա վերելք է ապրում, օլիմպիական մարզաձև է և շատ զարգացած: Աշխարհի առաջնությանը 180 երկիր է մասնակցում: Ձյուդոյից հետո սա 2-րդ ցուցանիշն է:

Ռուսաստանում 10 տարի առաջ թաեքվոնդոյի մակարդակը Հայաստանից ցածր էր: Այս ընթացքում նրանք մեծ վերելք ապրեցին: Այժմ թաեքվոնդոն հավասար դիրքերում է ըմբշամարտի տեսակների հետ: Հայտնի մարզաձև է: Աշխարհի բազմաթիվ հավաքականներ ուզում են գալ և Ռուսաստանի հավաքականի հետ ուսումնամարզական հավաքներ անցկացնել: Նրանք արդեն սեփական դպրոցն ունեն, իսկ 10 տարի առաջ փորձի պակաս ունեին:
Ես, այդ միջավայրում լինելով, մշտապես ծանոթանում են նորություններին թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես մարզիկ:

Ցավոք, մենք զիջում ենք մյուս պետություններին, և մարզիկները հուսալքված հեռանում են` ապագա չտեսնելով:

Հայաստանում սիրողական մակարդակում երեխաները մարզվում են` մասնակցելով տեղական առաջնություններին ու մրցաշարերին: Այդ առումով մակարդակը բավարար է: Բայց Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու համար ֆինանսներ են հարկավոր: Կարծում եմ, որ համախմբված աշխատանքի դեպքում հնարավոր է հաջողության հասնել:

Հույս ունեմ, որ մեր երկրում մարզաձևը կհասնի բարձր մակարդակի, մենք կհաղթահարենք դժվարություները, միահամուռ կպայքարեն մարզաձևի զարգացման համար, որպեսզի պատանիները չանցնեն դժվարությունների միջով:

-Ձեր մարզաձևի յուրահատկությունների մասին կխոսե՞ք:

-Թաեքվոնդոյում հարվածների 70 տոկոսը ոտքով է կատարվում: Համեմատած մյուս մարզաձևերի, որտեղ նույնպես ոտքի տեխնիկա է օգտագործվում, ավելի գեղեցիկ ու դիտարժան են թռիչքային հարվածները, պտույտով հարվածները:

Մարզաձևի յուրահատկություններից մեկն էլ փիլիսոփայությունն է և երեխաների դաստիարակության վրա էական և կարևոր նշանակություն է ունենում` կյանքում հաստատվելու, ճիշտ կողմնորոշվելու, կարգապահության ձեռքբերման առումով: Երեխաները գաղափարապես հարստանում են, կարողանում են իենց ուժը, գիտելիքներն ու կարողությունները ճիշտ օգտագործել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: