Հայերեն   English   Русский  

Կոտայքի մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը բոլոր հարկատեսակների գծով զգալի աճ է արձանագրել


  
դիտումներ: 726

Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը բոլոր հարկատեսակների գծով 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին կատարվել է 136,8%-ով: Նախատեսված 449,586.8 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 615,091.4 հազար դրամ:

Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշների հետ (102,3%, կամ 479,290.5 հազար դրամ)՝ համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը (բոլոր հարկատեսակները միասին) տոկոսային հարաբերակցությամբ աճել է:

Սեփական եկամուտների առաջադրանքը հինգ հարկատեսակների գծով (հողի հարկ, գույքահարկ, տեղական տուրքեր, պետական տուրքեր, հողի և գույքի վարձակալության վարձավճարներ) 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին կատարվել է 140.5%-ով: Նախատեսված 303,144.1 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 426,001.1 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 102,3% կամ 213,188.7 հազար դրամի փոխարեն:

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին աղբահանության վճարների գծով առաջադրանքը կատարվել է 103,9%-ով: Նախատեսված 70,591.2 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 73,331.8 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 105,1% կամ 64,936.3 հազար դրամի փոխարեն:

Կարևոր է ընդգծել, որ մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը հիմնականում հինգ հարկատեսակների գծով աճել է շուրջ 2 անգամ:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձանագրված աճը պայմանավորել է մարզային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ և շարունակական փոխգործակցությամբ. մարզպետարանի ֆինանսատնտեսագիտական վարչության կողմից սահմանված լիազորությունների շրջանակում համայնքների ղեկավարների հետ նաև մասնագիտական, խորհրդատվական աշխատանքների արդյունքում է հաջողվել տեսանելի արդյունք արձանագրել:

Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ այս փոփոխությունները խոսում են կառավարության տարածքային քաղաքականության արդյունավետության բարձրացման մասին՝ ընդգծելով, որ այսուհետ ևս մարզային իշխանությունների կողմից սահմանված լիազորությունների շրջանակում մարզում տեղի ունեցող բոլոր գործընթացների շարունակական վերահսկողություն և ինտենսիվ համագործակցություն կլինի՝ առավելագույնս բացառելու խախտումները և պահպանելու օրինականությունն իրականացված ցանկացած աշխատանքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: