Հայերեն   English   Русский  

Նիկոլի համար պայքարել եմ, որ գա, հացիս վայիս լինի՞․․․


  
դիտումներ: 624

Քիչ առաջ ընդհատվեցին Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, տեխնիկան հեռացվեց, իսկ վաղվանից աշխատանքները կվերսկսվեն, որոնք, ըստ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ կշարունակվեն մոտ տասը օր։

Ապամոնտաժման աշխատանքները սկսվել էին առավոտյան։ Սրճարանատերերն ու աշխատակիցները փորձում էին խոչընդոտել, ոստիկանների ու քաղաքացիների միջև ժամանակ առ ժամանակ քաշքշուկ ու հրմշտոց էր առաջանում, ինչի հետևանքով մի քանի քաղաքացի մարմնական վնասվածքներ էր ստացել, 19 քաղաքացի էլ բերման էր ենթարկվել։

Օպերայի սրճարաններ

«Գոռացել եմ՝ Նիկո՛լ, պառկել եմ մեքենաների տակ, գոռացել եմ՝ դուխով, Նիկոլի համար պայքարել եմ, որ գա, հացիս վայիս լինի՞,-վրդովված ասում է «Շոկոլադնիցա» սրճարանի մատուցողուհիներից մեկը,-մի՛ քանդեք մեր սրճարանը ու չե՛ք քանդելու։ Պայքարելու ենք, ով ուզումա լինի, պայքարելու ենք մինչև վերջ»։

«Շոկոլադնիցա» սրճարանի մեկ ուրիշ աշխատող հավելում է․

«Վիկտոր Մնացականյանն ասումա՝ վսյո, 3 ամսից ձերն էլ ենք քանդելու։ Բայց ինքը ի՞նչ գիտի, գործը դատարանումա, ինքը դատավորա՞։ Էս թաղապետը սաղի տեղը որոշեց, ա՛յ մարդ»։

Վերջինս խոսքով՝ իրենց պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին, և այժմ Երևանի քաղաքապետարանը դիմել է դատարան պայմանագիրը չեղարկելու նպատակով։

«Ջազվե» սրճարանի աշխատակցուհին էլ ցույց է տալիս թևերի քերծվածքներն ու պատռված վերարկուն։

«Մենք աշխատակիցներով ներսում էինք, ոստիկանները եկան, մեզ ասացին՝ այս կողմից դուրս եկեք։ Ես հարցրեցի՝ կարելի՞ է ես մյուս կողմից դուրս գամ։ Ինձ քաշեցին, հրեցին, գցեցին գետնին,- Անկախ-ի հետ զրույցում պատմեց նա,-ինձ համար սակայն ավելի ցավալի է բարոյական վնասը, ոստիկանների նման վերաբերմունքը։ Նրանց չի կարելի անվանել ոստիկան, նրանք «միլիցիա» են, իսկ ոստիկանները հարգանքի են արժանի։ Ես բնիկ երևանցի եմ, ինձանից շատ ո՞վ է ուզում կանաչ տարածք ունենալ էս քաղաքում, բայց չէ՞ որ էսպես չի ընդունվում օրենքը, էսպես չի ընդունվում որոշումը, սա երկիր է, սա կառավարություն է, սա քաղաքապետարան է»։

Աշխատակցուհին կարծում է, որ նախ տարածքի մոտ 300 աշխատողներին պետք է տեղ առաջարկվեր։

«Լավ, ես կարող եմ գնալ այլ սրճարանում աշխատանք գտնել, բայց կան 50-ից բարձր կանայք, ովքեր

Օպերայի սրճարաններ

հաստատ երկու ամսում աշխատանք չեն գտնի, հնարավոր է, որ երբեք չգտնեն։ 70 աշխատող միայն «Ջազվեն ունի։ Էստեղ հիվանդ ծնող պահող մարդիկ կան, հիվանդ կանայք կան, ես ամեն օր էնքան պրոբլեմներ եմ լսում էս նրանցից։ Թող պարոն Մնացականյանը գա, լսի էդ մարդկանց պրոբլեմները։ Էս երկրում բոլորը միայն ճարտար խոսում են, բայց ոչ ոք չի աշխատում»։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ապամոնտաժման աշխատանքները շարունակվելու են․ «Զինվեք համբերությամբ և կտեսնեք, թե ինչ Երևան ենք ունենալու»։

Մնացականյանն ավելի վաղ հարցը քննարկել էր Երևանի քաղաքապետի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության և Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ, որի արդյունքում եկել են այն եզրակացության, որ աշխատանքները պետք է շարունակվեն։

Անկախ-ի դիտարկմանը, թե հնարավոր չէ՞ արդյոք այդ ամենն անել ավելի նուրբ մեթոդներով և ժամանակ տալով, Մնացականյանն ասաց․ «Ժամանակ տվել ենք։ Հեղափոխությունից հետո մենք փորձում ենք ստեղծել իրավական երկիր, և այստեղ շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը։ Մենք գտնում ենք, որ այս սրճարանները ստանում են գերշահույթներ, և որևէ մեկը խնդիր չունի ընտանիք պահելու։ Ավելին ասեմ՝ մենք սիրահոժար համաձայնել ենք, որ նրանք շարունակեն գործունեություն ծավալել զբոսայգու աղեղնաձև հատվածի աջ կողմում։ Մենք հաստատակամ ենք և ուզում ենք, որ օրինականությունը վերականգնվի։ Խնդիրն էստեղ միայն մեր քաղաքացիների անվտանգությունն է»։

Ինչ վերաբերում է գործազրկության խնդրին, Կենտրոնի ղեկավարն ասաց, որ Կասկադի և այլ տարածքների շատ սրճարանատերեր պատրաստակամություն են հայտնել սրճարանների աշխատակիցներին վերցնել աշխատանքի։

Օպերայի սրճարաններ

Ոստիկանների կողմից ուժի գործադրման հետ կապված՝ Մնացականյանն ասաց, որ որևէ բռնություն չի եղել, և ոստիկանները պատշաճ ձևով կատարել են իրենց պարտականությունները։

Վիկտոր Մնացականյանը լրագրողներին հորդորեց չօգտագործել «բռնություն» և «քանդել» բառերը։ «Սա բարեկարգում է, հարգելինե՛րս»,-ասաց նա,-արդարությունը վերականգնվում է։ Մենք Երևանին վերադարձնում ենք իր դեմքը»։

Իսկ թե ինչ է լինելու ապամոնտաժված սրճարանների տարածքում, Մնացականյանն ասաց․ «Կանաչապատում, ծառեր, ծաղիկներ։ Երբ Օպերան սկսել են կառուցել, այստեղ 50 տեսակի ծառ է եղել»։

Մնացականյանը նաև հայտնեց, որ Օղակաձև զբոսայգին նույնպես բարեկարգվելու է։

Ի դեպ, Օպերայի տարածքում բողոքի ցույցի մասնակիցներից բացի կային քաղաքացիներ, ովքեր եկել էին իրենց աջակցությունը հայտնելու Երևանի քաղաքապետարանի որոշմանը։

«Իմ մանկությունն այստեղ է անցել, այն ծառերի տակ, որ ժամանակին կային ու կտրվեցին։ Երևանը խիտ բնակեցված քաղաք է, և բոլորին պետք է թթվածնի իր բաժինը։ Ես այստեղ եմ ապրում, այստեղ օդ չկա շնչելու»,-ասաց տարածքի բնակիչներից տիկին Հասմիկը։

«Եթե մարդն օրինապաշտ է, նա մի ժամվա մեջ էլ կհավաքվի, կգնա, իսկ եթե ոչ, ինչքան էլ ժամանակ տաս, էլի չի բավարարելու»,-հավելեց մեկ այլ քաղաքացի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: