Հայերեն   English   Русский  

​Նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության


  
դիտումներ: 604

Մարտի 1-ի քրեական գործից անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով`

վարույթն իրականացնող մարմինն այդ մասին հայտնել է կողմերին և նրանց տրամադրել գործի նյութերը: Դրանից հետո զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար հրապարակվում են հիշյալ քրեական գործով նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Մասնավորապես, 2019թ.-ի մարտի 14-ին և 15-ին ՛՛Ժողովուրդ՛՛օրաթերթը հրապարակել է կամ, հենց հիշյալ լրատվամիջոցի բնորոշմամբ, օրաթերթի ՛՛ձեռքում են հայտնվել՛՛ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի և ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից որոշ հատվածներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն` քրեական գործի նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն (...) կազմելով: Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ մինչ նախաքննության ավարտը քրեական դատավարության կողմերը չեն կարող նախաքննական գաղտնիքը բացահայտող տեղեկություններ հրապարակել կամ փոխանցել այլ անձանց, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քանի որ, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի, առանց քննիչի, դատախազի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ քրեական գործին առնչվող նախաքննության տվյալները հրապարակելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

Վերոգրյալը հաշվի առնելով` լրատվամիջոցներին խնդրում ենք զերծ մնալ դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսքի արդյունքում ՛՛հասանելի՛՛ դարձած` նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: