Հայերեն   English   Русский  

Գլխի 6 վիրահատություն հաղթահարած Ալբերտը նոր կյանք է սկսում


  
դիտումներ: 1278

Հրազենային ծանր վիրավորում ստացած և գլխի 6 վիրահատության ենթարկված Ալբերտ Դալլաքյանն արդեն լավ է, գնում է համալսարան,

Զինվորի տանը անգլերեն է պարապում, տարբեր թերապիաներ է անցնում, սպորտով է զբաղվում, լոգոպետի հետ է աշխատում, կամաց-կամաց վերաինտեգրվում է բնականոն կյանքին, որը խաթարվել էր 2016 թվականի հունիսի 24-ին՝ ծառայակցի կողմից «զենքի հետ անզգույշ վարվելու» հետևանքով (պաշտոնական վարկածի համաձայն)։

«Ուզում եմ նախկին վիճակս վերականգնել»,-ասում է Ալբերտը։

Նախկին վիճակն այն էր, երբ նա Ռոստովի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի գերազանց ուսանող էր, բայց ուսումը կիսատ թողեց, ինքնակամ եկավ Հայաստան և անցավ ծառայության։ Երբ քաշը մոտ 80 կգ էր, բայց 26 օր կոմայի մեջ մնալուց հետո այնքան էր նիհարել, որ 3 տարում դեռևս 66 կգ-ն է վերականգնել։ Նախկին վիճակն այն էր, երբ ուներ բոլոր նախադրյալները լիարժեք ու հաջողակ կյանք կառուցելու, բայց սարսափելի դեպքից հետո ստիպված էր ամեն ինչ սկսել զրոյից, անգամ քայլելը, խոսելը, գրելն ու կարդալը։

Հիմա էլ խնդիրները լիարժեք չեն հաղթահարվել։ Համալսարանում, օրինակ, քննությունները պետք է բանավոր հանձնի։ Տեսողության որոշ խնդիրներ կան, գրավոր չի կարող։ Բայց անդադար պարապում է, չի հանձնվում։ Անգամ ինքնաթելադրություններ է գրում։ Ցույց է տալիս դրանցից մեկը, բարձրաձայն կարդում ու ծիծաղում ենք՝ Երևանի վերջին տոնածառի մասին է։

Ալբերտ Դալլաքյան

Չնայած բոլոր դժվարություններին՝ Ալբերտն արդեն ապագա պլաններ ունի։ Ուզում է աշխատել, բիզնես սկսել, որն առայժմ չի բարձրաձայնում։ Սովոր չի պասիվ ապրելակերպին, 13 տարեկանից աշխատել է։

Նախկինում, երբ հարցնում էի ապագայի մասին, ասում էր․ «Մինչև բոլոր վիրահատություններս չվերջացնեմ, նոր պլաններ չեմ կազմելու»։

Ինչ-որ տեղ ճիշտ էր։ Չէ՞ որ դրանք սովորական վիրահատություններ չէին, այլ կյանքի ու մահու կռիվ էին, որ ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, այլ նաև հրաշքով պսակվեցին հաջողությամբ։

Ալբերտի մայրը՝ տիկին Արմինեն, հիշում է՝ երբ հետաքրքրվում էին արտերկրում վիրահատության հարցերով, իրենց ասում էին, թե նման վիրահատության ռիսկ կվերցնել միայն աշխարհի ամենահեղինակավոր կլինիկաները։ Բայց նույնիսկ հեղինակավորները ռիսկի չգնացին։ Միակը Գերմանիայի Հայդելբերգի նյարդաբուժական կլինիկան էր, որ մեծ դժվարությամբ հանձն առավ վիրահատությունը, այն էլ՝ 3 փուլով։ Գերմանացի բժիշկների համար գլխուղեղի նման վնասվածքից հետո ողջ մնալն ուղղակի անհավատալի էր։ Իսկ մինչ այդ Ալբերտը 3 անգամ վիրահատվել էր Հայաստանում։

Ինչևէ, Գերմանիայում վիրահատությունները բարեհաջող անցան, և Ալբերտն այսօր այլևս կյանքի ու մահվան սահմանագծում չէ։ Տիկին Արմինեն Աստծուն փառք է տալիս և առիթը բաց չի թողնում իր երախտագիտությունը հայտնելու բոլոր նրանց, որոնց շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել Ալբերտի վիրահատությունները Գերմանիայում։

Չնայած Ալբերտն արդեն լավ է, բայց վիճակը կայուն պահելու և վերահսկելու համար անհրաժեշտ են տարեկան մի քանի հետազոտություններ, թանկարժեք դեղորայք, մեծ խնամք և ուշադրություն։

«Ես շնորհակալ եմ բոլորից, որ իմ տղան գոնե այս վիճակին հասել է։ Բայց արդարացի՞ է արդյոք, որ ես տղա մեծացնեմ՝ իմ տան հույս ու հավատ, իմ տան ապագա, իսկ այսօր երեսս թեքեմ, ինքնասիրությունս դնեմ մի կողմ ու սկսեմ գումար խնդրել»,-սրտնեղում է տիկին Արմինեն։

Բանն այն է, որ Ալբերտի վիճակը կայունացնող դեղերից միայն մեկը՝գերմանական «Վիմպատը», մոտ 350 եվրո արժե։ Այն բավարարում է 45 օր և Հայաստանում չկա, բերվում է դրսից, հատուկ դեղատոմսով։ Սա մի խնդիր է, որի հետ տիկին Արմինեն առնչվում է ամեն օր։

«Կամ ո՞վ է պարտավոր իմ հոգսերը հոգալ։ Բոլորն էլ աշխատում են, որ իրեն ընտանիքները պահեն, ոչ ոք պարտավոր չի իր բյուջեն պակասեցնել, որ իմ երեխու դեղն առնի»։

Ճիշտ է նկատում՝ դա միայն պետության պարտավորությունն է, քանի որ որդին վիրավորվել է բանակում։ Բայց պետությունը շատ պարտավորություններից է հրաժարվում հնարավորություն չունենալու պատճառաբանությամբ։

Արմինե Ղազարյան

Ամիսներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել էր զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն, որտեղ նաև Ալբերտն է հաճախում, տիկին Արմինեն անձամբ էր Փաշինյանին ուղղված նամակը հանձնել նրա կնոջը։ Ցավոք, մինչ օրս արձագանք չկա։

Դրանից հետո դիմել է կառավարություն։ Կառավարությունից նամակը վերահասցեագրվել է առողջապահության և պաշտպանության նախարարություններ։ Պատասխանը նույնն է՝ տվյալ դեղը ընդգրկված չէ պետության կողմից անվճար հատկացող դեղերի ցանկում, հետևաբար չի կարող տրամադրվել։ Առողջապահության նախարարությունից առաջարկել են փոխարինող դեղ։ Բայց ժամանակին փոխարինողը փորձել են, գիտեն, որ ոչ միայն չի օգնում, այլ մի բան էլ բացասաբար է ազդում։

«Սա միակ դեղն է, որ Ալբերտի վիճակը կարգավորում է։ Իրենց համար միգուցե իմ երեխան շարքային հիվանդ է, կարող են առաջարկել ամեն ինչ, բայց ինձ համար՝ իմ երեխան է։ Սարի պես տղուս տվել եմ Պաշտպանության բանակին, վերադարձրել են կիսամարդ, ո՞վ է պատասխանատու․․․»։

Մինչ օրս դեղը ձեռք է բերվել տարբեր բարերարների և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի աջակցությամբ։ Վերջին անգամ տիկին Արմինեն նախագահ Արմեն Սարգսյանին էր դեղի հարցով դիմել։ Մեկ տուփ էլ նրա շնորհիվ է ձեռք բերվել, կբավարարի մինչև հունիս։

Ալբերտի մայրը դիմել էր կառավարությանը՝ բարձրացնելով նաև այն հարցը, թե ինչո՞ւ իր որդուն այս վիճակին հասցրած վաշտի հրամանատարը մինչ օրս կոչումազրկված չէ, ըստ արժանվույն պատժված չէ և շարունակում է ծառայել զիհնված ուժերում։

«Պայմանական են տվել, ոչ մի օր չի նստել, հարսնացուի հետ գալիս-գնում էր դատերին կամ ընդհանրապես չէր գալիս։ Երբևէ չի էլ հետաքրքրվել Ալբերտի ճակատագրով։ Ո՞նց կարելի է նման մարդուն թողնել համակարգում։ Եթե մի անգամ նման բան արել է, ուրեմն ոչ գրագետ սպա է, վաղը մեկ ուրիշի նկատմամբ էլ կանի։ Իմ երեխու կյանքը խեղեց, մեր կյանքը բնականոն հունից շեղեց, մեզ գցեց դռնեդուռ, սարքեց մուրացկան, իսկ ինքը ուրախ-զվարթ ապրում է ու աշխատում, կարծես ոչինչ էլ չի եղել»։

Զինվորի մայրը չի ուզում, որ որևէ հայ մայր անցնի այն ամենի միջով, որ իրենք են անցել․․․


Կարդացեք նաև՝

«Ես արդեն ուժասպառ եմ, ո՞րն է մեր մեղքը»․ հաշմանդամ զինվորի մայրը հոգնել է խնդրելուց

Գերմանացի վիրաբույժները Ալբերտի ողջ մնալը հրաշք են համարել. երկրորդ հրաշքն էլ իրենք են գործել

Ալբերտ Դալլաքյանը պայքարում է կյանքի համար, դասակի հրամանատարը՝ վայելում կյանքը

Վերածնված զինվորը և կյանքը՝ զրոյից





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: