Հայերեն   English   Русский  

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կեղծ թթվասեր է հայտնաբերել


  
դիտումներ: 663

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են «Պարգև» ՍՊԸ-ի արտադրած «Աշտարակ կաթ» ապրանքանիշի 18% յուղայնությամբ թթվասերի հսկիչ գնում Երևանի իրացման կետերից:

Վերահսկողության ընթացքում ձեռք բերված թթվասերի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն պարունակում է բուսական յուղ: Այս մասին Այս մասին Անկախին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Որպես ահազանգ ընդունելով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում բարձրաձայնված խնդիրը՝ կապված թթվասերների բաղադրության հետ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են «Պարգև» ՍՊԸ-ի կողմից 13.03.2019թ արտադրված «Աշտարակ կաթ» ապրանքանիշի 18% յուղայնությամբ թթվասերի հսկիչ գնում Երևանի իրացման կետերից: Վերահսկողության ընթացքում ձեռք բերված թթվասերի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն պարունակում է բուսական յուղ:

Ըստ այդմ՝ տվյալ ապրանքատեսակը չի համապատասխանում Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին և ոչ թե թթվասեր է, այլ կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի, տվյալ ապրանքատեսակը համարվում է կեղծված սննդամթերք:

Կեղծված է համարվում այն սննդամթերքը`

  • որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,
  • որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,
  • որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,
  • որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին,
  • որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առևտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույլտվություն ձեռք բերելու:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ:

Այս պահին պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացվում թթվասերի շուկայում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: