Հայերեն   English   Русский  

Անուշ Գրիգորյան. «Հաղթանակը վստահություն է հաղորդում»


  
դիտումներ: 963

Վլադիկավկազում կայացած բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադարձավ մեկ ոսկե, մեկ արծաթե, 2 բրոնզե մեդալով։

Մրցաշարի ընթացքում փայլուն հանդես գալով և պատվաբեր հաղթանակներ տոնելով` Եվրոպայի չեմպիոնի սպասված տիտղոսը նվաճեց 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնուհին կիսվում է տպավորություններվ` նշելով, որ անչափ ուրախ է ու հպարտ, որ կարողացել է ոսկե մեդալ նվաճել:


-Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Վերելքով անցկացրիք առաջնությունը և նվաճեցիք չեմպիոնի կոչումը: Ինչպե ՞ս էիք նախապատրաստվել:


-Շնորհակալ եմ: Ստուգատեսից առաջ հավաքականով ուժային և տեխնիկատակտիկական ուսումնամարզական հավաքների էի մասնակցել`Վահան Ադիլխանյանի, Ռուդիկ Մկրտչյանի և Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Մարզիչների շնորհիվ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական հրաշալի նախապատրաստական շրջան էինք անցել և կարողացանք մեր ներուժն օգտագործել: Հայաստանի հավաքականը հաջող հանդես եկավ` նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Նշեմ, որ մարզիչները մեծ ներդրում ունեն մեր հաջողություններում ու հաղթանակներում. 5 մեդալ նվաճեցինք` թիմային պայքարում 38 երկրների մեջ 5-րդ տեղը զբաղեցնելով, ինչն իսկապես մեծ ձեռքբերում է:


-Բռնցքամարտն անհատական մարզաձև է, սակայն Դուք ոգևորված նշեցիք նաև թիմի հաջողությունների մասին: Նկատելի է, որ հավաքականում տիրում է համերաշխ և միասնական մթնոլորտ:


- Իսկապես բռնցքամարտն անհատական մարզաձև է: Ինչպես ասում է մեր մարզիչը, կռվողը մարզիկն է, և ոչ մեկը մեր փոխարեն դուրս չի կարող դուրս գալ ռինգ ու մենամարտել, սակայն փաստ է, որ մենք թիմային ոգով մասնակցեցինք առաջնությանը և հաջողություն գրանցեցինք: Ուրախ եմ, որ միասնական թիմ ունենք: Մեդալը միայն իմը չէ, այլ ողջ թիմինն է: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել թիմի բժիշկ Հարութ Պրազյաին և հոգեբան Անժելա Բարխուդարյանին մասնագիտական աջակցության համար:


Անուշ Գրիգորյան 2019

-Միջազգային մրցաշարում ոսկե մեդալը երկար սպասված էր: Մրցաշարից առաջ ինչպե՞ս էիք տրամադրվել:


-Յուրաքանչյուր մրցման մասնակցում եմ միայն ու միայն հաղթելու համար: Այս մեդալը, իրոք, երկար սպասված էր: Վնասվածքից հետո երկար ժամանակ պահանջվեց վերականգնման համար:
Առաջնայինն ինձ համար մեդալի նվաճումն էր: Առաջին հաղթանակից հետո ոգևորվեցի, մարզիչներն էլ հավատ ներշնչեցին, որ կարող եմ հաղթել: Հավատացի ինքս ինձ ու իմ ուժերին, և ամեն բան ստացվեց:
Հաղթանակը վստահություն է հաղորդում, միևնույն ժամանակ, պատասխանատվությունն է մեծանում` հետագայում ձեռք բերածը պահպանելու և նորանոր հաջողություններ գրանցելու համար: Այժմ օլիմպավանում մասնակցում եմ ուսումնամարզական հավաքի: Ապրիլի 10-14-ը Գերմանիայում մասնակցելու եմ միջազգային մրցաշարի:


-Ինչի՞ մասին էիք մտածում, երբ հաղթեցիք ու կանգնեցիք պատվո հարթակի առաջին աստիճանին:


-Այդ պահին միայն ու միայն մտածում էի ծնողներիս մասին: Դժվար պահերին, վնասվածքների ժամանակ նրանք են ինձ հետ եղել ու աջակցել ամեն կերպ: Եղել են պահեր, որ կասկածի տակ է դրվել կարիերաս, բայց նրանց հետ հաղթահարել եմ դժվարությունները, երբեք չեմ հանձնվել, հավատացել եմ սեփական ուժերիս ու հասել եմ արդյունքի:


- Հայրենիքում Ձեզ մեծ շուքով դիմավորեցին: Ձեր հաղթանակը մեծ ուրախություն և տոն պարգևեց մեր հայրենակիցներին:


-Մեզ եկել էին դիմավորելու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները, ընկերները, բարեկամները, հարազատներն ու երկրպագուները: Ոգևորվում եմ, երբ տեսնում ես մարդկանց ուրախությունը: Ապրումներս խոսքով չեմ կարող նկարագրել:

-Չնայած երիտասարդ տարիքին` սպորտով զբաղվելու տարիների փորձ, բազմաթիվ նվաճումներ ունեք: Ի՞ նչ է հարկավոր հաջողության հասնելու համար:


-Հարկավոր է քիչ խոսել և շատ գործել: Հաջողության հասնելու համար մարզիկը պետք է գործի դնի բոլոր կարողություններն ու հնարավորությունները, հետևի մարզիչների խորհուրդներին և կատարի բոլոր հրահանգները: Աշխատանքի, նվիրվածության դեպքում հաջողությունը սպասեցնել չի տա:


-Ընթացքի մեջ գարնանային մեկամսյակն է. սիրով շնորհավորում ենք Ձեզ.


-Շնորհակալ եմ: Մայրիկիս, տատիկիս, քույրիկներիս գլխավորությամբ շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին` ցանկանալով, ամենակարևորը, առողջություն: Թող բոլորն իրենց պատկերացրած երջանկությունն ունենան և միշտ ժպտան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: