Հայերեն   English   Русский  

​«Ո՛չ հայ կլինեի, ո՛չ ռուս․․․»․ վերադարձ 11 տարի անց


  
դիտումներ: 8601

Աստղիկ Դավթյանը 3 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Դոնի Ռոստով։ Բայց տասնմեկ տարի անց հայրը որոշեց, որ իր երեխաները պետք է շարունակեն ապրել Հայաստանում։

2010 թվականին նրանք վերադարձան Երևան․ «Հայրս մտածեց, որ մենք շատ ենք Հայաստանից կտրվել, Հայաստանը մոռացել ենք, հայերեն համարյա չենք խոսում և որոշեց, որ պետք է վերադառնանք»։

Աստղիկը երախտապարտ է հորը այդ որոշման համար։ Նույնիսկ չի ուզում պատկերացնել, թե ինչպիսին կլիներ իր կյանքը, եթե մնար Ռուսաստանում։

«Ինձ թվում է՝ ես ոչ հայ կլինեի, ոչ ռուս։ Միգուցե լինեի պրիմիտիվ մտածողությամբ մի մարդ ու ինձ երբեք լիարժեք չէի զգա, ինչպես զգում եմ Հայաստանում»։

Հայաստանն ուրիշ է՝ ասում է։ Իսկ այդ «ուրիշը» բառերով նկարագրել հեշտ չէ, դա պետք է զգալ։ Մինչ մտքում ու հոգում եղածը պատմելու համար փորձում է ճիշտ բառեր գտնել, աչքերի փայլն ամեն ինչ ասում է։

«Այստեղ մարդիկ ուրիշ են, վերաբերմունքն ուրիշ է, չգիտեմ՝ ինչ-որ բան կա, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի։ Երևի դա հենց հայրենիքն է»։

Հայաստանի առավելություններն Աստղիկի համար այնքան շատ են, որ նույնիսկ չի ուզում համեմատել Ռուսաստանի հետ։

«Երբ եկանք Հայաստան, հենց առաջին տարին հայրս որոշեց ամառային արձակուրդներին մեզ տանել Ռոստով, ինքը էնտեղ էր շարունակում մնալ ու աշխատել։ Հիշում եմ՝ ես լացում էի, չէի ուզում նույնիսկ մեկ-երկու ամսով գնալ»։

Հայաստան տեղափոխվելուց հետո Աստղիկն ուսումը շարունակում է Ալ․ Բլոկի անվան ռուսական թեքումով դպրոցում, քանի որ հայերեն գրել-կարդալ լավ չգիտեր։ Այնուհետև ընդունվում է Եվրոպական քոլեջ, որից հետո՝ Բրյուսով, տուրիզմի բաժին։ Չորրորդ կուրս է հասել, բայց այդպես էլ տուրիզմն իրենը չի համարում։ Ավարտելուն պես կրթությունը կսկսի զրոյից, արդեն նախասիրության հետքերով։

Աստղիկ Դավթյան

«Ես արվեստի հետ կապված մարդ եմ։ Նկարում եմ, շարֆեր եմ գործում, զարդեր եմ պատրաստում, մի խոսքով սիրում եմ ստեղծագործել»,-ասում է։

Ստեղծագործությունները չի վաճառում, միայն նվիրում է։ Արվեստի ջիղն էլ է համարում հայրենադարձության արդյունք։ Ասում է՝ եթե մնար Ռուսաստանում, հաստատ չէր ստեղծագործի։

«Իրականում դրսում ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Ես ինձ միշտ էլ օտար էի զգում, հիմա էլ, որ երբեմն գնում եմ, էլի օտար եմ զգում։ Իսկ այստեղ ինձ զգում եմ որպես քաղաքի մի մասնիկ»։

Աստղիկը կարծում է, որ Հայաստանի երիտասարդությունը նույնպես տարբերվում է դրսի երիտասարդությունից։

«Այստեղի հետաքրքրություններն ուրիշ են, երիտասարդներն ավելի լավ բաների են ձգտում, ավելի հետաքրքրասեր են ու նախաձեռնող»։

Զարմանում է, որ մարդիկ անդադար բողոքում են, թե այսինչ բանը չի ստացվում, այնինչ բանը չի ստացվում ու մեղադրում են երկրին։ «Միգուցե իրենք են մեղավոր, ոչ թե երկիրը։ Միգուցե իրենք ճիշտ գործ չեն ընտրել, լավ չեն կազմակերպել կամ էլ ուղղակի համապատասխան գիտելիքներ չունեն։ Չի կարող ամեն ինչ երկրից լինել»։

Աստղիկ Դավթյան

Եթե գնալ արտերկիր, ապա մի պայմանով՝ վերադառնալու։ Ասում է՝ միգուցե արվեստի ուղղությամբ կրթություն ստանալու նպատակով մեկնի Սանկտ Պետերբուրգ։

Հայաստանը Աստղիկի համար միայն Երևանը չէ, նա երբեմն արշավների է մեկնում ու շատ է սիրում հեռավոր գյուղերն ու լեռները։ Ճիշտ է՝ երբեմն ցավոտ է գյուղական կյանքը ներսից տեսնելը, բայց խոստովանում է, որ կուզեր, օրինակ, Դիլիջանում ապրել։ «Մեր գյուղերն անտեսված են, ամեն ինչ կենտրոնացած է Երևանում, բայց մարդիկ գյուղերում ավելի լավն են, դրսից եկածին այնպես են դիմավորում, ասես հազար տարվա ծանոթներ լինեք»։

Պատրաստ է ապրել հայկական հեռավոր գյուղում, բայց ոչ օտարության մեջ, թեկուզ դա լինի աշխարհի կենտրոնը։ Առհասարակ, կա երկու բան, որ Աստղիկը ոչ մի կերպ չի պատկերացնում՝ օտարության մեջ ապրելն ու օտարի հետ ամուսնանալը։

«Դրսում չկա մի բան, որը հնարավոր չէ գտնել Հայաստանում։ Եթե անգամ մարդիկ գնում են, մեկ է՝ Հայաստանը մնալու է իրենց հայրենիքը, որտեղ նրանք միշտ սիրված ու սպասված են լինելու․․․»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: