Հայերեն   English   Русский  

​Հայտնի են առաջին երկու երիտասարդ գիտնականները, որոնք կստանան Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ


  
դիտումներ: 812

Գիտահետազոտական դրամաշնորհները տրամադրվում են երիտասարդ գիտնականներ Աննա Ալեքսանյանին եւ Արման Խաչատրյանին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հպարտ է հայտարարել, որ Աննա Ալեքսանյանը և Արման Խաչատրյանն առաջին երկու երիտասարդ գիտնականներն են, որոնք կստանան Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ (գիտահետազոտական դրամաշնորհներ):

Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակային ծրագրի (գիտահետազոտական դրամաշնորհներ) մասին «Ավրորան» հայտարարեց 2018-ի աշնանը: Այն օժանդակում է երիտասարդ գիտնականներին եւ հետազոտողներին՝ հատկապես պատմության եւ հասարակագիտության ոլորտի, որոնք ուսումնասիրում են Հայաստանի XX դարի պատմության չուսումնասիրված էջերը:

Գիտնականների նոր սերունդը ներկայացնող առաջին երկու պատմաբանները, որոնք ստանում են այս դրամաշնորհն, իրենց գիտական ուղին սկսել են Երեւանի պետական համալսարանից: Աննա Ալեքսանյանը եւ Արման Խաչատրյանն ուսումնասիրում են XX դարի վաղ շրջանի իրարից շատ տարբեր դրվագներ:

Ըստ ներկայացրած հայտի՝ Աննա Ալեքսանյանը կուսումնասիրի Հայոց ցեղասպանության գենդերային կողմը, մասնավորապես, թե ինչպես էին հայ կանայք թիրախավորվում Օսմանյան կայսրությունում, Ցեղասպանությունն իրագործողների կողմից ենթարկվում ֆիզիկական եւ սեռական բռնության, ինչպես նաեւստրկության եւ անմարդկային այլ նվաստացումների:

«Ինձ համար պատիվ է աջակցություն ստանալ այնպիսի կազմակերպությունից, որն Ավրորայի անունն է կրում: Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակն ինձ հնարավորություն կտա լույս սփռել Ավրորայի ճակատագիրն ունեցած հազարավոր այլ կանանց պատմությունների վրա, որոնք արժանի են ուսումնասիրության», - ասաց Աննա Ալեքսանյանը՝ վերհիշելով Ավրորա Մարդիգանյանին՝ երիտասարդ մի աղջկա, որը որբացավ Ցեղասպանության ժամանակ, հալածվեց եւ, ի վերջո, հասավ Միացյալ Նահանգներ, որպեսզի մարմնավորեր ինքն իրեն՝ նկարահանելով ֆիլմ եւ ներկայացնելով սեփական կյանքի պատմությունը:

Աննա Ալեքսանյանն իր դոկտորական ատենախոսությունն է պատրաստում Մասաչուսեթսի Քլարք համալսարանի Հոլոքոստի եւ ցեղասպանագիտության Շտրասլեր կենտրոնում:

Արման Խաչատրյանի հետազոտությունն անդրադառնում է Երուսաղեմի հայոց պատրիարքությանգործունեությանը 1909-1949թթ.-ին՝ որպես ազգային հոգեւոր կենտրոն, ներառելով ուշ շրջանի օսմանական եւ բրիտանական կառավարման, ինչպես նաեւ Իսրայելի կազմավորման առաջին տարիները:

«Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը նոր հեռանկար է բացել իմ առաջ՝ հնարավորություն տալով իրագործել իմ նպատակը եւ հրատարակել մենագրություն՝ այդպես իմ համեստ նպաստը բերելով հայագիտության զարգացմանը»,- ասաց Արման Խաչատրյանը, որն իր դոկտորական ատենախոսության վրա է աշխատում Իսրայելի Բեն Գուրիոնի անվան համալսարանում:

«Անկասկած, կրթաթոշակային այս ծրագիրը կօգնի հայ պատմաբաններին ավելի մեծ խորությամբ ուսումնասիրել Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաները: Գիտահետազոտական այս դրամաշնորհները կնպաստեն հայագիտության զարգացմանը ոչ միայն հայկական գիտական շրջանակներում, այլեւ համաշխարհային մակարդակում»,- նկատեց Այոնա քոլեջի պատմագիտության ավագ պրոֆեսոր, Ընտրող խորհրդի անդամ Ջորջ Բուռնությանը:

Գիտահետազոտական առաջին դրամաշնորհների համար ստացվել էր 18 հայտ, որոնցից ընտրվել էին Ալեքսանյանի եւ Խաչատրյանի առաջարկները: Որոշում կայացնելիս հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում այն թեմաների վրա, որոնք նոր խոսք ու մոտեցում են հայագիտության ոլորտում:


«Սա հիանալի հնարավորություն է եւ ֆինանսական աջակցություն երիտասարդ գիտնականների եւ հետազոտողների համար՝ կատարելու ամբողջական եւ համապարփակ հետազոտություն, օգտվելով բազմալեզու աղբյուրներից, հայաստանյան եւ արտասահմանյան արխիվներից: Այս ծրագիրը կխթանի նաեւ հայագիտության զարգացումն՝ ամրապնդելով եւ խորացնելով համագործակցությունը Հայաստանի եւ միջազգային գիտահետազոտական կենտրոնների միջեւ»,- ընդգծեց Ընտրող խորհրդի անդամ Լեւոն Չուգասզյանը:

Կրթաթոշակային ծրագիրն ամեն տարի կտրամադրի մինչեւ երկու դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 30.000 ԱՄՆ դոլար: Առաջին տարին կրթաթոշակը տրամադրվում է մինչեւ 35 տարեկան հայաստանաբնակ գիտնականներին եւ հետազոտողներին: Հաջորդ տարիներին ծրագիրը կընդլայնվի՝ ներառելով նաեւ Հայաստանից դուրս գտնվող գիտնականների:

***

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ամբողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանիմարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իրմարդասիրականգործունեության փորձառությամբ,սփռելուէ «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն`իգործ» ուղերձն աշխարհով մեկ եւ համախմբելու բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

Ավելին՝ www.auroraprize.com





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: