Հայերեն   English   Русский  

​Մարդը բարձրագույն արժեք. Հասմիկ Սարգսյանին 2 տարի փորձաշրջան է նշանակվել


  
դիտումներ: 859

Այսօր Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Հասմիկ Սարգսյանին 2 տարի փորձաշրջան նշանակել: Դեռ 2018 թվականի մարտից քննարկումների առիթ էր դարձել վերջինիս գործով դատավճիռը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի սեպտեմբերի 9-ի վճռով 10000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով Հասմիկ Սարգսյանը 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտվել: Մինչ այդ Հասմիկ Սարգսյանը 2015 թվականին մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և վերջնական պատիժը 4 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկումը դատարանը փոխարինել էր երկու տարի փորձաշրջանով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն: Հենց այդ փորձաշրջանի ընթացքում էլ Հասմիկը կատարել էր վերը նշված գողությունը, ինչի պատճառով դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Հասմիկ Սարգսյան

Շատերը կարծում էին, որ այս որոշումը անարդարցի է, քանի որ վերջինս գտնվում էր սոցիալապես անապահով վիճակում, երեք անչափահաս երեխա ուներ իր խնամքի տակ, որդին գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ և Հասմիկը բազմիցս նշել էր, որ ստիպված է գնացել այդ քայլին, քանի որ երեխաներն անգամ ուտելու հաց չունեին: 2018 թվականի դեկտեմբերին Հասմիկ Սարգսյանի տղայի զինակից ընկերները նույնիսկ բաց նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ընդառաջել և թույլ չտալ, որ ազատազրկեն իրենց ընկերոջ մորը:Բողոքարկումները բերեցին մինչև Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանի որոշումը Հասմիկ Սարգսյանին 2 տարի փորձաշրջան նշանակելու մասին վերջինիս փաստաբաններն ու մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները իսկապես արդար վճիռ են համարում, որով ևս մեկ անգամ ապացուցվեց, որ մարդը բարձրագույն արժեք է:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: