Հայերեն   English   Русский  

​Կամ գործ չունես, կամ՝ իրավունք


  
դիտումներ: 323

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն: Այցը ավելի շատ աղմուկ հանեց և դարձավ քննարկումների առիթ այն բանից հետո,

երբ վարչապետը մաքսատան սենյակներից մեկում անխնամ վիճակում տեսնելով ՀՀ դրոշը, հրամայեց այդ սենյակում աշխատողներին աշխատանքից ազատման դիմում ներկայացնել: Հրահանգից հետո ավտոմաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանը, իսկ արդեն երեկ՝ ապրիլի 11-ին մաքսատան պետ Հայկ Միրզոյանը ներկայացրել են ազատման դիմումներ:

Մարդու իրավունքներով զբաղվողները, քաղաքական գործիչները, իրավաբանները քննադատորեն են մոտենում ստեղծված իրավիճակին: Ըստ նրանց՝ գործադիր իշխանության ղեկավարը չարաշահել է իր լիազորությունները:

«Եթե օրենքի տեսանկյունից դիտարկենք գործադիր իշխանության ղեկավարի լիազորությունները, ապա միանշանակ կարող ենք ասել, որ ո´չ բանավոր, ո´չ գրավոր ձևով վարչապետը իրավունք չուներ աշխատանքից ազատման հրահանգ տալ մաքսատան աշխատակցին»,-ասաց «Տեմպուս» սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Տիրուհի Նազարեթյանը:

Ըստ նրա՝ հնարավոր էր այլ կերպ պատժել դրոշը անարգողներին: ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածով օրհներգը, դրոշը և զինանշանը ամրագրված են ՀՀ խորհրդանիշեր, և դրանից է բխում ՀՀ քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը դրանց անարգման համար, ինչից էլ, Նազարեթյանի կարծիքով, կարելի էր օգտվել՝ աշխատակիցներին օրենքի դաշտում պատժելիս: Չի գործել նաև ՀՀ Մաքսային օրենսգիրքը, որով նման դեպքերում հնարավոր էր սահմանափակվել աշխատակցի կոչումը իջեցնելով:

ասուլիս,էլինար

Ըստ իրավապաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանի՝ մեր երկրում նման խնդիրների ենք առնչվում սոցիալական վատ պայմանների, գործազրկության բարձր մակարդակի, աշխատողների կողմից իրենց իրավունքներին ու պարտականություններին չտիրապետելու պատճառով:

«Ժողովրդավարական և իրավական պետություն դառնալու համար նախ և առաջ պետք է յուրաքանչյուր գործողություն բխեցնել օրենքից: Այսօր մեր հասարակությունը, այդ թվում նաև տարբեր ոլորտներում աշխատողները, բավարար չափով իրազեկված չեն իրենց իրավունքների, պարտականությունների վերաբերյալ: Եվ թերևս դա է պատճառներից մեկը, որ մարդիկ ցանկանում են ինչ-որ բաների վրա աչք փակել, ենթարկվել գործատուներին, բայց չզրկվել աշխատանքից: Հայաստանում կամ մարդիկ գործ չունեն, կամ գործ ունեն, իրավունքներ չունեն: Գործատուն պետք է հասկանա, որ իր մոտ աշխատողները ստրուկներ չեն, նրանք պարզապես ծառայություն են մատուցում գումարի դիմաց»,-նշում է Էլինար Վարդանյանը:

Ըստ իրավապաշտպանների՝ այն մարդիկ, ովքեր փորձում են իրավական եղանակով հասնել իրենց շահերի պաշտպանության, ստիպված են երկարատև քաշքշուկների մեջ ընկնել: Բացի այդ՝ պրակտիկայում մեր դատարանները շարունակում են իրավիճակային գործել, և հարց է արդյո՞ք մաքսատան աշխատակիցը կկարողանար պաշտպանել իր աշխատանքային իրավունքները իրավական ճանապարհով:

« APR Group» հետազոտման կենտրոնի նախագահ, աշխատանքային իրավունքների և արհմիությունների հարցերով հետազոտող Ռուբեն Սարգսյանը անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ իր մտահոգություններն է հայտնում՝ կապված Հայաստանում արհմիությունների աշխատանքի հետ:

«Հայաստանում փաստացի արհմիությունները չեն գործում: Մաքսատան աշխատակցի աշխատանքից ազատվելու հետ կապված ընդամենը մեկ արհմիություն հայտարարություն էր տարածել ու վերջ: Չնայած նախկինում՝ ԽՍՀՄ-ի տարիներին,արհմիությունները պետական կառույցների կողմից ուղորդվող հաստատություններ էին, սակայն այսօր պետք է որպես օրինակ վերցնել եվրոպական երկրները և փորձել բարելավել դաշտը: Այսօր արհմիությունները չեն պայքարում, քանի որ չունեն ռեսուրս, բայց այդ ռեսուրսին հասնելու համար ևս պետք է պայքարել, և ի վերջո ստեղծել կոլեկտիվ պաշտպանություն»,-ասաց Ռուբեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Նորագավիթի մաքսատան դեպքի հետ կապված ֆեյսբուքյան հայտարարությամբ էր հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որում ասել էր, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ, և եթե պետք լինի պատրաստ է աշխատանքից ազատել տասնյակ հազարավորների:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: