Հայերեն   English   Русский  

Յուրի Ալեքսանյան. «Լրագրությունն աչքի պես պարզ, աչքի պես բարդ բնագավառ է»


  
դիտումներ: 1118

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանը վերջերս հանրությանը ներկայացրեց իր հեղինակած «Մարզական լրագրողի հուշերից» գիրքը, որը մարզական լրագրության ոլորտում հեղինակի երկար տարիների աշխատանքի արդյունքն է:

Գիրքը ոչ միայն հարուստ ու բովանդակալից հուշապատում է օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների, առհասարակ մարզաշխարհի և նրա ներկայացուցիչների մասին, այլև, իրավամբ, հրաշալի ուղեցույց է երիտասարդ լրագրողների համար:

Անկախի հետ զրույցում Յուրի Ալեքսանյանը պատմում է գրքի մտահղացման, բովանդակության ու նպատակի մասին՝ միաժամանակ անդրադառնալով մարզական լրագրության արդի խնդիրներին:

- Տարբեր առիթներով նկատել եմ` բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ապագա լրագրողները հաճախ չեն ճանաչել օլիմպիական չեմպիոններին: Երիտասարդներից շատերը չգիտեն մեր անվանի մարզիկներին: Ցավալի է, բայց օլիմպիական չեմպիոնների մասին խոսելիս նշում են Արթուր Աբրահամի, Վիկ Դարչինյանի, Հենոյի, ինչպես իրենք են ասում, անունները:

Միևնույն ժամանակ, նպատակս է եղել ներկայացնել մեր չեմպիոններին ոչ թե իրենց նվաճումներով, այլ որպես մարդ, թե ինչպիսին են կյանքում, առօրյայում:

Բոլորը գիտեն, որ Վլադիմիր Ենգիբարյանն օլիպիական խաղերի չեմպիոն է, ինչ-որ չափով ծանոթ են ռինգում նրա տեխնիկատակտիկական գործելաոճին: Սակայն շատ քչերը գիտեն, թե ինչպիսի մարդ է նա կյանքում: Ես ներկայացրել եմ մարզիկներին իրենց բնավորության գծերով, իրենց լավ ու բարի կողմերով:

Յուրի Ալեքսանյան 2019

- Գիրքը բաղկացած է երեք մասից՝ «Չեմպիոններ», «Վաստակաշատ երախտավորներ», «Խճանկար»: Կպատմե՞ք դրանց մասին:

-Ընթերցողների նախասիրությունները տարբեր են: Թղթին եմ հանձնել այն, ինչ կհետաքրքրի նրանց: «Չեմպիոններ», «Վաստակաշատ երախտավորներ» մասերում ներկայացրել եմ ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող մեր մարզիկների մարզական նվաճումները, այլև նրանց մարդ տեսակը:

«Խճանկարում» ներառված են հայրենական սպորտի զրագացմանը խթանող հոդվածներ, որոշ դեպքերում էլ, որպես լրագրող, իմ օրինակներն եմ բերել փաստերով, քննադատական մտքերով:

Աշխատածս տարիների լրագրողական փորձը մեծ է, այնքան շատ բան եմ տեսել, որ թղթին հանձնել անգամ հնարավոր չէ: Գրքում ընդգրկված են հիմնակնում իմ նյութերն ու հիշողությունները: Երբ որևէ մեկի ասածն եմ գրել, անպայման նշել եմ անունը՝ ամեն ինչ փաստերով ներկայացնելով:

-Ուրախալի է, որ Ձեր գրքի հրատարակմամբ մարզական լրագրությունը նոր համալրում ստացավ:

-Լրագրությունն աչքի պես պարզ է և, միաժամանակ,աչքի պես բարդ բնագավառ է, որտեղ ամեն բառ իր տեղում պետք է լինի: Ճիշտ մտածողություն է հարկավոր: Լրագրողը չպետք է ինքնագովեստով չզբաղվի: Ես երբեք չեմ ասել, թե ինչ եմ արել: Դա ընթերցողի գործն է՝ տեսնել և հասկանալ: Երիտասարդները մի քանի տող գրում են և կարծում, որ արդեն ամեն ինչ գիտեն ու իրենց պրոֆեսիոնալ են համարում: Շատ հաճախ փոքր, մի քանի տողով տեղեկատվություններ են տալիս բազմաթիվ սխալներով, բառերի կրկնությամբ, մտքի սխալ շարադասությամբ:

-Ձեր անունն անքակտելիորեն կապված է Հայաստանի մարզական լրագրության պատմության հետ. ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել ներկայիս լրագրությունը:

-Բնածին օժտվածները, շնորհալիները շատ-շատ են: Ես բախտ եմ ունեցել մարզական լրագրության լավագույն դպրոցն անցնել, աշակերտել վարպետների, մինչդեռ այսօր երիտասարդ լրագրողներն այդ բախտին չեն արժանանում: Աշխատել եմ «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթում, որը Հայաստանի բոլոր ժամանակների մարզական լրագրության թիվ 1 համալսարանն է: Թերթը տպվել է շուրջ 387.000 տպաքանակով և դեռ վաճառքի դուրս չեկած՝ սպառվել է կրպակներում: Բազմաթիվ թերթեր էին հրատարակվում Հայաստանում, բայց «Հայաստանի ֆիզկուլտուրնիկն» ամենից պահանջվածն էր, բազամթիվ ընթերցողներ, մեծ ճանաչում ու տարածում ուներ:

Կցնականայի, որ ներկայիս երիտասարդ լրագրողներն էլ նմանատիպ դպրոց անցնեին, փորձ ձեռք բերեին: Չափազանց ինքնավստահությունը երբեմն կարող է խանգարել: Նրանք կարծում են՝ ամեն ինչ գիտեն, ոչնչից չեն վախենում: Նշեմ, սակայն, որ անգամ չեմպիոնները մրցումներից առաջ նախամեկնարկային տենդ են ունենում: Երիտասարդներին պետք է դասվանդեն փորձառու մասնագետները: Տեղեկատվություն բոլորն էլ կարող են տալ, սակայն հարկավոր է ոլորտին ու նրբություններին խորությամբ ծանոթ լինել, շարունակ սովորել ու կատարելագործվել:

-Պարո՛ն Ալեքսանյան, Ձեր մասնագիտական հուշերը մեկ գրքում ամփոփել հնարավոր չէ. գիրքը կունենա՞ շարունակություն:

-Կարծում եմ՝ այո՛: Աշխատանքներն արդեն սկսված են։

-Ովքե՞ր կլինեն երկրորդ գրքի հերոսները:

-Նպատակս մեկն է՝ հնարավորինս անդրադառնալ և ներկայացնել մեր բոլոր նշանավոր մարզիկներին, մարզաշխարհի ներկայացուցիչներին, մարզիչներին, հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներին՝ նրանց միջոցով նպաստելով երիտասարդների ֆիզիկական ինքնակատարելագործման, նպատակասլացության, մարդասիրության որակների ձևավորմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: