Հայերեն   English   Русский  

Լիդիան Արմենիայի իրավաբանական բաժնի ղեկավար Խորեն Նասիբյանի պարզաբանումը


  
դիտումներ: 434

Քանի որ հoգուտ Լիդիանի ՀՀ վարչական դատարանի որոշումը տարբեր անհիմն մեկնաբանությունների է ենթարկվել, հարկ եմ համարում պարզաբանել:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ պահանջելով պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնել Լիդիանի սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները՝ տվյալ դեպքում Լիդիանի սեփականությունը հանդիսացող տարածք ներխուժումը: Խոսքը ոչ միայն Լիդիանի տարածքում ցուցարարների կողմից տեղադրված տնակների, այլև Ամուլսարի ճանապարհները փակած անձանց և նրանց կողմից Լիդիանի սեփականության իրավունքի իրացման՝ այն է՝ Ամուլսարի տարածք մուտքի, ինչպես նաև որպես դրա հետևանք՝ աշխատանքների իրականացման խոչընդոտների վերացման մասին է:

Սա ավելի քան հստակ է, ինչը արտացոլված է նաև Դատարանի դիրքորոշման մեջ: Դատարանը եզրահանգել է.

«Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք»:

Դատարանն արձանագրում է, որ «...Անձանց կողմից հողամասի տարածք առանց թույլտվության մուտք գործելը եղել է ապօրինի և համարվում է ներխուժում»: Ոչ մի տարընթերցման տեղիք այս նախադասությունը չի տալիս:

Շարունակեմ մեջբերել դատական ակտից․

«Ինչ վերաբերում է պատասխանողի այն փաստարկներին, որ վերոնշյալ անձանց կողմից տվյալ հողամասի տարածք մուտք գործելը հանդիսացել է վերջինններիս կողմից իրենց` խաղաղ հավաքների իրականացման իրավունքի իրացում, ապա Դատարանն արձանագրում է, որ անգամ նշված հիմքի առկայության դեպքում էլ վերջիններիս կողմից Ընկերությանը պատկանող տարածքից դուրս գալուց հրաժարվելը չի կարող համարվել օրինաչափ, քանի որ դրանով խախտվում են Ընկերությանը պատկանող սեփականության անձեռնմխելիության, այդ թվում՝ սեփականությունից անարգել օգտվելու իրավունքը»: Այստեղ ևս ակնհայտ է, որ դատարանն արձանագրել է, որ Լիդիանն իրավունք ունի շարունակել իր գործունեությունը՝ իր տարածում և ցուցարարների կողմից դրա խոչընդոտումը ապօրինի է և համարվում է ներխուժում:

Հարկ է ուշադրություն դարձնել «սեփականությունից անարգել օգտվելու իրավունք» ձևակերպմանը: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են:
Դատարանը նաև հստակ անդրադարձել է «հավաքների անցկացման իրավունքի» փաստարկին, արձանագրելով. «Հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում` մասնավոր սեփականություն հանդիսացող վայրում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության առկայության»:

«Դատարանը եզրահանգում է, որ մի խումբ անձանց կողմից Ընկերությանն օրինական հիմքերով պատկանող տարածքում գտնվելը համարվում է ներխուժում, ուստի Ընկերության հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման»: Ինչպես տեսնում ենք, խոսքը ոչ միայն տնակների, ինչպես փորձում են մեկնաբանել ապօրինություն իրականացնող անձինք, այլ հենց մի խումբ անձանց այդ տարածքում՝ Ամուլսարի ճանապարհին գտնվելը ներխուժում համարելու մասին է:

Ամեն ինչ առավել քան պարզ և հստակ է: Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի և բավարարել է Լիդիանի հայցը: Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ: Խոսքը Լիդիանին պատկանող տարածք, այդ թվում՝ ճանապարհներ ներխուժում կատարած անձանց մասին է, ինչպես նաև շատ հստակ ու աներկբա՝ ընկերության սեփականությունից անարգել օգտվելու, տվյալ դեպքում՝ Ամուլսարի տարածք անարգել մուտք գործելու և այդ տարածքում անարգել աշխատելու մասին է:

Դատարանի որոշումն առկա է Datalex.am կայքում և ցանկացողները կարող են այն կարդալ ու համոզվել:

Խորեն Նասիբյան
«Լիդիան Արմենիայի» իրավաբանակն բաժնի ղեկավար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: