Հայերեն   English   Русский  

«Որ լավ ծանրութեթև անեք, գուցե հակառակ հրահանգ իջեցնեք»․ ԲՀԿ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին


  
դիտումներ: 235

Ազգային ժողովի ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ապրիլի 14-ին բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով ուսումնասիրել Նորագավիթի մաքսատան աշխատողի անցյալը, որն իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր Փաշինյանի՝ մաքսատուն կատարած այցից հետո։

Գևորգ Պետրոսյանի բաց նամակում մասնավորապես ասված է.

«Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին...

Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը և, եթե պարզվի, որ նա եղել է իր բուն գործառույթների գիտակ և կարգապահ ծառայող, նույնքան անշրջանցելի ցուցում տալ՝ աշխատողին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ...

Մի կողմ թողնենք այն, որ նման աշխատասենյակներում Դրոշի պահպանման որոշակի կարգ սահմանված չէ, հետևաբար՝ Դրոշի վիճակի համար լավագույնս կարելի է դատել բարոյական պարտականության տեսանկյունից...

Բա ու՞ր է մնում երաշխավորված աշխատանքի իրավունքը, որպիսին ապահովելն իրեն սոցիալական հռչակող ցանկացած պետության իրավական պարտականությունն է։ Բա ու՞ր է մնում աշխատողի ընտանիքի անդամների, այդ թվում՝ ամենից առաջ՝ անչափահաս երեխա(ներ)ի գոյապահպանման շահը...

Մտածեք, Փաշինյա՛ն, տեսեք, արդյո՞ք, Ձեր կողքին չկան

Դրոշի պատիվն անարգող կամ դրա արժեքը չգիտակցող յուրայիններ, և նրանք ինչո՞վ են առավել աշխատանքից անհիմն ազատված հայտնի երիտասարդից...

Որ լավ ծանրութեթև անեք, գուցե հակառակ հրահանգ իջեցնեք, որով հնարավորություն կտաք և´ ուղղել աշխատողի սխալը (եթե այն կա), և´ ցրել Ձեր հասցեին ձևավորված այն մեղադրանքը, որ Դուք դա արել եք՝ հանուն <<քայլած>> ապիկարներին կարող դարձնելու մտադրության կամ դմփ-դմփ-հու-ով աչքի ընկած մի հայցվորի աշխատանքով ապահովելու պարտքի կատարման...»

Բաց նամակին արձագանքել է վարչապետը՝ ասելով, որ եթե այսպես շարունակվի, հաջորդ բաց նամակը լինելու է այն մասին, որ խախտվել են Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները, քանի որ Սահմանադրության համաձայն վարչապետ ընտրվելուց մեկ տարի հետո վարչապետը պաշտոնանկության ենթակա չէ:

«Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ: Ուղակի ես ունեմ իմ դիրքորոշումը, որ նման մարդիկ չպետք է աշխատեն: Պետական արժեքների պահպանությանն ուղղված ոչ մի գործողություն ավելի արդյունավետ չի աշխատել, քան այդ օրվա իմ հորդորը, տարբեր աղբյուրներից ես տեղեկանում եմ, որ նույն օրը տարբեր պետական կառույցներում մարդիկ իրենց միջոցներով սկսել են կարգի բերել դրոշները: Ինչ վերաբերում է աշխատանքի իրավունքին, ապա պետք է նշենք, որ լավ մասնագետը Հայաստանում առանց գործ չի մնա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: