Հայերեն   English   Русский  

​Երբ օրենքն ու իրավապահը անզոր են գյումրեցի ''պարկովշչիկի'' դեմ, լուսանկարներ


  
դիտումներ: 1686

Հաշվի առնելով Գյումրի քաղաքում բնակչության սոցիալական մակարդակը 2015 թվականին ավագանին որոշում կայացրեց Գյումրիում բոլոր ավտոկայանատեղիները դարձնել անվճար,

2017 թվականի հունիսի 20-ի դատարանի վճռով էլ վաղաժամ լուծարվեցին Գյումրու կենտրոնական հատվածներում կառուցապատման իրավունքով Տարոն Գասպարյանի հետ կնքված պայմանագրերը: Գասպարյանը մի շարք բանուկ փողոցներում կազմակերպելու էր ավտոկայանատեղիներ, որի համար էլ վարորդները վճարում էին:

Սակայն, ավագանու որոշումից և դատական վճռից հետո էլ Գյումրու մի քանի փողոցներում, որտեղ մեքենաների շարժը մեծ է, դեռ կան մարդկ, ովքեր մեքենաների կայանման համար գումարներ են հավաքում: Սա գյումրեցիների մոտ զայրույթ է առաջացրել, նրանք նույնիսկ դիմել են ոստիկաններին.

- Խնդրում եմ ձեզ, մի օր, քաղաքացիական հագուստով, ձեր անձնական մեքենայով, փորձեք կայանատեղի փնտրել քաղաքի կենտրոնական հատվածներում: Ձեզ կմոտենան որոշակի ինքնությունը չպարզված մարդիկ և ձեզանից գումար կուզեն: Ու՞ր են գնում այդ գումարները, - ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալին են գյումրեցիները հարցն ուղղել:

- Քաղաքապետարանը մի քանի անգամ գրություն է ուղարկել, 6-7 նյութ է նախապատրաստվել, ուղարկվել է հարկային ծառայություն, - ի պատասխան ասել է վարչության պետի տեղակալը:

- Բայց փաստն այն է, որ այդ մարդիկ էսօր էլի շարունակում են նույնը, ինչու՞: Ուրեմն ոստիկանությունն այդքան անզոր է մեր քաղաքու՞մ, - հարցնում են գյումրեցիները:

ավտոկայանատեղիներ

Հիմնականում քաղաքի կենտրոնական փողոցների հատվածները, մոտ 10 պայմանագիր, տրվել էր Տարոն Գասպարյանին, կառուցապատման իրավունքով: Այս, սակայն, Տարոն Գասպարյանն այդ փողոցների հետ որևէ առնչություն չունի, տարածքները համարվում են համայնքային սեփականություն: Գյումրու քաղաքապետարանը փորձել է մի շարք միջոցառումներ ձեռնարկեց գումար հավաքողներից ձերբազատվելու համար: Գյումրու ավագանու դեռևս 2015 թվականի դետեմբերի 17-ի թիվ 202-Ն որոշման համաձայն, կայանատեղիները Գյումրի քաղաքում որոշվեց դարձնել անվճար: Որից հետո լրատվամիջոցներով պարբերաբար հայտարարություններ են եղել այդ մասին՝ քաղաքացիներին իրազեկելու նպատակով:
- Նաև մեծ ցուցանակներ են փակցվել փողոցների բանուկ մասերում, բոլոր ռիսկային գոտիներիում էլ առանձին ցուցանակներ են փակցվել, որպեսզի քաղաքացին մեքենան կայանելիս տեսնի, որ անվճար է: Սակայն քաղաքի մի քանի փողոցներում մեքենաները կայանելու համար վարորդներից շարունակում են գումար վերցնել, - ասում է Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը:
Այսպես ասած ''գումար հավաքողները'' նախկինում Տարոն Գասպարյանի մոտ աշխատողներն են, որոնք իրենց աշխատանքից չեն ուզում հրաժարվել: Գյումրու փոխքաղաքապետը նշում է՝ մինչ ավագանու որոշումն էլ ավտոկայանատեղիներից հավաքագրված գումարները համայնքային բյուջե չեն մուտքագրվել:

- Մենք ամեն տարի, տարին 2-3 անգամ համապատասխան գրություններով դիմում ենք իրավապահ մարմիններին, միջոցներ ձեռնարկեն նշված անձանց կողմից տևական ժամանակ ավտոտրանսպորտային միջոցների վարորդներից ավտոմեքենաների կայանելու համար խաբեությամբ գումար վերցնելու դեպքերը դադարեցնելու նպատակով: Մենք մեր լիազորությունների սահմաններում բոլոր գործողությունները կատարել ենք, բայց դա արդյունք չի տալիս, ապօրինությունները չեն կանխվում: Անձանց հակաօրինական գործողությունները իրականացվում են բացահայտ ձևով, ինչն էլ համայնքի բնակիչների արդարացի դժգոհության պատճառ է հանդիսանում, - ասում է փոխքաղաքապետը:

ավտոկայանատեղիներ

Նմանաբովանդակ պաշտոնական գրություններ են ուղարկվել ինչպես ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, այնպես էլ ոստիկանության Կումայրի բաժին: Հավելենք, որ Գյումրու կենտրոնական հրապարակի երկու հատվածներում, և հրապարակին կից Շահումյան փողոցում և Հաղթանակի պողոտայում մեքենաները կայանելու համար գումար հավաքող քաղաքացիներն ամեն օր պարտաճանաչորեն առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը ''աշխատանքի'' են գալիս: Նրանք վարորդներից գումար են պահանջում, եթե վարորդն էլ սխալվի ու մատնացույց անի, որ կայանելը Գյումրիում անվճար է, ապա հայհոյանքների մի ամբողջ շտեմարան են թափում վարորդի գլխին:

Նրանք բոլորն անհատ քաղաքացիներն են, ոչ մի ձեռնարկատիրական գործունեություն այնտեղ ծավելվել չի կարող, ասում է Վաղարշակ Մխիթարյանը, նրանք ապօրինի գործունեություն են ծավալում, որի դեմ պետք է իրավապահ մարմինները միջոցներ ձեռք առնեն:
Քաղաքացուց խաբեությամբ գումար վերցնելը քրեական հանցագործություն է, բայց ոստիկանների աշխատանքը բարդացնող հանգամանք էլ կա.

- Գումարի չափն է շատ քիչ, 100 դրամ է մի քաղաքացու հետ կապված: Իրավական տեսանկյունից պետք է կոմպլեքս մոտեցում ցուցաբերվի, մի քանի օր պարբերաբար գործընթացը պետք է իրավապահ մարմինները ֆիքսեն, դրա հանրագումարն արդեն մեծ թիվ կդառնա, օրինակ մեկ ամսվա կտրվածքով: Ոստիկանները նույնիսկ հարկային մարմիններին են դիմել, փոխանցել այդ անձանց տվյալները, որպեսզի հաշվարվեն նրանց կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պատճառված վնասը: Կանչել են, բացատրել, նախազգուշացրել, ցուցմունքներ վերցրել, - մանրամասնում է Վաղարշակ Մխիթարյանը:

Քաղաքապետարանն էլ է փորձել այս անձանց հետ ընդհանուր հայտարարի գալ, նույնիսկ նրանց այլ աշխատանք է առաջարկվել, որպեսզի չզրկվեն հաց վաստակելու հնարավորությունից, բայց հրաժարվել են.

- Ես անձամբ եմ մի քանի անգամ նրանց հրավիրել, հանդիպել հետները, բացատրել, առաջարկել, ասել են կմտածենք՝ կպատասխանենք, բայց նույնը շարունակում են:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: