Հայերեն   English   Русский  

​Երբ տանը չեղած տեղից կռիվ է ընկնում


  
դիտումներ: 354

Աշխարհի այն քաղաքը, որը, հանրահայտ գրողի ճշգրիտ բնորոշմամբ, իսկական տոն է, տոն և՛ մշտապես ապրողի, և՛ թեկուզ մեկ անգամ այցելածի համար, երեկ համայն աշխարհի հայացքը ողբերգությամբ էր հառել իր վրա:

Աչքներիս առաջ այրվում էր Փարիզի և առհասարակ համաշխարհային մշակույթի խորհրդանիշներից մեկը: Հիմա և ավաղ տևական ժամանակ Փարիզի հետ կապված ամեն մի ակնարկ կամ հիշողություն զուգորդվելու է ափսոսանքով ու թախիծով:

Կարծում էինք, թե խորապես հասկանում ենք, թե ինչ բան է «համամարդկային արժեք» ասվածը, տեղի ու անտեղի մեջ էինք բերում այդ հասկացությունը, բայց երեկ, ինչպես անցյալի պատմության շատ ուրիշ դեպքերում, դա պարզապես զգացինք, ինչպես ասում են, մաշկի վրա, զգացինք սրտի ցավով, այնպես, ինչպես, Աստված մի արասցե, դա պատահեր մեր գանձերից մեկի հետ: Գիտակցելն ու հասկանալն ուրիշ է, զգալը՝ սարսափելի:

Հիմա, անկասկած, յուրաքանչյուր ոք հարց է տալիս ինքն իրեն՝ ինչո՞ւ, ինչպե՞ս, ինչո՞ւ հիմա, պատահականությո՞ւն էր դա, թե՞…

Հետաքննությունը սկսված է արդեն, մասնագետները, բնականաբար, դեռ երկար կփնտրեն այս հարցերի պատասխանները, գուցե և գտնեն, գուցե և պարզվի, որ պատճառն իրոք պարզ պատահականությունն է կամ ոմանց անփութությունը: Միևնույն է, ավելի մեծ թվով մարդիկ՝ խորհրդապաշտները, նախապաշարումների պատանդներն ու դավադրությունների տեսության սիրահարները, հազար ու մի մեկնաբանություն են տալու ճակատագրի դասերի, նույնիսկ երկնքից իջած ազդանշանների ու աշխարհաքաղաքական ստորջրյա խութերի մասին:

Ինչ էլ որ լինի, հայերիս մեջ տարեց, կենսափորձ ունեցող մարդիկ մի իմաստուն խոսք ունեն՝ «երբ տանը չեղած տեղից անհաշտություն ու կռիվ է ընկնում, այդ տունն անպայման մեծ կորուստ կամ անմեղ զոհ է ունենում»: Այս գաղափարը որոշ մասնագետներ բացատրում են բացասական էներգիայի կուտակմամբ, որը տևականության և կրիտիկական չափի հասնելու դեպքում հղի է դառնում անկանխատեսելի հետևանքներով: Նույն ժողովրդական խոսքով ասած՝ դա մի տեղ պիտի պայթի կամ դուրս պիտի սպրդի:

Եվ պայթեց: Փաստ է՝ արդեն չորս ամսից ավելի է, ինչ Փարիզում իշխում էր այդ չարաբաստիկ բացասական էներգիան, արդեն 22-րդ անգամ հազարավոր մարդիկ հավաքվում էին Փարիզի փողոցներում ու բողոքի ցույցեր անում, որոնք սկզբում հարկերի բարձրացման դեմ էին, հետագայում՝ առհասարակ իշխանությունների դեմ, և ամենակարևորը՝ ուղեկցվում էին ավերածություններով: Այս ամիսների ընթացքում երկրի իրավապահ մարմինների բոլոր ուժերը կենտրոնացած էին Փարիզի այն հատվածներում, որտեղ հավաքվում էին ցուցարարները: Պաշտպանում էին Հաղթական կամարի, Ելիսեյան դաշտերի, Էյֆելյան աշտարակի շրջակայքը և այլ վայրեր՝ չկռահելով, որ վերահաս աղետը միանգամայն անսպասելի է լինելու, անսպասելի տեղ և անսպասելի պատճառով:

Եվ փաստ է, որ որքան դժվար էր երկրի կառավարության համար չբարձրացնել վառելիքի հարկերը, նվազեցնել ապրանքների գները և բարձրացնել աշխատավարձերը, հիմա շատ ավելի դժվար է լինելու:

Որքան էլ հեռու լինես միստիկայից, չես կարող հարց չտալ՝ արդյոք պատահականությո՞ւն էր, որ երկրի նախագահ Մակրոնը գնում էր հեռուստատեսություն՝ իր ուղերձը հղելու ընդվզողներին, բայց դրա փոխարեն հայտնվեց Փարիզի Աստվածամոր տաճարի կրակի լեզուների առաջ: Հետաքրքիր է՝ ի՛նչ կարգախոսներով են «դեղին ժիլետները» դուրս գալու առաջիկա 23-րդ շաբաթ օրը, ի՛նչ պահանջներով:

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: