Հայերեն   English   Русский  

Փարիզի Աստվածամոր տաճար․ մարդկության նվաճումն ու անկումը


  
դիտումներ: 2423

Փարիզի Աստվածամոր տաճար կամ Նոտր Դամ․ համաշխարհային գոհարներից մեկը, որտեղ տարեկան շուրջ 14 միլիոն զբոսաշրջիկ է այցելում, և որը մի քանի ժամում իր վրա սևեռեց ողջ աշխարհի ուշադրությունը։

Ե՞րբ և ո՞վ է նախաձեռնել հանրահայտ տաճարի կառուցումը

1163 թվականին Փարիզի սրտում՝ Սիտե կղզու արևելյան մասում, սկսվեց աշխարհի հոյակերտ տաճարներից մեկի՝ Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցումը, որը տևեց մոտ 2 դար, մինչև 1345 թվականը։

Տաճարի կառուցումը նախաձեռնել էր Մորիս դը Սյուլլին, որը 1160 թվականից Փարիզի եպիսկոպոսն էր։ Մորիս դը Սյուլլին հայտնի էր իբրև աստվածաբանության պրոֆեսոր և գերազանց քարոզիչ։ Իր եպիսկոպոսության տարիներին նա լայնածավալ շինարարական գործունեություն է ծավալել Փարիզում։

Ըստ տեղեկությունների՝ տաճարի տեղում եղել է Փարիզի առաջին քրիստոնեական եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոսի բազիլիկը, որն էլ իր հերթին կառուցվել է գալա-հռոմեական Յուպիտեր աստծու տաճարի հիմքի վրա։ Սակայն երկու եկեղեցիները գրեթե քայքայված են եղել, և հենց դա է եղել պատճառը, որ որոշել են եկեղեցին կառուցել հենց այդ վայրում։

Փարիզի Աստվածամոր տաճար

Ասում են՝ տաճարն այնքան մեծ են կառուցել, որպեսզի այնտեղ տեղավորվի Փարիզի ողջ բնակչությունը, որն այդ ժամանակ մոտ տասը հազար էր։ Եվ իսկապես տաճարը մոտ տասը հազար մարդ կարող էր ընդունել։

Միջին դարերում տաճարը կատարյալ Աստվածաշունչ է ծառայել բոլոր նրանց համար, ովքեր կարդալ չգիտեին․ քրիստոնեության ողջ պատմությունը կարելի էր տեսնել կառույցը զարդարող բազմաթիվ քանդակների վրա։

Աստվածամոր տաճարում էր պահվում նաև քրիստոնեական ամենաարժեքավոր մասունքներից մեկը՝ Քրիստոսի փշե պսակը։

Տաճարի կառուցման վաղ շրջանը 1163-1250 թվականներն են։

Եկեղեցու հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1163 թվականին։ Առաջին հիմնաքարը դրել է Հռոմի Պապ Ալեքսանդր III-ը, որը 1163 թ․ մարտի 24-25-ը գտնվում էր Փարիզում։ Սակայն տաճարի շինարարական աշխատանքներն ավելի վաղ են սկսվել։

1240 թվականին ավարտվել է հարավային զանգակատան կառուցումը, 1250-ին՝ հյուսիսային աշտարակի կառուցումը։

Փարիզի Աստվածամոր տաճար

Տաճարի կառուցման երկրորդ շրջանը 1250-1351 թվականներն են։ Արևմտյան ճակատի և աշտարակների կառուցումն ավարտվել է XIII դարի երկրորդ քառորդին։

Նոտր-Դամի գլխավոր երկու ճարտարապետներն են Ժան դը Շելը, որը տաճարի կառուցման վրա աշխատել է 1250-1265 թթ․ և Պիեռ դը Մոնթրեյը, որը տաճարի կառուցման աշխատանքները ղեկավարել է 1250-1267 թթ․։ Տաճարի կառուցմանը շատ այլ ճարտարապետներ էլ են մասնակցել, որի վկայությունն են արևմտյան հատվածի և աշտարակների տարբերվող ոճն ու բարձրությունը։

Աշտարակների կառուցումն ավարտվել է 1245 թ․, իսկ 1315-ին ավարտվել է ներքին հարդարանքը։ Ամբողջ տաճարի կառուցումն ավարտին է հասել 1345 թվականին։ 1351 թվականին ավարտվել է տաճարի ցանկապատի կառուցումը։

Այս հիմնական աշխատանքներից հետո, կարելի է ասել, տաճարն անձեռնմխելի է եղել մինչև 18-րդ դարը։ Սակայն ի երախտագիտություն Սուրբ կույս Մարիամի՝ 23-ամյա անպտուղ ամուսնությունից հետո Ֆրանսիայի թագուհի Աննա Ավստրիացուն հղիություն պարգևելու, թագավորական խոստման համաձայն Փարիզի տաճարը նոր գլխավոր խորան և զարդաքանդակներ է ստացել։

Փարիզի Աստվածամոր տաճար

Տաճարի մուտքը բաղկացած է երեք կամարներից։ Միջնամասի կամարը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուս Քրիստոսը, որի երկու կողմերում առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։ Վերևում Բիբլիական թագավորներն են։ Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ։

1708-1725 թվականներին ճարտարապետ Ռոբերտ դե Կոտը փոփոխություններ է կատարել տաճարի ներսում։

Ֆրանսիական հեղափոխության ընթացքում՝ 1789-1799 թթ․, տաճարը մեծ վնասներ է կրել։ 1793 թվականին Ֆրանսիայի ազգային կոնվենտը հայտարարել է, որ բոլոր թագավորությունների խորհրդանիշները պետք է ջնջվեն երկրի երեսից, որից հետո հեղափոխության կարկառուն ներկայացուցիչ Մաքսիմիլիան Ռոբեսպիերն անձամբ է հրամայել գլխատել տաճարը զարդարող «քարե թագավորներին»։

Բարբարոսական ոտնձգություններից հետո՝ 1802 թվականին, տաճարը եկեղեցուն է վերադարձվել և կրկին սրբացվել։

Փարիզի Աստվածամոր տաճար

1804 թվականի մայիսի 28-ին, երբ Նապոլեոն Բոնապարտն իրեն հռչակեց կայսր, նույն թվականի դեկտեմբերի 2-ին Փարիզի Աստվածամոր տաճարում կնոջ՝ Ժոզեֆինայի հետ թագադրվեց։

Սակայն տաճարը ծանր վիճակում էր։ Այն կանգնած էր փլուզման վտանգի առաջ։

1831 թ. Վիկտոր Հյուգոն հրատարակեց է իր հանրահայտ վեպը՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը»՝ նախաբանում գրելով․ «Իմ գլխավոր նպատակներից մեկն է ժողովրդին ոգեշնչել սեր դեպի մեր ճարտարապետությունը»:

Եվ իսկապես, ստեղծագործության հրապարակումից հետո կառույցի հանրաճանաչությունը վերածնվում է:

1841 թ․ ճարտարապետ Վիոլե լը Դյուկի ղեկավարությամբ սկսում են տաճարի վերակառուցումը։ Վերականգնում են քանդակները, կոտրված արձանները փոխարինվում են նորերով, կառուցվում է նոր սայրաձող։ Այդ ամենը տևում է մոտ 23 տարի։

1963 թվականի սկզբին տաճարի ճակատային հատվածը մաքրում են ծխից ու մրից՝ վերականգնելով իրական գույնը: Տաճարի մաքրման և վերականգնման մեկ այլ գործընթաց էլ տեղի է ունեցել 1991-2000 թվականներին։

Փարիզի Աստվածամոր տաճար

2013 թվականին մեծ շուքով նշվել է Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցման 850-ամյակը։ Հոբելյանի առթիվ տաճարի համար ևս 9 նոր զանգեր են ստեղծվել, որի ընդհանուր արժեքը մոտ 2 միլիոն եվրո է գնահատվում։ Հոբելյանի առթիվ բազմաթիվ հոգևոր և մշակութային միջոցառումներ են անցկացվել։

2013 թ․ մայիսի 21-ին ֆրանսիացի գրող, հրապարակախոս Դոմինիկ Վենները Փարիզի Աստվածամոր տաճարի խորանի մոտ ինքնասպան է եղել՝ հանուն ազգային արժեքների և ինքնության պահպանման։

Փարիզի Աստվածամոր տաճարը դարեր իր վեր ծառայել է Ֆրանսիային իբրև արքայական հարսանիքների, կայսերական թագադրությունների և ազգային հուղարկավորությունների վայր։ Անգնահատելի է տաճարի ոչ միայն ճարտարապետական, այլև պատմական արժեքը։

Ինչ վերաբերում է մշակութային արժեքին, ապա տաճարի բազմաշերտ ու բազմաբնույթ համադրության մեջ ամփոփված են գոթական ու հռոմեական ճարտարապետության ողջ հմայքն ու շքեղությունը։

Փարիզի Աստվածամոր տաճար

Հետաքրքիր է, որ տաճարի ներսում չկան պատեր։ Ողջ տարածությունը զբաղեցնում են կամարակապ սյուները, իսկ կամարների բացվածքներում վիտրաժային պատուհաններն են։

Տաճարի բարձրությունը 35 մ է, երկարությունը `130 մ, լայնությունը` 48 մ, գմբեթավոր աշտարակի բարձրությունը` 69 մ։ Էմմանուել զանգի կշիռը հարավային աշտարակում 13 տոննա է, լեզուն `500 կգ:

Փարիզի Աստվածամոր տաճարը նաև լեգենդների և հավատալիքների հարուստ ժառանգություն ունի։ Դրանցից մեկի համաձայն՝ տաճարի ճակատին գաղտնի հաղորդագրություններ ու նշաններ կան։ Դրանք ցույց են տալիս, թե որտեղ է պահված Փիլիսոփայական քարը, որը ցանկացած մետաղ վերածում է ոսկու և իր տիրոջն անմահ է դարձնում։

Փարիզի Աստվածամոր տաճար

Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է, որտեղ այս տարվա ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ պետք է մատուցվեր։

Ապրիլի 15-ին բռնկված հրդեհը և կրակի ճիրաններում հայտնված Աստվածամոր տաճարի սարսափելի տեսարանը ցնցեց ողջ աշխարհը։

Դա կատարյալ ողբերգություն էր ոչ միայն ֆրանսիացիների, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար։

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը

Բարեբախտաբար, պատմամշակութային հարստությունն ամբողջությամբ չայրվեց, և տարիներ անց հնարավոր կլինի այն վերականգնել ու հնարավորություն տալ ապագա սերունդներին ևս հիանալու այդ եզակի գլուխգործոցով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: