Հայերեն   English   Русский  

Սամվել Գասպարյան. «Մենք ապացուցում ենք ողջ աշխարհին, որ ուժեղ ենք ու անպարտելի»


  
դիտումներ: 1602

Բաթումում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրորդ, 2019 թվականի Հայաստանի չեմպիոն Սամվել Գասպարյանը 102 կգ քաշային կարգում, երկամարտում գրանցելով 377 կգ (168+209) արդյունք, նվաճեց արծաթե մեդալ և հռչակվեց աշխարհամասի փոխչեմպիոն:

Անկախի հետ զրույցում երիտասարդ ծանրորդը կիսվում է տպավորություններով և նշում, որ լարվածության պատճառով առավելագույն հնարավորությունները չդրսևորեց և որ ամեն ինչ անելու է առաջիկա մրցաշարերում ավելի շատ կիլոգրամներ բարձրացնելու համար:

-Հայաստանի առաջնությունից հետո սկսեցի նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը` մարզիչներիս հետ նպատակ դնելով ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել: Ցավոք, ավելին կարող էի անել: Մարզումներին ավելի շատ կիլոգրամներ էի բարձրացնում, պլանավորել էի և պատրաստ էի, պարզապես լարվածությունը փոքր-ինչ խանգարեց:
Արդեն վերսկսել եմ մարզումներս և անձնական մարզչիս` Հարություն Եղոյանի հետ աշխատում ենք որոշ սխալների վրա: Ամռանը 23 տարեկանների Եվրոպայի, աշնանը մեծահասակների աշխարհի առաջնություններին եմ մասնակցելու: Եվրոպայի առաջնությունում միակ նպատակս է լինելու հաղթել և ռեկորդ սահմանել:

-102 գ քաշային կարգում Ձեզ հետ միասին ելույթ էր ունենում նաև մեր հայրենակից, Արսեն Մարտիրոսյանը, ով երկամարտի 368 կգ արդյունքով գրավեց 6-րդ տեղը: Մրցակցություն կա՞:

-Մենք երբեք չենք մրցում, մեր միակ մրցակիցը ծանրաձողն է: 2 տարի առաջ Եվրոպայի առաջնությունում նույն քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանի հետ էի հայտավորված: Ամեն մեկս մեր կիլոգրամները բարձարցնելու համար էինք պայքարում: Արդյունքը գալիս էր բարձրացրած կիլոգրամներից: Նույնը կարող եմ ասել իմ և Արսենի մասին: Մենք թիմակիցներ ենք և ընկերներ: Վաղ տարիքից ենք նույն քաշային կարգում հանդես գալիս, սակայն ամեն մեկս իր գործն է անում: Նշեմ, որ Արսենը նույնպես պատրաստ էր ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել ու մեդալ նվաճել:

-Ծանրամարտն անհատական մարզաձև է, սակայն նկատելի է, որ հավաքականի տղաներով մշտապես աջակցում և ոգևորում եք միմյանց:

-Մեր թիմը մեկ ընտանիք է դարձել: Տարվա ընթացքում ավելի շատ ենք միասին լինում, քան ընտանիքի անդամների:

Սամվել Գասպարյան 2019

Մենք ուրախանում ենք մեկս մյուսի հաղթանակներով ու ձեռքբերումներով և հավասարապես տխրում ենք, երբ որևէ մեկի մոտ ինչ-որ բան չի ստացվում: Ոգևորում ենք իրար թե՛ նախապատրաստվելիս, թե՛ մրցումների ժամանակ: Մեր թիմի ավագը` Ռուբեն Ալեքսանյանը, մեզ մշտապես ոգևորում է: Նրանից շատ բաներ ենք սովորում: Մեզ նաև մեծապես իր խորհուրդներով աջակցում է Տիգրան Մարտիրոսյանը:
Նշեմ, որ մենք հաջողություններ ենք գրանցում հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի և անձնական մարզիչների կատարած աշխատանքի շնորհիվ:

-Բաթումում Ձեզ աջակցելու էին եկել մեր հայրենակիցները: Ի՞նչ եք զգում, երբ ներկայացնում եք հայոց եռագույնը միջազգային ասպարեզում:

-Մեզ եկել էին ոգևորելու հարազատներն ու ընկերները, կարծես տանը մասնակցելուց լինեինք: Դահլիճում հայերը գերակշռում էին, և տպավորություն էր, որ կարծես հայրենիքում լինեինք: Նրանք եկել էին մեկ նպատակով` մեզ ոգևորելու և մեր հաղթանակների բերկրանքը վայելելու:
Յուրաքանչյուր մարզիկ մեծ հպարտություն է զգում, երբ ներկայացնում է հայոց եռագույնը միջազգային ասպարեզում: Մարզիկներն իրենց հաղթանակներով Հայաստանը ճանաչելի են դարձնում ողջ աշխարհում: Մենք ապացուցում ենք ողջ աշխարհին, որ ուժեղ ենք ու անպարտելի` ցույց տալով մեր երկրի ուժը: Թեև քարտեզի վրա գրեթե չի երևում Հայաստանը, բայց հաղթանակներով ու կատարած գործերով ճանաչել ենք տալիս մեր երկիրը:

Սամվել Գասպարյան 2019

-Մարզիկների հաղթանակները մեծ ուրախություն են երկրպագուներին: Ձեզ մեծ շուքով դիմավորեցին հայրենիքում: Այս ամենը ոգևորու՞մ է:

- Ուրախալի է, որ մեր հաղթանակներով ոգևորում ենք մեր հայրենակիցներին: Մեզ քաղաքի մուտքի մոտ դիմավորելու էին եկել մարզասեր հասարակությունը, մարզաշխարհի ներկայացուցիչները, Շիրակի մարզի մարզպետարանի մշակույթի և սպորտի վարչության պետ Վաչագան Վարդանյանը, Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը: Շնորհակալ եմ աջակցության համար Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական քոլեջին, որտեղ մարզվում եմ և Շիրակի պետական համալսարանին, որտեղ այժմ սովորում եմ: Բոլորից շնորհակալ եմ աջակցության համար: Ցանկանում եմ անպայման շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Նա միշտ մարզիկների կողքին է, բոլորին անխտիր աջակցում է: Մենք մեծ սպորտային ընտանիք ենք, որի ղակավարը Գագիկ Ծառուկյանն է, քանի որ նա համախմբում է բոլորիս և ոգևորում, որպեսզի առաջ շարժվենք և նոր բարձունքներ նվաճենք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: