Հայերեն   English   Русский  

​Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Ուրուգվայի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ


  
դիտումներ: 173

Ուրուգվայ կատարած աշխատանքային այցի վերջին օրը Արցախի պատվիրակությունը հանդիպում է ունեցել տեղի հայկական կառույցների ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ Արքեպիսկոպոս Քլնջյանը (Hakob Kelendjian):

Հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավար ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգը: Կարևորելով Արցախի և սփյուռքում ապրող հայրենակիցների հետ բազմակողմանի կապերը՝ ԱԳ նախարարը հայտնել է Արցախի կառավարության պատրաստակամությունը իր մասնակցությունը բերելու Ուրուգվայում հայկական ինքնության պահպանման գործում:

Պատասխանելով ներկաների հարցերին՝ նախարարն անդրադարձել է Արցախի անվտանգության, միջազգային ճանաչման, տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականության թեմաներին:

Պատվիրակության անդամ, ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի Արցախի ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը տեղեկացրել է 2010 թվականից Արցախում իրականացվող «ԱՐԻ» (“Artsakh Roots Investment”) հաջողությամբ շարունակվող ներդրումային ծրագրի մասին:

Հանդիպմանը ներկա Ուրուգվայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավորներին հետաքրքրել են Ուրուգվայում ավարտվող Արցախի պատվիրակության այցի արդյունքները:

Նույն օրը պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնտեվիդեոյի ՀՅԴ «Վռամյան» ակումբում: Մասիս Մայիլյանը և Դավիթ Իշխանյանը ելույթ են ունեցել և պատասխանել համայնքի անդամներին հուզող հարցերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: