Հայերեն   English   Русский  

Էկոնոմիկան ու գյուղատնտեսությունը՝ կարծես չարն ու բարին․ Բաբկեն Պիպոյանը վարչապետին առաջարկել է վերանայել հարցը


  
դիտումներ: 8946

Հանրային խորհրդի անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ գյուղատնտեսության նախարարության միացումը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը սխալ քայլ է։

Այս մասին նա ասել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։

Պիպոյանը մասնավորապես նշել է, որ եթե անգամ ուսումնասիրենք զարգացած երկրների գյուղատնտեսությունը, կտեսնենք, որ այնտեղ մշակույթն ավելի գերակշռող է, քան քան տնտեսությունը, ինչն արտահայտված է նաև լեզվամտածողության մեջ՝ ագրիկուլտուրա։

«Գյուղատնտեսությունը որպես մշակույթ ավելի շատ է, քան որպես տնտեսություն,-ասել է Պիպոյանը,-և եթե պետք է կառուցվածքային փոփոխություններ անել ու դարձնել 12 նախարարություն, ապա գյուղատնտեսությունը ավելի շատ միավորման ենթակա է մշակույթին կամ բնապահպանությանը, քան էկոնոմիկային, որտեղ կարծես չարն ու բարին են, և միշտ կա ներքին հակասություն, իսկ դա մտավախություն է առաջացնում, որ առնվազն որոշակի ձեռքբերումներ կարող ենք կորցնել»։

Չնայած Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը՝ Պիպոյանն առաջարկել է հնարավորության դեպքում վերանայել հարցը, հաշվի առնել փորձագիտական հանրության կարծիքը, ու եթե միացումն անխուսափելի է, միավրել գոնե բնապահպանության նախարարության հետ, որտեղ փիլիսոփայությունը պահպանությունն է։

«Եթե տանում ենք բիզնես, մշակույթը կորչելու է, իսկ գյուղատնտեսությունը մշակույթ է»,-նշել է նա։

Անկախ-ի հետ զրույցում Բաբկեն Պիպոյանը կարևորեց, որ այն փորձագետները, որոնք ձևավորում են կառավարության դիրքորոշումը, այդ թվում և վարչապետի դիրքորոշումը այս կամ այն հարցում, խորը վերլուծեն Հայաստանում գյուղատնտեսության կառուցվածքը և հասկանան ու ճիշտ գնահատեն ռիսկերը, որպեսզի մեր գյուղատնտեսությունը հանկարծ չգնա դեպի փակուղի։

«Իսկ երբ ասում ենք, որ գյուղատնտեսությունը մշակույթի մաս է, մենք ի նկատի չունենք վատ սովորույթները, որ առկա են մեր գյուղատնետսության մեջ, այլ խոսում ենք մշակման ձևերից, հողերի չափերից և տեսակարար կշռից, թե գյուղացի՞ն որ մասն է ստեղծում, և որ մասն է ստեղծում բիզնեսը։ Պարզապես գյուղացուն մենք բիզնեսմեն չենք կարող դարձնել, իսկ եթե մենք մշակույթի հետ կապ ունեցող գյուղատնտեսություն ենք զարգացնելու, սա ոչ միայն կոնֆլիկտ չունի բնապահպանության հետ, այլ հենց ներդաշնակ է բնապահպանությանը»։

Արձագանքելով բարձրացված հարցին՝ վարչապետը նկատել է, որ այլ փորձագետների կողմից էլ հնչել է հակառակ կարծիք, թե գյուղատնտեսությունը կոնֆլիկտի մեջ է բնապահպանության հետ։

Պիպոյանը կարծում է, որ հենց այստեղ է այն հիմնական դրույթը, որ պետք է ամրագրենք՝ ինչպիսի՞ գյուղատնտեսություն ենք ուզում ունենալ՝ պարզապես տնտեսության ուղղությու՞ն, թե՞ հենց մշակույթի հետ կապ ունեցող գյուղատնտեսություն։

«Ես կարծում եմ, որ գյուղատնտեությունը Հայաստանում հնարավոր է զարգացնել բացառապես, եթե ունենանք արժեքավոր գյուղատնտեսություն, որի հիմքը ԳՄՕ-ները չեն, այլ գյուղատնտեսություն, որը կոնֆլիկտ չունի բնապահպանության հետ։ Սա է կարևոր առանցքը, որը մենք պետք է կարողանանք հասցնել գործադիր իշխանություններին։ Իսկ զուտ բիզնես և տնտեսական էլեմենտ ունեցող գյուղատնտեսությունը, անկախ նրանից՝ միտված է արտահանմանը, թե ոչ, մեր երկրում երկար կյանք ունենալ չի կարող»,-համոզված է Բաբկեն Պիպոյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: