Հայերեն   English   Русский  

Վենեսուելա․ իշխանական աթոռի համար պայքարում գործը հասել է արտաքին խաղացողների ռազմական ներխուժմանը


  
դիտումներ: 497

Մայիսի 4-ը Վենեսուելայում հայտարարված է փոփոխությունների օր։ Սակայն իշխանություններն ու ընդդիմությունը փոփոխությունների ներքո բոլորովին տարբեր բաներ են հասկանում։ Երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն մայիսի 4-ը և 5-ը հայտարարել է երկխոսության ազգային օր։ Նա կոչ է արել երկրում գործող սոցիալական-հասարակական կազմակերպություններին, իշխանության ճյուղ կազմող բոլոր կազմակերպություններին փոփոխությունների առաջարկ ներկայացնել։ Առաջարկների ամփոփման արդյունքում կկազմվի փոփոխությունների ծրագիրը, որով և կառաջնորդվի կառավարությունը։ «Ուզում եմ ծրագիր ընդունել, որպեսզի փոփոխեմ ամեն բան, որպեսի բարելավեմ ամեն ինչ, որպեսզի շտկեմ սխալները»,- հայտարարել է Մադուրոն՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև։

Իսկ ահա ընդդիմության առաջնորդ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն իր կողմնակիցներին կոչ է արել մայիսի 4-ին ցույցեր իրականացնել զորամասերի մոտակայքում՝ կոչ անելով զինվորականներին միանալ ընդդմիությանը։

Վենեսուելայում ընդդիմության և իշխանության կողմնակիցների միջև բախումները շարունակվում են։ Երեքշաբթի օրը հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրում իրավիճակը չի հանդարտվում։

Ի՞նչ պետք է տեղի ունենար և ի՞նչ տեղի ունեցավ

Ըստ իսպանական ABC լրատվամիջոցի տվյալների՝ ԱՄՆ-ն համաձայնության էր հասել Վենեսուելայի բարձրագույն զինվորական ղեկավարության հետ, որպեսզի նրանք Մադուրոյին ձերբակալեն և ապահովեն իշխանության փոխանցումը Գուայդոյին։ Մադուրոն, ըստ պլանի, երկու ուղի ուներ՝ կամ փախչել երկրից՝ ապաստանելով Կուբայում, կամ ձերբակալվել։ Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, անգամ երկրի ղեկավարի ինքնաթիռը պատրաստ է եղել թռիչք իրականացնելուն, սակայն ռուսական կողմն է տարհամոզել Մադուրոյին փախչելուց։ Իսկ երկրի բարձրագույն ռազմական ղեկավարությունը նախագահին չի ձերբակալել, քանի որ վերջին պահին մտափոխվել ու ծրագրից հետ է կանգնել պաշտպանության նախարարը։

Վենեսուելա

Բարկացած տեղի ունեցածից, ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հրապարակել է պաշտոնյաների անունները, որոնք ամիսներ շարունակ բանակցել են ընդդիմության հետ և պատրաստ են եղել Գուայդոյի կողմն անցնել։ Նա մատնանշել է պաշտպանության նախարար Վլադմիմիր Պադրիոյին, Գերագույն դատարանի դատավոր Մայքել Մորենոնին։ Բոլթոնը, սակայն, իր հայտարարությունը չի հիմնավորել որևէ փաստական ապացույցով։

«Նրանք պատրաստ էին իշխանության խաղաղ փոխանցմանը Մադուրոյի ավազակախմբից»,- հայտարարել է Բոլթոնը։

Այս պաշտոնյաները, սակայն, հերքել են իրենց առնչությունը իշխանափոխության ծրագրերին՝ հայտարարելով, որ սատարում են Մադուրոյին։

Տեսակետ կա, որ այսպիսով ամերիկյան կողմը փորձում է պառակտում մտցնել Մադուրոյի և նրա համախոհների հարաբերություններում։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ իշխանափոխությունը իսկապես տեղի կունենար, եթե Գուայդոն չշտապեր ու գործեր ըստ ծրագրի։

Իսկ Խուան Գուայդոն երեքշաբթի օրը ռազմական կայաններից մեկում նկարահանված տեսանյութ տարածեց՝ հայտարարելով, որ զինվորականությունը միացել է հեղափոխությանը։ Նա բոլորին կոչ արեց փողոց դուրս գալ և ապահովել իշխանափոխության վերջնական փուլը։ Տեղի ունեցան բախումներ, որից հետո Նիկոլաս Մադուրոն հայտարարեց, որ հեղաշրջման փորձը տապալվել է, որ փոքրաթիվ զինվորականներ են անցել Գուայդոյի կողմը, որոնք և կպատժվեն օրենքով սահմանված կարգով։

Գուայդոն այս օրերին շարունակ պնդում է, որ օրեցօր ավելանում է իրեն միացող զինվորականների թիվը՝ կոչ անելով Մադուրոյի կողմնակից զինվորականներին չպառակտել բանակը և միանալ հեղափոխությանը։ Նա, սակայն, որևէ փաստեր չի ներկայացնում, որոնք կապացուցեն իր ասածը և ի ցույց կդնեն իրողությունը, որ զինվորականները սատարում են իրեն։

Ի դեպ, այս օրերին Գուայդոյի հետ հանրությանն է ներկայացել նաև Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսը, որը նախկինում դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման, իսկ հետո նրա պատիժը փոխարինվել էր տնային կալանքով։

Ըստ տեղեկությունների՝ նրան կալանքից ազատել է Վենեսուելայի ազգային հետախուզության ծառայության տնօրեն Մանուել Քրիստոֆեր Ֆիգուերան։ Այդ քայլից հետո, սակայն, պաշտոնյային ձերբակալել են։ Իսկ Ֆրանս պրեսի հաղորդմամբ՝ վենեսուելացի ընդդիմադիր գործիչը քաղաքական ապաստան է խնդրել Չիլիից։

Թրամփը կրկին սպառնում է ռազմական ներխուժմամբ

Այս օրերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ սպառնացել է զորք մտցնել Վենեսուելա, եթե Մադուրոն իշխանությունը չփոխանցի օրինական նախագահին․ ԱՄՆ-ն և շուրջ 50 երկրներ Վենեսուելայի օրինական նախագահ են ճանաչել Խուան Գուայդոյին, որը հունվարից ի վեր իրեն ինքնահռչակել է ժամանակավոր նախագահ։

«Վենեսուելական ժողովրդի դաժան ռեպրեսիաներին վերջ պետք է տրվի, և դա պետք է տեղի ունենա շուտով։ Մարդիկ սովահար են, չունեն սնունդ և ջուր, մինչդեռ այն աշխարհի ամենահարուստ երկրներից էր ժամանակին։ Մենք նրանց լավագույնն ենք ցանկանում և կգանք օգնության»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Մինչ Թրամփը միայն բանավոր է սպառնում պատերազմով, նրա խորհրդական Ջոն Բոլթոնը կողմ է իրական ներխուժմանը։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Բոլթոնն ակտիվ աշխատում է՝ Թրամփին համոզելու, որ ռազմական ներխուժումն անհրաժեշտություն է։

Ռուսական կողմը հայտարարել է, որ ՄԱԿ-ում համախոհների է հավաքագրում՝ հնարավոր ներխուժման պարագայում հակազդելու ԱՄՆ-ի անօրինական գործողություններին։ Այս համատեքստում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ իրականում Վենեսուելայում ներխուժում արդեն իսկ տեղի ունեցել է․ այդ երկրի անվտանգության ծառայություններում են հազարավոր կուբացիներ և հարյուրավոր ռուսներ։ Պոմպեոյի խոսքով՝ հենց կուբացիներն ու ռուսներն են որշում քաղաքականությունը և կառավարում գործընթացները։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ն չի լինելու առաջին ներխուժողը։

Վենեսուելա

Պոմպեոն նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Վենեսուելա ներխուժելու հնարավորությունը, եթե խնդրի լուծման այլ տարբերակներ չլինեն։ Նրա խոսքով՝ իրենք նախ և առաջ ճգնաժամի խաղաղ լուծման կողմնակից են և ռազմական ներխուժումը ծայրահեղ միջոց է, որին կդիմեն այլընտրանք չունենալու պարագայում։

Ռուս-վենեսուելական կապերը

Ռուսաստանն այն երկրներից է, որը սատարում է Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարբերաբար մեղադրանքներ են հղում միմյանց, որ միջամտում են երրորդ երկրի՝ այս պարագայում Վենեսուելայի ներքին գործերին։

Financial Times պարբերականի համաձայն՝ Ռուսաստանը մի քանի պատճառներ ունի Մադուրոյին սատարելու։ Ըստ պարբերականի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սատարում է միահեծան իշխանավորներին, դիկտատորներին, քանի որ վախենում է, որ նման պաշտոնյաների պաշտոնանկության իներցիան թափ առնելու դեպքում կարող է նաև իրեն հասնել։ Մյուս պատճառն, ըստ Financial Times-ի, տնտեսական է։ Նշվում է, որ նախ՝ Չավեսի իշխանության տարիներից ի վեր Վենեսուելան եղել է ռուսական զինամթերքի խոշորագույն գնորդներից։ Բացի այդ, ռուսական պետական «Ռոսնեֆտ» ընկերությունը 2006-ից ի վեր 16 մլրդ դոլարի ներդրում է ունեցել։ Իսկ Վենեսուելան պարքտը վերադարձնում է նավթի մատակարարմամբ։ Եթե իշխանափոխություն տեղի ունենա, պրոամերիկյան իշխանությունները հնարավոր է, որ հրաժարվեն նախորդ իշխանությունների վարկային պարտավորություններից։

Ռուսական փորձագետները, վերլուծելով իրավիճակը, նշում են, որ օրեցօր ավելի քիչ հավանական է դառնում, որ ԱՄՆ-ի ռազմական ներխուժման պարագայում Ռուսաստանը մի կողմ կքաշվի։ Նրանք նաև նշում են, որ Վենեսուելան Սիրիա չէ և այստեղ Ռուսաստանի համար շատ ավելի բարդ է լինելու։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: