Հայերեն   English   Русский  

Հայ երիտասարդները՝ գերմանական կղզում համատեղ ուտոպիա ստեղծելու ճանապարհին


  
դիտումներ: 766

Արդեն երրորդ տարին է՝ հայ երիտասարդ արվեստագետները կովկասյան ու եվրոպական այլ երկրների արվեստագետների հետ գերմանական Յուստ կղզում ձևավորում են ժամանակավոր համայնք և համատեղ ստեղծագործում տարբեր արվեստանոցներում՝ երաժշտարվեստ, թատերարվեստ, պարարվեստ, ֆիլմարվեստ և այլն:

Արվեստագետների փոխանակման ART LAB ծրագրի շրջանակում Յուստում նկարահանվել է ֆիլմ, որը ցուցադրվեց ՆՓԱԿ-ում։ «Երջանիկ երիտասարդություն» հասարակական կազմակերպության համակարգմամբ՝ հայ երիտասարդ արվեստագետները հնարավորություն են ստանում մասնակցելու ծրագրին, որը համագործակցության նոր ճանապարհներ է բացում, և ծանոթացնում Յուստ յուրահատուկ կղզուն: Այն գտնվում է Հյուսիսային ծովում և բնության արգելավայրի մաս է, ուր կանգ են առնում բազմահազար չվող թռչունների երամները, որտեղ չկան բարձրահարկ շենքեր, մեքենաներ, փոխարենը կան ձիեր և ձիակառքեր, հիմնական փոխադրամիջոցը հեծանիվն է, որով շրջում են անգամ ոստիկանները։ «Այս պայմաններում երիտասարդները կարողանում են լիարժեք կտրվել առօրյայից, շփվում են այլ երկրների արվեստագետների հետ ու համատեղ ստեղծագործում»,- ասաց ծրագրի հայաստանյան համակարգող, «Երջանիկ երիտասարդություն» ՀԿ միջազգային ծրագրերի պատասխանատու Հարություն Դաշտոյանը։ Ծրագրի մասին նկարահանված փաստագրական ֆիլմը ներկայացնում է մասնակիցների առօրյան, ստեղծագործական պրոցեսը և նրանց ապրումներն ու հույզերը, ինչպես նաև խոսում է մասնակիցների միջանձնային շփումների և ձևավորված համայնքի մասին:

TRANSCULTURAL ART LAB-ը երկու շաբաթ տևողությամբ ծրագիր է, որի ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Աբխազիայի, Օսեթիայի, Գերմանիայի և այլ երկրների թվով 50 արվեստագետներ ձևավորում են ժամանակավոր համայնք՝ հասկանալու համար ուտոպիայի գաղափարը և մշակելու համատեղ նախագծեր ինքնության, կատարելության և ապագայի թեմաներով: «Ստեղծիր քո ուտոպիան» ընդգրկուն թեմայի շրջանակներում, մասնակիցները արվեստի լեզվով խոսում են ոչ միայն ընդհանրապես ուտոպիայի թեմայով, այլ նաև կղզում գտնվելու ընթացքում ստեղծած ուտոպիստական համայնքի մասին: Ծրագրի ավարտից հետո ծրագրի ընթացքում ստեղծված աշխատանքները ցուցադրվում են մասնակից երկրներում։ Հայաստանում երրորդ տարին է՝ «Երջանիկ երիտասարդություն» ՀԿ-ն ՆՓԱԿ-ի հետ համատեղ ծրագրի արդյունքներն ամփոփում է ցուցահանդեսների, ֆիլմի դիտումների և քննարկումների միջոցով։ Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.designyourutopia.com կայքում: 2019-ի ծրագրին մասնակցելու համար հայ երիտասարդ ստեղծագործողները կարող են հետևել «Երջանիկ երիտասարդություն» ՀԿ-ի սոցիալական էջին (https://www.facebook.com/HappyYouthNGO/), որտեղ տեղադրվում են այս և այլ միջազգային ծրագրերին մասնակցելու հայտադիմումները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: