Հայերեն   English   Русский  

​Շիրակում դպրոցի նախկին փոխտնօրենը մեղադրվում է թմրամիջոց ձեռք բերելու մեջ


  
դիտումներ: 1125

Շիրակի մարզ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում արդեն 6-րդ ամիսն է քննվում է Շիրակի մարզի Բյուրակն գյուղի բնակչի կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու մասին քրեական գործը:

Ըստ գործը Մանվել Խոջումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի ձեռք է բերել ու պահել զգալի չափերով` 6.64 գրամ ընդհանուր քաշով, տնայնագործական եղանակով պատրաստված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով միջամտել է քննիչի գործողությանը:

Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 12-ին: Այս դատական նիստում դատարանը լսեց գործով վկաներից 4-ին: Ոստիկանության Ամասիայի բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արմեն Մնացականյանը դատարանում պատմեց, որ դեպքի օրը գտնվել է Բյուրակն գյուղում՝ բնակարանային գողության դեպքով օպերատիվ աշխատանքներ կատարելիս: Իրեն զանգահարել է քննիչ Արմեն Միքայելյանը և ասել՝ մնա գյուղում մինչև իր գալը: Ըստ Մնացականյանի իր բաժնի աշխատակիցները ևս գյուղում են եղել, այն պահին, երբ քննիչը մոտեցել է իրենց՝ այդտեղ եղել է նաև Մանվել Խոջումյանը:
Քննիչը մեքենայից իջնելով դիմել է Խոջումյանին, թե տունը պետք է խուզարկի: Երբ բոլորով գնացել են Մանվել Խոջումյանի տուն, քննիչը ներկայացրել է խուզարկելու որոշումը, պարզվել է՝ խոսքը տվյալ տան մասին չէ, մեկ այլ հասցեի տուն է: Մանվել Խոջումյանը նրանց ուղեկցել է իրեն պատկանող այն տունը, որի հասցեն եղել է խուզարկության որոշման մեջ: Ըստ դատակոչված վկա Արմեն Մնացականյանի, այդ հասցեում եղել է կիսակառույց առանձնատուն, որի առաջին հարկի դուռը կողպած է եղել, երկրորդ հարկը՝ առանց պատուհանների: Եղել է նաև կից տնակ.

-Սկզբից խուզարկվել է տնակը, այնտեղ ոչինչ չի հայտնաբերվել, հետո բոլորս միասին եկել ենք տուն, քննիչն ասաց՝ Խոջոյան մեքենայիդ դռները փակի: Տունը երկու հարկ էր, սկզբից մտել ենք առաջին հարկ, հետո 2-րդ, նրանք բարձրացել են տանիք, իմ աշխատակիցն ինձ վերև է կանչել, ցույց են տվել տանիքի թիթեղի և փայտի արանքում պոլիէթիլենով փաթաթված կանաչավուն զանգվածը, որն առգրավվել է քննիչի կողմից: Հետո խուզարկվեց մեքենան, որի ձախ կողմում, նստարանի տակ փաթաթած փայլուն բան կա: Երբ իմ աշխատողն այն հանեց քննիչին տալու՝ Մանվել Խոջումյանը խլեց ձեռքից ու պատռեց:

Արմեն Մնացականյանի դատարանում տված ցուցմունքի և նախաքննական ցուցմունքի մեջ հակասություններ տեսնելով Մանվել Խոջումյանի պաշտպան Հայկ Հարությունյանը դատարանին միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ վկան նշել է երկու ընթերակաների մասնակցության մասին: Փաստաբանը շեշտադրում էր կատարում այն հանգամանքի վրա, որ ընթերականերից մեկը խուզարկության կեսին է մասնակցել, ներկա չի եղել արձանագրության կազմմանը, բայց ստորագրել է:

- Եթե գտնում եք, որ սույն գործում կեղծիք է առկա, կարող եք հաղորդում ներկայացնել համապատասխան մարմնին, - փաստաբան Հայկ Հարությունյանին դիմեց նիստը նախագահող դատավոր Աշոտ Մանուկյանը:

Տան խուզարկությանը մասամբ մասնակցած ընթերակա Ստեփան Փահլևանյանը դատարանում նշեց, թե մասնակցել է տնակի և տան առաջին հարկի խուզարկությանը, այդ ժամանակ ոչինչ չի հայտնաբերվել, հետո զանգ է ստացել, որ երեխան ընկել ու վնասել է թևը ու ոտքը, ինքն էլ ոստիկաններին ասել է, պիտի գնա.
-Ոստիկաններն ասացին՝ մի թող դեպքի վայրը, բայց դե իմ համար իմ էրեխեն է կարևոր, թողել գնացել եմ, - ասում է վկան: Մեղադրող դատախազի հարցին, թե ինչու է հետո ստորագրել, եթե ներկա չի եղել խուզարկությանը, վկա Փահլևանյանը նշեց.

- Ինձ զանգել են թե արի, ես երեխայիս հարցերը կարգավորելուց հետո եկել եմ, քննիչն ինձ ցույց է տվել ծրար, ասել է՝ էսպես-էսպես բան ենք հայտնաբերել, հետո Մանվել Խոջումյանն էլ ասաց՝ ստորագրի պրծնենք, ես էլ ստորագրել եմ:

Դատարանում ցուցմունք տվեց նաև տանիքում կանաչավուն զանգվածը հայտնաբերած ոստիկանը, նշեց, թե փաթեթի հայտնաբերման պահին ինքը տարածքում տեսել է միայն մեկ ընթերակայի: Հարցին, թե ինչու էր ինքը ստորագրում մի արձանագրության տակ, որը փաստացի կեղծ տեղեկություն է պարունակել, այն է խուզարկությունը կատարվել է երկու ընթերակաների մասնակցությամբ, որը սակայն այդպես չի եղել, վկան պատասխանեց՝ աշխատանքները ղեկավարում էր քննիչը:

Հավելենք, որ այս գործով մեղադրյալ Մանվել Խոջումյանը եղել է Բյուրակնի դպրոցի տնօրենը, ապա փոխտնօրենը: Նա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանին մորեղբայրն է:

Բյուրակնի դպրոցի տնօենի 2018 թվականի մարտի 20-ի հրամանով Խոջումյանն ազատվել է փոխտնօրենի պաշտոնից:

Բյուրակնի դպրոցի տնօրենի հաղորդման հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում մարտի սկզբին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով: «Նշված քրեական գործի քննության ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Բյուրակն դպրոցի փոխտնօրեն Մանվել Խոջումյանը հաշվառված է նարկոլոգիական դիսպանսերում՝ կանաբինոիդների օգտագործում ախտորոշմամբ: Կանաբինոիդը թմրամիջոցի տեսակ է:
Նշված տեղեկությունը հերքելու կամ հաստատելու համար համապատասխան գրություն է հասցեագրվել «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ և ստացված պատասխանի համաձայն պարզվել է, որ նշված անձը դեռևս 25.08.2009 թվականից գտնվում է հաշվառման մեջ նարկոլոգիական դիսպանսերում՝ կանաբինոիդների օգտագործում ախտորոշմամբ: Տվյալ քրեական գործի շրջանակներում պարզվել է նաև, որ 2009 թվականի օգոստոսի 25-ին «Կանեփ-կակաչ» միջոցառման շրջանակներում ոստիկանության համապատասխան աշխատակիցների ստուգայցի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է կանեփի ցողուններ: Եվ այդ անձը, այսինքն՝ Մանվել Խոջումյանը, բացատրությամբ հայտնել է, որ տնամերձում աճած կանեփանման բույսից ինքը չորացրել է որոշակի զանգված, որը ծխելու միջոցով գործածել է»,- թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է Շիրակի մարզի դատախազը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: