Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է ԱԺ քառօրյա նստաշրջանը


  
դիտումներ: 177

Այսօր՝ մայիսի 7-ին մեկնարկել է ԱԺ քառօրյան:

Ազգային ժողովի 7-րդ գումարման երկրոդ նստաշրջանի օրակարգի առաջին բաժնում՝ պարտադիր քննարկման հարցերի մեջ մասնավորապես ներառված է Կենտրոնական բանկի գործունեությանը վերաբերող տարեկան գնաճի հաղորդումը:

Երկրորդ բաժնում ներառված են հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները արդեն իսկ տվել են իրենց դրական եզրակացությունը: Դրանք 14-ն են և ընդգրկված են նստաշրջանի օրակարգում:

Իսկ երրորդ բաժնում երկու նախագիծ կա, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն և դրանց օրակարգ ընդգրկելու համար պատգամավորները պետք է քվեարկեին: Առաջին նախագիծը պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին էր, որը սակայն չանցավ օրակարգ, իսկ ԲՀԿ խմբակցության կողմից ներկայացրած ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 107 կողմ ձայնով ներառվեց լիագումար նիստերի օրակարգում: Այդ նախագծով առաջարկվում է գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով մշակաբույսերի, մրգատու այգիների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար ազատել հարկերից:

ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին, քանի որ այն իր մեջ մի շարք ռիսկեր է պարունակում՝ իրականացման հետ կապված և կարող է վտանգել առանց այն էլ սահմանափակ բյուջեն: Սակայն նա, որպեսզի մարդկանց մոտ հարցեր չառաջանան և թյուր ըմբռնում չձևավորվի, առաջարկեց կողմ քվեարկել և նախագիծը ընդունել լիագումար նիստերի օրակարգում, ինչն էլ տեղի ունեցավ:

Մայիսի 7-ի նիստի օրակարգում ներառված են «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:

Հաշվի առնելով, որ մայիսի 9-ը ոչ աշխատանքային օր է, հնարավոր է խորհրդարանն իր աշխատանքը ավարտի մայիսի 8-ին, հակառակ դեպքում՝ հարցերի քննարկումը կտեղափոխվի մայիսի 10-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: