Հայերեն   English   Русский  

«Հպարտ քաղաքացուց առաջ մեզ պետք է գիտակից քաղաքացի»․ Մովսես Հերկելյան


  
դիտումներ: 2235

Լիբանանահայ արվեստաբան, Բեյրութի «Նոյան տապան» պատկերասրահի հիմնադիր Մովսես Հերկելյանը (Մովսես Ծիրանի) մեծ հույսեր է կապում Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ։

Սակայն նրա զարմանքը մեծ էր, երբ նոր իշխանությունները, հայտարարելով տնտեսական հեղափոխության մասին, կարծես լուսանցքում թողեցին մշակույթը։ Ըստ արվեստաբանի՝ նախևառաջ պետք էր մտածել մշակութային հեղափոխության մասին։

Ավելին, Հերկելյանը գտնում է, որ Մշակույթի նախարարությունը Կրթության ու գիտության նախարարությանը միացնելը սխալ քայլ էր, և եթե անհրաժեշտ էր անպայման որոշ նախարարություններ միացնել, ապա ավելի ճիշտ կլիներ անել հակառակը՝ Կրթությունն ու գիտությունը միավորել մշակույթին։

«Ի վերջո մշակույթն ավելի լայն հասկացություն է, որն իր մեջ կարող է ներգրավել կրթությունն ու գիտությունը իբրև մշակութային տեսակներ։ Մենք արդարորեն ակնկալում էինք, որ մշակույթին հատկացվող դրամագլուխը կառավարությունն առնվազն կկրկնապատկի և ճիշտ նպատակին կծառայեցնի, բայց փաստորեն, հակառակն է»,-ասում է Հերկելյանը։

Սակայն նա դրական է համարում այն, որ Կրթության և գիտության նախարարության մեջ մշակույթի նախարարությանը հատկացվելու է երկու փոխնախարար, որոնցից մեկը պատասխանատու է լինելու մշակույթի պաշտպանության ու պահպանման, մյուսը՝ զարգացման ու տարածման համար։

Արվեստաբանը հիշում է, թե որքան է քննադատել նախկին իշխանություններին մշակութային գործնական քաղաքականության բացակայության և այն պատճառով, որ մշակութային պետական ծրագրերում գրված էր «ինչ անելու» և ոչ «ինչպես անելու» մասին։ Եվ այսօր նոր իշխանությունների որդեգրած քաղաքականությունը նույնպես հույսեր չի ներշնչում։

«Ընդհանրապես նկատել եմ, որ ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարություններում ու ելույթներում մշակույթն ըստ արժանվույն չի գնահատվում։ Անհասկանալի եմ համարում ներկա իշխանությունների կողմից մշակույթի ոչ լիարժեք գնահատումը»։

Սփյուռքահայ արվեստաբանը հարց է բարձրացնում՝ մշակութային հեղափոխության մասին ասելիք չունե՞ն հեղափոխական իշխանությունները։ Նրա համար խիստ զարմանալի և անբացատրելի է այս ամենը հատկապես իբրև սփյուռքի ներկայացուցիչ, որտեղ հայի գոյատևումը կախված է նախևառաջ ազգային բարձրորակ մշակույթի պահպանումից ու զարգացումից։

Հայաստանի պաշտպանությունն ու տնտեսական զարգացումն անշուշտ առաջնային են ու գերխնդիր, սակայն զրուցակիցս կարծում է, որ դա իրավունք չի տալիս հեղափոխական իշխանությանը մշակույթն այդքան հեռացնելու իր տեսադաշտից։

Հերկելյանը հիշեցնում է Չերչիլի խոսքերը․ «Եթե մշակույթը պիտի չֆինանսավորենք, ապա ինչո՞ւ ենք պատերազմ մղում»:

«Այո, տնտեսության զարգացմամբ մենք կարող ենք նյութական հայրենիք ստեղծել, բայց ոչ հոգևոր հայրենիք, իսկ առանց հոգևոր հայրենիքի ի՞նչ իմաստ ունի նյութական Հայաստանը։ Եթե մենք մեր մշակույթի հանդեպ գաղջ ու կրավորական կեցվածք պիտի որդեգրենք, ապա ինչո՞ւ ենք հայկական դատը հետապնդում, պատերազմ մղում կամ ինչո՞ւ ողջ ժողովրդով ոտքի կանգնեցինք ու թավշյա հեղափոխություն արեցինք։ Եթե նսեմացնենք մշակույթը, ապա ազգից կմնա անդիմագիծ ու անմակարդակ հավաքականություն՝ ձուլվելու խիստ վտանգի տակ»։

Արվեստաբանը հիշեցնում է՝ դիվանագիտությունն իր ծնունդից մինչ օրս ծառայում է քաղաքական նպատակների, որոնց գլխավոր թիրախը մշակույթն է։

Տարիներ ի վեր ներկայացնելով հայկական կերպարվեստը միջազգային դաշտում՝ արվեստաբանն այս եզրահանգման է եկել՝ քաղաքականությունը, տնտեսությունն ու մշակույթն անբաժանելի են։ Մյուս կարևոր եզրահանգումը հետևյալն է․ «Հայ ժողովուրդն աշխարհի հետ մրցունակ է մշակույթով, որը ոչ միայն արվեստն է, այլ այն ամենը, ինչ կապված է ստեղծագործական մտքի հետ՝ բարձր տեխնոլոգիաներ, գիտություն և այլն։

Անդրադառնալով նոր իշխանություների գործելակերպին՝ արվեստաբանը նշում է, որ կարող ու հաջողակ ընդիմադիր լինելը դեռևս չի նշանակում, որ կարող ես լինել նաև հաջողակ պետական ղեկավար։

«Հատկապես հեղաշրջումներից հետո երկիր ղեկավարելը շատ ավելի դժվար է ու բարդ, որովհետև ընդդիմության հաջողությունն ավելի շատ կախված է խոսքից, քան գործից, իսկ իշխանությանը՝ հակառակը։ Արդյո՞ք պատահական է, որ երբ իշխանության գլուխ անցած հեղափոխականներն ուզում են իրենց տված խոստումներն իրագործել, հանկարծ հասկանում են, որ այդքան էլ հեշտ չէ և սկսում են բացատրություններ փնտրել։ Այո, նրանք թեև իրավացի են, սակայն քաղաքականության մեջ ճիշտն ու սխալը որոշվում են արդյունքներով։ Իսկ ժողովուրդը շատ արագ դրական փոփոխություններ է ակնկալում, ուզում է իր մաշկի վրա զգալ այդ փոփոխությունները, ինչը գրեթե հնարավոր չի եղել ողջ պատմության ընթացքում։ Այդ պատճառով է, որ գրեթե բոլոր հեղափոխությունները խորքի մեջ հաջողված չեն, և դրված նպատակներն ու խոստումներն անբողջությամբ չեն կարողացել իրագործել»:

Հերկելյանը հիշում է նաև պատմության այն հեղափոխական գործիչներին, որոնք, դառնալով պետական ղեկավար ու քաղաքական գործիչ, ձախողվել են ու հալածվել, երբեմն էլ դաժանորեն պատժվել իրենց իշխանության բերած նույն ժողովրդի կողմից։

«Սակայն եղել են նաև բացառիկ հաջողված դեպքեր։ Հույս ունենանք, որ ինչպես թավշյա հեղափոխության ժամանակ աշխարհը զարմացավ ու հիացավ մեզանով, այնպես էլ կհիանա ու կզարմանա ապագայում, երբ մենք, հաղթահարելով բոլոր կենսական դժվարությունները, կկարողանանք կերտել մեր երազած հայրենիքը»,-աում է լիբանանահայ արվեստաբանը։

Հաջողության հասնելու համար Հերկելյանը խորհուրդ է տալիս ուսումնասիրել ու կիրառել նաև Սինգապուրի փորձը, երբ առաջին վարչապետ Լի Կուան Յուն հայտարարեց, որ իրենց միակ ուժն ու հարստությունը իրենց ժողովրդի ստեղծագործ միքտն է։

«Նա շատ համեստ մարդ էր, երբեք ցուցադրական բաներ չէր անում։ Նա չհայտարարեց տնտեսական հեղափոխության մասին, կոչ չարեց, որ դրսից գան, ներդրումներ անեն, այլ այնպիսի պայմաններ առաջարկեց դրսի ներդրողներին, որ ինքնակամ եկան ու ներդրումներ արեցին։ Նա դրսից բերեց տնտեսագետներ, գումար տվեց, ասեց՝ մտածեք, թե ոնց կարող եք մեր երկրի տնտեսությունը վերականգնել, իր երկրի ուսանողներին պետական ծախսով ուղարկեց դրսի լավագույն բուհերում ուսանելու, որ վերադառնան ու շենացնեն երկիրը։ Եվ այսօր Սինգապուրի ժողովրդի մեջ գրեթե աղքատներ չկան, բացարձակ մեծամասնությունը հարուստ է և բարեկեցիկ»։

Հայաստանի զարգացումը մշակութային դիտանկյունից Հերկելյանը տեսնում է մշակույթը տնտեսականացնելու, քաղաքականացնելու մեջ և հակառակը՝ տնտեսությունն ու քաղաքականությունը մշակութացնելու մեջ։

Նա առաջարկում է իշխանություններին համախմբել Հայրենիքում և Սփյուռքում մեծ հաջողություններ գրանցած մասնագետներին, որոնք, իրենց անձնական ու պետական փորձառությունը հաշվի առնելով, կմշակեն մեր երկրի զարգացման տեսլականը, որտեղ «ինչ անելուց» բացի մատնանշված կլինի նաև «ինչպես անելը»։

«Ինչպես նախկինում, այսօր էլ փաստորեն ըստ արժանվույն չի կարևորվում մշակույթը։ Մինչդեռ մեր նոր իշխանությունները պետք է հասկանան, որ այն ամենը, ինչ անում են, ազգային մշակույթի համար է, քանի որ դա է մեր ազգի գոյության իմաստը։ Չկա մշակույթ՝ չկա ազգ։ Այսօր շատ է շահարկվում հպարտ քաղաքացի ձևակերպումը, և քաղաքացիությունը երբեմն շփոթվում է ազգության հետ։ Հպարտ քաղաքացուց առաջ մեզ պետք է գիտակից քաղաքացի, որը հիմնված կլինի ազգային բարոյականության և ազգային մշակույթի վրա՝ լայն իմաստով։ Առանց դրա հպարտությունը միգուցե վերածվի դատարկ մեծամտության և ամբարտավանության»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: