Հայերեն   English   Русский  

Թյուր է այն կարծիքը , որ շախմատը միայն խելացիների համար է. Յուդիթ Պոլգար


  
դիտումներ: 551

2011-2012 ուստարում կրթության եւ գիտության նախարարության կողմից շախմատ առարկան ներառվեց տարրական դասարաններում որպես պարտադիր ուսուցանվող առարկա:

Սկզբնական շրջանում դասընթացը անցկացվում էր 2-րդ և 3-րդ դասարաններում, իսկ հետագայում այն տեղ գտավ նաեւ 4-րդ դասարանցիների դասացուցակներում:

Մարդիկ, որոնք սկզբում դեմ էին շախմատը դպրոցում ծրագրին, սկսեցին հասկանալ, որ երեխաները հետաքրքրված են շախմատով, նրանք խաղում են, նրանց հմտություններն օրեցօր բարելավում էր։ Այսօր «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողովին իր ելույթում ասաց ՖԻԵԴ-ի փոխնախագահ, հունգարացի շախմատիստուհի, գրոսմայստեր Յուդիթ Պոլգարը՝ խոսելով իր փորձի մասին։ Նա շեշտեց՝ թյուր է այն կարծիքը, որ շախմատը միայն խելացիների համար է։

«Ծրագիրը բոլորի համար է, նաև նրանց, ովքեր օժտվածությամբ չեն փայլում։ Ինձ համար շատ կարևոր է, որ սա երեխաներին տա ինքնավստահություն, քանի որ իրենց հենց այդ ինքնավստահությունն է պետք, որ նրանք սավառնել կարողանան։ Ուսուցիչը հենց այդ ուղղությամբ պետք է աշխատանք ծավալի, նրանց ուղղորդի, գաղափարներ տա, հարցեր տալ սովորեցնի, նրանց հետաքրքրությունը վառ պահի»,- ասաց նա։

Յուդիթ Պոլգարը հայտարարեց, որ իր համար պատիվ է ՖԻԵԴ-ի՝ «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ և գիտաժողովի անցկացման նախաձեռնող Սմբատ Լպուտյանի հետ համատեղ աշխատանքը։ Նա նկատեց, որ Սմբատ Լպուտյանը 2 տասնամյակից ավել է ջանասիրությամբ աշխատում է, որ շախմատը ներդրվի դպրոցներում։

«Կարծում եմ՝ ՀՀ-ում շախմատը դպրոցներում դասավանդելն օրինակ է ամբողջ աշխարհի համար։ Հայաստանը հրաշալի շախմատային անցյալ ունի, բայց նաև Սմբատ Լպուտյանի թիմին է մեծ աշխատանք տարել այս ամենն ավելի առաջ տանելու համար։ Հայկական մոտեցումն իսկապես շատ օրինակել է»,- ընդգծեց Պոլգարը։

Հունգարացի գրոսմայստերին նաև ապշեցրել են հայ երեխաները, որոնք, ըստ նրա, շատ լավ են շախման խաղում։

Երբ Հայաստանի դպրոցական ծրագրում շախմատը պարտադիր առարկա դարձավ, հայ հասարակությունը ևս ողջունեց այդ գաղափարը :

Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը վերջերս լրագրողների հետ զրույցում նշել էր, որ դպրոցներում շախմատը որպես առարկա մտցնելը պետության ձեռքբերումներից է և նորամուծություն է աշխարհում:

Դեռ 2014թ.-ին արգենտինական «La Nación» պարբերականը բավական ծավալուն հոդվածով անդրադարձ էր կատարել Հայաստանին՝ անվանելով այն շախմատային գերտերություն և հանգամանալից ներկայացրել մեր շախմատային ավանդույթներն ու ձեռքբերումները:

Հոդվածում հատկապես կարևորություն է տրվում ՀՀ դպրոցներում 2011թ.-ից շախմատը որպես պարտադիր առարկա դասավանդելու որոշումը, որը, ըստ հեղինակի, «մինչև աստղերը բարձրացրեց հազարամյա խաղի ժողովրդականությունը»: «Հայաստանում կա 1500 դպրոց, որտեղ 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններում շախմատը դասավանդվում է որպես պարտադիր առարկա, և շուրջ 120.000 աշակերտներ սովորում են շախմատ խաղալ: Սա այն տարիքն է, որն ամենահարմարն է շախմատ սովորելու համար: Ավելի քան 1219 հատուկ պատրաստվածություն անցած ուսուցիչներ են դասավանդում այդ առարկան»:

Հիշեցնենք, որ Ծաղկաձորում մեկնարկել է «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցության հայտ են ներկայացրել 20-ից ավել ներկայացուցիչներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: