Հայերեն   English   Русский  

​Յասամանաբույր երազանքներ...


  
դիտումներ: 1517

Արցախյան պատերազմի հերոս, նվիրյալ ազատամարտիկ, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Դուշման Վարդան Ստեփանյանի քույր Արմենուհի Ստեփանյանը

(Գարեգին Նժդեհի անվան հ. 161 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի) պատմում է, որ եղբայրը շատ երազանքներ ուներ ու բոլորն էլ՝ անանձնական: Դրանցից ամենանվիրականը Շուշին ազատագրելը և Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին յասամաններ տնկելն է եղել. «Վարդանը յասամաններ շատ էր սիրում և Շուշիի ազատագրումից հետո, երբ հետ է վերադարձել, մայրիկին ասել է՝ Շուշիից մինչև Ստեփանակերտ յասամաններ եմ տնկելու, որ դրանց միջով բարձրանաս Ղազանչեցոց եկեղեցի՝ մոմ վառելու»:

տնկվում են յասամանների առաջին երկու հարյուր տնկիները,բակո սահակյան,արշավիր

2019-ի ապրիլի վեցին Վարդանի երազանքը կյանքի կոչվեց: Տարիներ առաջ հերոսի մայրը հարցազրույցներից մեկում պատմում է յասամանների մասին, և մի երիտասարդ՝ Զաքար Խոջաբաղյանը, որոշում է անպայման կյանքի կոչել այն, բայց Ապրիլյան քառօրյա պատերազմը հետաձգում է գաղափարի իրականացումը: Արդեն այս տարի՝ Վարդանի ծննդյան 53-րդ տարեդարձին, Զաքարը վերջնական որոշում է, որ հերոսի 55-ամյակին Զարիկ մայրիկը Ղազանչեցոց եկեղեցի մոմ վառելու կգնա ծաղկած յասամանների միջով: Զաքարի ու բազում հայ երիտասարդների ջանքերով կատարվում են անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքները, և Դուշմանի ընտանիքի անդամներին մնում էր միայն մեկնել Արցախ: Արմենուհին պատմում է, որ Զարիկ մայրիկն անգամ վատառողջ է եղել, բայց Արցախի հողում լինելու և որդու երազանքն իրականացած տեսնելու միտքը ուժ է տվել, և արդեն կազդուրված կարողացել է երիտասարդների հետ հավասար մասնակցել ծառատունկին: «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպության, Հայաստանից մեկնած հայ երիտասարդների, այդ թվում և Ազգային ժողովի երիտասարդ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ու տասնյակ զինվորների ջանքերով տնկվում են յասամանների առաջին երկու հարյուր տնկիները: Իր ներկայությամբ միջոցառումը պատվում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Այդտեղ էլ նա շատ հանկարծակի հայտարարում է, որ Վարդանի Շուշիում տուն ունենալու երազանքը այլևս արդեն իրականություն է, և տան բանալիները նվիրում է Զարիկ մայրիկին: Արմենուհին բացատրում է, որ Վարդանը Շուշին ազատագրելուց դեռ շատ առաջ էր որոշել Ղազանչեցոց եկեղեցու դիմաց տուն վերցնել և ապրել այնտեղ մոր հետ: Հայտնի պատմություն կա՝ երբ ժամանակին Խոջալուի ազատագրումից հետո Արթուր Մկրտչյանը Վարդանին մի հրաշալի տուն էր առաջարկել, Վարդանը մերժել էր՝ ասելով, որ իր տունը Շուշիում է լինելու: Եվ հենց այդ ժամանակ էլ փաստել էր, որ իր հեռահար նպատակը Շուշին ազատագրված տեսնելն է:

Արշավիր Ղարամյան,Բակո Սահակյան,Զարիկ

Զրուցակիցս ուրախությամբ է նկատում՝ ինչպես են 27 տարի անց եղբոր երազանքներն առանց նրա ֆիզիկական ներկայության կյանքի կոչվում: Քրոջ խոսքով՝ Վարդանի ֆենոմենը նրա կենդանի ներկայության զգացողությունն է: Վարդանն ապրում է յուրաքանչյուր Վարդան սիրող մարդու մեջ, յուրաքանչյուրն իր մեջ կրում է իր բաժին Վարդանին: Դրա համար էլ հերոսի երազանքները ոգևորում ու կանչում են երիտասարդներին: Արմենուհին արդեն համոզված է՝ եթե ոչ ինքը, ապա իր երեխաներն ու թոռներն անպայման իրականացած են տեսնելու Վարդանի մյուս բոլոր երազանքները՝ ընդհուպ մինչ Վանա լճի ափին «Ախթամար» կոնյակ խմելը և Մասիսը տուն բերելը:

«Վարդանի հետ ապրել եմ այդքան տարի, բայց երբեք չեմ լսել, որ ասեր՝ ուզում եմ սա ունենալ: Հիշում եմ՝ ինչպես էր մայրս Վարդանի Աֆղանստանից հետ վերադառնալուց հետո փորձում նրա համար կահույք ձեռք բերել: Իսկ նա ասում էր՝ մայրս չի պատկերացնում, որ ինձ ոչինչ պետք չէ, ինձ երկու մետր հող է պետք, այն էլ չգիտեմ՝ կարժանանամ, թե չէ: Արժանացավ մայր հողին...»,- հուզվում է Արմենուհին և շարունակում. «Ծառատունկի ժամանակ ոգևորիչ էր բոլոր մասնակիցների, հատկապես զինվորների միասնական լինելը. բոլորի համար կար միայն հայ լինելու գաղափարն՝ առանց արցախցի, հայաստանցի, ջավախքցի և այլ տարանջատումների, ինչը միշտ երազել է Վարդանը՝ համոզված լինելով, որ ինքներս մեզ նման բաժանումների ենթարկելով թուլանում ենք ներսից և նպաստում թուրքի վաղեմի ցանկության իրականացմանը»:

տնկվում են յասամանների առաջին երկու հարյուր տնկիները,բակո սահակյան,արշավիր

Արմենուհին նաև նկատեց, որ նմանատիպ հայրենասիրական միջոցառումները, որոնց հիմքում ընդհանուր նպատակ և ազնիվ գաղափարներ են դրված, օգնում են մարդկանց առավել միասնական ու հայրենապաշտ դառնալ, ինչպես նաև պատկերացում են տալիս ժամանակակից երիտասարդության նկարագրի մասին: Նրանք գործնական են, զարգացած, նպատակասլաց և հայրենասիրությունը ներկայացնում են ոչ թե բառերով, այլ ի նպաստ հայրենիքի արված գործերով: «Վարդանն ասում էր, որ ամեն մարդ ոչ թե պիտի գնա նորաձևության հետևից, այլ զբաղվի իր սիրելի գործով: Այսօր էլ այս պատգամը շարունակում է արդիական մնալ: Բարեբախտաբար, մեր երիտասարդներն աստիճանաբար հենց այդպիսին էլ դառնում են»,- հավաստիացրեց Արմենուհին և ուրախությամբ հայտնեց, որ նախաձեռնող տղաները որոշել են յասամանների հետ մեկտեղ տնկել նաև այլ ծառեր, որովհետև յասամանը շուտ ծաղկում ու թառամում է, իսկ ճանապարհը ցանկալի է՝ տարվա ընթացքում ինչքան հնարավոր է երկար զարդարված մնա: Տնկված 200 յասամանները դեռ սկիզբն են Վարդանի երազանքի. նախաձեռնությունը շարունակական է լինելու:

Մեր դիտարկմանը, որ Շուշիում Զարիկ մայրիկին նվիրված այդ նոր տունը համացանցում շրջանառվում է որպես տուն-թանգարան, Արմինեն պատասխանեց, որ իրականում դա հենց այդպես էլ կա, որովհետև այն հանգամանքը, որ այդտեղ պիտի հյուրընկալվեն Վարդանի երազանքն իրականացնողները, Վարդանին իրենց ներսում կրողները, արդեն իսկ այդ տունը դարձնում է տուն-թանգարան: «Բացի դրանից՝ այդ տանը ևս կլինեն Վարդանի ժպտերես նկարները, որ կդիմավորեն ու կճանապարհեն մարդկանց, կլինեն եղբորս անձնական իրերը, շարադրությունները, նրան վերաբերող տեսագրությունները, որ կենդանություն կտան ու շոշափելի կդարձնեն Վարդանի ներկայությունը»,-հավելում է Արմենուհին և արցունքն աչքերին պատմում. «Դեռ մեկ անգամ եմ եղել Շուշիի այդ տանը, որտեղ զարմանալիորեն մտել եմ հենց Վարդանի տուն ոտք դնելու զգացողությամբ, իսկ առավոտյան արթնացել եմ Սուրբ Ղազանչեցոց և Կանաչավոր եկեղեցիների իրար հաջորդող զանգերի ղողանջից, որոնց ավարտից հետո մոտեցել եմ պատուհանին և սրտի թրթիռով ականատես եղել մի խումբ ժիր ու աշխույժ երեխաների աղմկալից խաղին: Վարդանը միշտ մեր տան պատուհանից հետևում էր բակում խաղացող երեխաներին և մորս այն համառ պահանջին, որ ինքն էլ ամուսնանա, իր երեխաներն ունենա, ասում էր՝ ուրիշի երեխաներ չկան, մա´յր, բոլորն էլ մեր երեխաներն են: Եվ այնքան խորհրդանշական է, որ Վարդանի արցախյան բնակարանը գտնվում է հենց բազմազավակ երեխաներ ունեցող ընտանիքներին հատկացված շենքում: Եղբորս նվիրական երազանքներից էր, որ հայկական ընտանիքներում շատ երեխաներ ծնվեն: Մի՞թե հրաշք չէ, որ նրա երազած ու ազատագրած Շուշիում, որն այսօր ապրող, շնչող քաղաք է, բազում հայ երեխաներ են վազվզում ու խաղում, հենց Վարդանի խաղացած խաղերն են խաղում: Այդ զվարթ երեխաների աղմուկն ու եկեղեցիների զանգերի ղողանջն իրոք հրաշալի էր, անմոռանալի ու կանչող: Եվ մենք որոշել ենք անպայման ամսվա մեջ գոնե մեկ անգամ լինել Վարդանի տանը, հյուրընկալել մարդկանց ու պատմել նրա մասին: Ի դեպ, տունն արդեն կահավորված է Վարդանի մարտական ընկեր Արշավիր Ղարամյանի ջանքերով, որն անգամ շնորհակալական խոսքեր չուզեց լսել, որովհետև միայն ու միայն Վարդանի համար էր արել այդ ամենը: Տան հետ կապված ամեն ինչ իրականանում է այլ մարդկանց ջանքերով, որի համար կարելի է շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր նախաձեռնողի՝ սկսած Բակո Սահակյանից: Միայն հիշենք, որ այդ քայլով նրանք արդեն այլ կերպ ապահովեցին Վարդանի ներկայությունը Շուշիում:

Այս տարի մայիսի ինը մենք կանցկացնենք Արցախում՝ արդեն Վարդանի տանը: Ես երջանիկ եմ, որ 27 տարի առաջ մայիսի իննին եղբայրս անձամբ վայելել է իր մեծագույն երազանքներից մեկի իրականություն դառնալը: Իմ երազանքն ու տոնի առթիվ ունեցած մաղթանքս է, որ բոլոր հայ ընտանիքները բարգավաճեն, բազմազավակ ընտանիքները շատանան, որ յուրաքանչյուր բակով անցնելիս միայն երեխաների ծիծաղ և աղմուկ լսվի, և, վերջիվերջո, հայ մայրը հանգիստ գլուխը դնի բարձին, ու որդի կորցնելու վախը ոչ մի հայ մոր սիրտ չսողոսկի»:

Դուշման Վարդանի անվան երևանյան տուն-թանգարանում գարնանը միշտ փարթամորեն ծաղկում են Զարիկ մայրիկի տնկած յասամանները՝ ի հիշատակ որդու երազանքների, երազանքներ, որ այնքան վեհ ու նվիրական են հնչում մայիսյան այս հաղթական օրերին և ապրելու, արարելու, Վարդանի երազանքներն իրականացնելու, նրա անունով որդիներ ունենալու և նրանց հենց Վարդանի թողած պատգամներով դաստիարակելու անհուն ցանկությամբ են լցնում երիտասարդների սրտերը:

Ամեն ինչ այնքան վեհ ու հուսադրող է, երբ վարդանավայել ես ապրում...

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: