Հայերեն   English   Русский  

Որևէ մակարդակում շփումների բացակայությունն է նաև հանգեցրել նման ծայրահեղ հռետորաբանության․ թյուրքագետ


  
դիտումներ: 1104

Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ հռետորաբանության կոշտացման, դրա պատճառների ու հետևանքների մասին է «Անկախը» զրուցել թյուրքագետ, ԵՊՀ դասախոս Վարուժան Գեղամյանի հետ։

-Վարուժան, նախորդ առնվազն 10 տարիների համեմատությամբ Թուրքիայի հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ կտրուկ փոխվել է՝ դառնալով ավելի ագրեսիվ։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը։

-Ինձ թվում է՝ առաջին հերթին պայմանավորված է այս պահին Թուրքիայի ներքաղաքական կյանքում տիրող իրավիճակով։ Մասնավորապես, իշխող կուսակցությունն անհրաժեշտություն ունի իր շուրջը մոբիլիզացնելու նոր ընտրազանգված։ Եվ քանի որ այդ ընտրազանգվածի գերակշիռ մասն իսլամադավան և ազգայնական տրամադրություններ ունեցող է, հայկական թեման, ի շարս այլ թեմաների, յուրահատուկ ուղերձ է այդ ազգայնական զանգվածին։

Մյուս պատճառներից մեկը, որ կարող եմ նշել, այս պահին երկու երկրների միջև ընդհանրապես որևէ մակարդակում շփումների բացակայությունն է, որը ոչ պակաս ազդեցություն է ունենում շփումների հռետորաբանության մեղմացման վրա։

-Իսկ ընտրազանգվածի մոբիլիզացում անհրաժեշտ է 2023-ի ընտրությունների՞ համար։

-Ոչ, հիմա, այս պահին ՏԻՄ ընտրություններում առաջացած խնդիրներով է պայմանավորված։ Ակնհայտ է, որ կա որոշակի անկում և նոր համախմբման որոշակի պահանջ։ Այդ համախմբումն այս պարագայում հավանական է, որ կլինի ազգայնականության թեմայի շուրջ։

-Իսկ հռետորաբանության փոփոխությունն ինչպե՞ս կազդի երկու երկրների առանց այն էլ գոյություն չունեցող հարաբերությունների վրա։

-Կարծում եմ, որ այստեղ հիմնական խնդիրն այն է, որ այդ հարաբերությունների բացակայությունն է հանգեցրել նման լարվածության և մեծ ջանքեր են պետք, որ այդ ծայրահեղ մոտեցումները գոնե ինչ-որ չափով մեղմվեն։ Ես մշտապես ասել եմ, հիմա էլ կկրկնեմ, անկախ այն բանից՝ կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ երկու երկրների միջև, թե ոչ, կարևոր է, որ լինի շփում և՛ հանրային դիվանագիտության, և՛ բուն դիվանագիտության մակարդակում։ Անշուշտ, պետք է լինեն շփումներ, որոնք էլ որոշակի գործընթաց և հռետորաբանության որոշակի մեղմացում են ապահովում։ Այս դեպքում նաև դրանց բացակայությունն է հանգեցրել նման ծայրահեղ հռետորաբանության։

-Հայաստանը ստեղծված իրավիճակում ինչպե՞ս պետք է արձագանքի և գործի։

-Ավելի լայն համատեքստում, մերձավորարևելյան և տարածաշրջանային քաղաքականության համատեքստում պետք է մշակվի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ռազմավարական ծրագիր։ Ի՞նչ ենք ուզում և ինչպիսի՞ հնարավոր տարբերակներ կան․ այդպիսի մշակումներ պետք է արվեն ամենաբարձր մակարդակով։

-Եվ արվո՞ւմ է նման բան, տեղյա՞կ եք։

-Ինձ նման տվյալներ հայտնի չեն։

-Ադրբեջանը որքանո՞վ դերակատարություն ունի Թուրքիայի հռետորաբանության կոշտացման գործում։

-Չեմ կարծում, որ դա էական նշանակություն ունի այս պահին։ Եթե խոսում ենք վերջին մի քանի ամիսներին առաջացած դրսևորումների մասին, չեմ կարծում, որ դրանցում ինչ-որ ակնհայտ ադրբեջանական հետք կա։ Անշուշտ, ֆոնը փոխվել է՝ պայմանավորված Ադրբեջան-Թուրքիա տնտեսական հարաբերությունների էլ ավելի խորացմամբ, բայց դա առաջնային դերակատարություն չունի այս պարագայում։

-Ապրիլի 24-յան ուղերձում Էրդողանը հայերնին մեղադրեց ոչ թե թուրքերին, այլ մահմեդականներին կոտորելու մեջ։ Ձեր կարծիքով՝ այս հայտարարությամբ մահմեդական աշխարհում հակահայկական տրամադրություններ ստեղծելու մի՞տում ուներ։

-Չեմ կարծում, որ այդպիսի լսարանների էր ուղղված այդ կոչը։ Սա ներքին ծայրահեղական լսարանին էր ուղղված։ Դատելով արձագանքից, որ հայտարարությունն առաջացրեց արտաքին աշխարհում, այդ թվում և արաբական աշխարհում, իսկ եղավ զրո արձագանք, կարելի է հանգիստ ենթադրել, որ արաբական կամ մուսուլմանական երկրների կարծիքի վրա ազդելու նպատակ չկար։ Բայց դա չի նշանակում, որ եթե դա պարբերաբար կրկնվի, ապա չեն առաջանա այդպիսի հայտարարություններին սատարող ուժեր։

-Ներկայում բավականին լարված են Թուրքիայի և արաբական աշխարհի մի շարք երկրների հարաբերությունները։ Այս իրավիճակում ի՞նչ կարող է անել Հայաստանը և ինչպե՞ս կարող է օգտվել իրավիճակից։

-Անհրաժեշտ է տարածաշրջանային հստակ քաղաքականություն, մի քանի՝ և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ հեռանկար ունեցող մոտեցումների մշակում, որը պետք է ենթադրի բազմաբևեռ պրոակտիվ քաղաքականություն նույն Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի հետ, բայց ոչ ուրիշ երկրի հետ հարաբերությունների հաշվին։ Բազմաբևեռ ու պրոակտիվ քաղաքականությունը կարող է, օրինակ՝ հանգեցնել տարբեր առանցքների ձևավորման, և Հայաստանը դրանից կարող է միայն շահել։ Ես չեմ ասում, որ դա կտա ֆանտաստիկ արդյունքներ, բայց այն, որ դա բոլորովին այլ կերպ կդիրքավորի Հայաստանը այս մեծ տարածաշրջանում, որն անընդհատ փոփոխվում է, դա փաստ է։ Եվ դա ենթադրում է շարունակական աշխատանք, անընդհատ մշակումներ և բանակցություններ։

-Նշեցիք, որ ներկա ընտրությունների համար են հայտարարություններ արվում։ Արդյո՞ք հետագայում հռետորաբանության փոփոխություն կարող է լինել։

-Կարող է լինել՝ կախված հանգամանքներից և ներքին օրակարգից։ Հարցը, օրինակ՝ կարող է մոռացության մատնվել ու ոչ մեկը որևէ կերպ չանդրադառնա դրան թուրքական կողմից։ Բայց ընդհանուր միտումը հետևյալն է՝ Թուրքիայում իսլամական ազգայնականությունը գերդոմինանտ գաղափարախոսության է վերածվել։ Այս պահին այն փաստացի ձևավորում է թուրքական քաղաքականության ողջ գաղափարախոսական ներկապնակը, դրա շուրջ են բոլոր քննարկումները։ Քանի այդ գաղափարախոսությունն ուժեղ է, քանի այդ գաղափարախոսությունն ունի մեծ թվով հետևորդներ և իշխանությունն էլ հարում է դրան, չի կարելի սպասել, որ կունենանք դրամատիկ կամ ծայրահեղ փոփոխություններ։ Եվ այս պարագայում մեր աշխատանքը նախկինի համեմատ ավելի է մեծանում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: