Հայերեն   English   Русский  

​«Քարահունջ» աստղադիտարանի տարածքում իրականացվող ապօրինությունների պատճառով ոչնչացվում և նսեմացվում է արժեքավոր պատմամշակութային կոթողը


  
դիտումներ: 1254

Սյունիքի մարզից քիչ հեռու գտնվող Քարահունջ հուշարձան֊համալիրն ունի 7500 և ավելի տարվա պատմություն։

Այն Աշխարհի հնագույն աստղադիտարաններից է, և մեր ազգային մշակույթի, անցած ճանապարհի և համաշխարհային մշակույթի ձևավորման գործում մեր ուրույն դերակատարության անձնագիրը։ Քարահունջի աստղադիտարան լինելու հանգամանքը փաստել են ոչ միայն հայազգի բազմաթիվ գիտնականներ, ինչպիսիք են

Պարիս Հերունի

Պարիս Հերունին, Վաչագան Վահրադյանը և այլոք, այլև բազմաթիվ եվրոպացի գիտնականներ և աստղագետներ։

2018 թ. կատարված պեղումներից հետո սկսեցին շրջանառվել սուտ տեղեկություններ, որի համաձայն Քարահունջը ոչ թե աստղադիտարան է, այլ ընդհամենը դամբարանադաշտ։ Այս պնդումը հիմնավորվում է Քարահունջի տարածքում հայտնաբերված ոսկորներով, որոնք, սակայն, չեն նկարվել, և, առհասարակ, չկան այնպիսի լուսանկարներ, որոնք ներկայացնում են Քարահունջում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները։ Սակայն պեղումների արդյունքում քարերը տեղաշարժվել են, խախտելով ոչ միայն իրենց դիրքը, այլև իրենց առանցքը ազիմուտի նկատմամբ, կորցնելով իրենց ֆունկցիոնալ նշանակությունը։ Մի քանի կարևորագույն նշանակության քարերի հարևանությամբ փորվել են հսկայական փոսեր, որոնք գարնանային ձնհալների ժամանակ կարող են վտանգ ներկայացնել այդ քարերի կանգուն վիճակին։

Հիշեցնենք, որ Քարահունջը շուրջ 7500 և ավելի տարեկան է, և հանդիսանում է հայկական ամենահին մշակութային արժեքներից մեկը։

Մարտի 11-ին «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցում գտնվող «Քարահունջ» աստղադիտարանում պեղումների անվան տակ կատարվող գործողությունների դեմ պայքարող «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմել էր Հ Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ահազանգելով, որ «Քարահունջ» աստղադիտարանի տարածքում իրականացվող ապօրինությունների պատճառով ոչնչացվում և նսեմացվում է արժեքավոր պատմամշակութային կոթողը։ Նամակում նշվում է, որ ՀՀ պետական մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտքարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը, միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա, լիազորված մարմնից ստացել է բաց թերթիկ, որը թույլ է տալիս հնագիտական պեղումներ իրականացնել «Քարահունջ աստղադիտարան» պատմամշակութային հնավայրի տարածքում և 2013-ից սկսել է ավելի քան 7 500 տարվա վաղեմություն ունեցող քարե աստղադիտարանի պեղումները: Բոլոր նամակները վարչապետին և այլ գերատեսչություններ վերահասցեագրվում են մշակույթի նախարարություն, որը տալիս է անհեթեթ պատասխաններ և պաշտպանում է Ա. Փիլիպոսյանին և Ավագյանին:

Քարահունջի պահպանման քաղաքացիական շարժումը հանդես եկավ նաև հայտարարությամբ , որտեղ հնարավորինս ամփոփ նկարագրվում էր Քարահունջի խնդիրը, Քարահունջում ստեղծված իրավիճակը.

քարահունջ

2018թ․ օգոստոսին պեղումների անվան տակ հնագետ Աշոտ Փիլիպոսյանը անթույլատրելի մեթոդներով և քարերը վնասելով փորել է Քարահունջի մեգալիթների հիմքերը և ոչնչացրել նրանց հիմքում կայունության համար դարեր ի վեր կառուցված ստորգետնյա հիմնապատը, ինչը վտանգում է քարերի կայունությունը, և, հետևաբար, կառույցի արժեքը որպես աստղադիտարան։ Վերջին տարիների և հատկապես 2018թ․-ի օգոստոսի նրա, այսպես ասած, "պեղումները" կատարվել են ՀՀ օրենքների և Եվրոպական կոնվենցիայի մի շարք համապատասխան դրույթների խախտումներով։

«Զորաց Քարեր» արգելոցի (որի մեջ է մտնում համաձայն ՀՀ կառավարության առ 29 հուլիսի 2004 թվականի N 1095-Ն որոշման «Քարահունջ աստղադիտարանը») տնօրեն Աշոտ Ավագյանը իր հսկողական գործունեության ընթացքում իր հերթին խախտել է մի շարք օրենքներ (օրինակ՝ Քարահունջի տարածքում բազմիցս վառել էր խարույկներ, թույլ էր տվել այնտեղ անասունների արածումը, մեքենաների մուտքը անմիջապես մեգալիթների մոտ և այլն)։ Հիշեցնենք հանրությանը, որ Քարահունջի և հարակից տարածքներում նա մոտ 20 տարվա ընթացքում բազմիցս իրականացրել էր տարօրինակ բնույթի ծեսեր (օրինակ՝ կազմակերպել էր իր իսկ թաղման արարողությունը Քարահունջի տարածքում, արարողություններ մերկ կանանց մասնակցությամբ և այլն), պարաններով Քարահունջի քարերից կախել իր նկարները, և կատարել այլ գործողություններ՝ պղծելով Քարահունջը, որը տասնյակ հազարավոր հայերի համար հանդիսանում է սրբավայր։

Այսպիսով, այս երկու անձնավորությունների գործողությունները միտված են ոչնչացնել մեր պատմամշակութային գիտական հնագույն կրթական և հոգևոր հուշարձան՝ հայ ազգի պարծանք և մեր ինքնության կոթող հանդիսացող Քարահունջի մեգալիթյան աստղադիտարանը։

Այս պահին մենք չունենք խնդիր ապացուցելու, որ Քարահունջը աստղադիտարան է, դա վաղուց ապացուցված է ակադեմիկոս Պարիս Հերունու կողմից և հաստատված է մի շարք հանրաճանաչ արտասահմանյան և հայ մասնագետների կողմից, ինչպիսիք են՝ գիտությունների դոկտոր, շվեյցարացի Հ.Պ. Կլայները, Եվրասիական աստղագիտական միության նախագահ Ն. Բոչկարյովը, հնագույն քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտող Գրահամ Հենկոկը, մեգալիթյային համալիրների հայտնի մասնագետ, պրոֆեսոր Ջերալդ Հոկինսը, ճանաչում ունեցող Նովոսիբիրսկի աստղագիտության գեոդեզիայի ակադեմիայի ավագ դասախոս Ելենա Գիենկոն, հնագետ, անկախ փորձագետներ` Օ. Խնկիկյանը, մաթեմատիկոս, կենսակիբերնետիկ և կենսաբանական գիտությունների թեկնածու Վ.Վահրադյանը, անկախ փորձագետ-հետազոտող Վազգեն Գևորգյանը, Օքսֆորդի համալսարանի և Մեծ Բրիտանիայի Թագավորական Աշխարհագրական ընկերության գիտաշխատողները և ուրիշները։

Նշենք նաև, որ առ այսօր որևէ մեկի կողմից չկա ոչ մի գիտական հակափաստարկ։

Մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսին «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Նանա Հերունին, ճարտարապետ «Ազգային հնչյուն ստուդիայի» տնօրեն Թովմաս Բադալյանը, իրավաբան Պերճուհի Եթարյանն անդրադարձան Քարահունջում իրականացվող պեղումներին:

Նանա Հերունին, որը ի դեպ Պարիս Հերունու դուստրն է, ասաց, որ պեղումներն արվում են պետության կողմից տրված լիցենզիայով, Աշոտ Փիլիպոսյանն է ստացել:

«Լիցենզիան տվել է միջգերատեսչական հանձնաժողովը, որի անդամ է նաև ինքը: Նա 2014 թվականին է ստացել լիցենզիան, բայց բարբարոսական պեղումները սկսել են օգոստոսից: Աշխատանքները բանվոր դասակարգերի ձեռքերով են արվում, շինարարական աշխատանք են կատարում ծանր տեխնիկայով, բահերով, քլունգներով, որը արգելվում է»,-ասաց նա և նշեց, որ նպատակն այն է, որ ցույց տան, թե դա աստղադիտարան չէ և տեղեկացրեց, որ արժեքավոր քարեր են անհետացել:

Նա նշեց, որ ֆինանսավորումն իրականացվում է կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի կողմից, և Նանա Հերունին ասաց, որ իրենք բազմիցս դիմել են համապատասխան բոլոր գերատեսչություններին, վարչապետին, սակայն բոլոր նամակները վերահասցեագրվում են Մշակույթի նախարարությանը, և անհեթեթ պատասխաններ են գալիս այնտեղից, թե վտանգ չկա:

«Երբ Նազենի Ղարիբյանը փոխնախարար էր, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և մեզ անվանել գերազգայնական տգետներ և ասել, որ ես՝ որպես գիտնական, ասում եմ, որ Քարահունջը աստղադիտարան չէ»,-ասաց նա:

Թովմաս Բադալյանը կարծում է, որ փորձ է արվում արժեզրկել Քարահունջը:

«Մշակութային տեռոր է կատարվում, մշակութային գենոցիդ՝ հատուկ ծրագրերով, մտածված հատուկ մարդկանց միջոցով՝ հայ ազգանունով, ովքեր կատարում են այդ գործը: Այսինքն՝ գիտությունը արժեքազրկում են»,-ասաց նա:

Նա նշեց, որ ամենակարևոր ապացույցը, որ այդ քարերը աստղեր դիտելու համար են, երկու ֆիլմ է նկարվել:

«Պետական ռեգիստրում գրված է որպես աստղադիտարան: Իրենք ակնկալիք չունեն, որ այդտեղ բան են գտնելու»,-ասաց նա և նշեց, որ գրանտներ են շահել, որ ասեն, թե այնտեղ աստղադիտարան չէ:

Պերճուհի Եթարյանը նշեց, որ պետությունը պարտավոր է պահպանել հուշարձանները, իսկ Մշակույթի նախարարությունը վերահսկողական գործառույթ պետք է կատարի, որը չի անում:

«Աշոտ Ավագյանը, ով Զորաց քարեր պատմամշակութային արգելոցի ՊՈԱԿ-ի մասնաճյուղի վարիչն է, այնտեղ փոքրիկ քարահունջ է կառուցել և տուրիստների մոտ թյուր կարծիք է ձևավորում, թե սա իսկական Քարահունջն է: Ըստ օրենքի՝ հարող տարածքից դուրս արգելվում է լինի այնպիսի կառույց, որը նսեմացնում կամ արժեզրկում է հիմնական հուշարձանը»,-ասաց նա:

Իրավաբանն ասաց, որ պեղումները իրականացվել է խախտումներով:

«Պետք է խումբ կազմվեր համապատասխան մասնագետների, պետք է չափագրում արվեր և ամեն շերտը բացելուց հետո նկարահանվեր, բայց Փիլիպոսյան Աշոտը կոպտագույն խախտումներ է արել, առանց մասնագետների: Մենք բազմիցս դիմել ենք ոչ մի հստակ ցուցակ չեն ուղարկել, թե ովքեր են մասնագետները»,-ասաց նա:

Ի դեպ, նա հայտնեց, որ Աշոտ Փիլիպոսյանը մեղադրվել է էրեբունի թանգարանից գտածոներ յուրացնելու մեջ և իրեն արգելել են մոտենալ որևէ հուշարձանին և պեղումներ անել:

Նշենք, որ քաղաքացիական նախաձեռնության ահազանգը մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը որակել էր որպես պրովոկացիա:

Քարահունջի պահպանման համար պայքարող քաղաքացիական շարժման հազարավոր մասնակիցները պահանջում են , որպեսզի պեղումները դադարեցվեն, և Ա. Փիլիպոսյանը ու Ա.Ավագյանը պատասխան տան ՀՀ օրենքների և միջազգային կոնվենցիայի դրույթների բազմաթիվ խախտումների համար:

Թամարա Թորոսյան






Մեկնաբանություններ - 2

agob.k     12.05.2019 Gogovurt yte aysbes charunaqvi aybisi chat paner bidi badahi vorovhdev hayastan qorjanelu plan unin nerqa ichhanutyun tuk miyayn qrnak ays huliqanutyan tem ? nuyn isk yte betk A PJAJNEK AYS POLOR SRQANERUN ?

Կարպիս     12.05.2019 Վստահաբար արտասահմանից է հրահանգը գալիս՝ Քարահունջ Աստղադիտարանը ոչնչացնել, որպեսզի չառնչվի Stone Hange-ի հետ:

Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: