Հայերեն   English   Русский  

Արդյո՞ք ուսուցիչը նաև սցենարիստ է, բեմադրող ռեժիսոր... Ու՞մ համար է դասը


  
դիտումներ: 982

Մեր նախորդ նյութերում անդրադարձել էինք «Պարադիգմա» կրթական հիմնադրամի ստեղծման մասին, որը միանգամից հետաքրքիր մտածողության,

գաղափարների, հետաքրքիր փոփոխությունների օրակարգ առաջադրեց կրթության ոլորտում և կրթական համակարգում, մասնավորապես՝ կապված ուսուցչի դերի հետ:

Ստեղծողները նշում են, որ «ժամանակն է օգնել ուսուցչին՝ փոխել նրա մոտեցումը, որ նա փոխի համակարգը: Ուսուցիչը մեծ դեր ունի: Եվ ուսուցչի մոտեցման փոփոխությունը կփոխի կրթության բնույթը և ուսուցչի հանրային ընկալումը:

դպրոցական միջոցառում

Ըստ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի դպրոցական միջոցառումը կարող է սահուն չընթանալ, այնտեղ կարող են լինել տասնյակ սխալներ….կարևոր է, որ աշակերտներն ունենան փորձի և սխալվելու միջավայր, ուր հանդիսատեսը չի եկել իրենց և իրենց ուսուցչին դատելու» ։

Միջոցառում կազմակերպելն ուսուցչի կողմից հաճախակի կրկնվող աշխատանք է։ Ավանդույթի համաձայն դասարանը դպրոցական հանդիսատեսի խիստ դատին առնվանզ տարեկան մեկ մեծ միջոցառում է ներկայացնում։ Ճիշտ ինչպես թատրոնում, միջոցառմանը նախորդում է ծավալուն մի աշխատանք։ Ուսուցիչը պետք է սցենար կազմի, դերաբաշխում իրականացնի, բեմադրի, ելույթ գրի կամ գտնի...իսկ միջոցառման օրը աշակերտները բայց և հատկապես ուսուցիչը պետք է սրտատրոփ սպասի հանդիսատեսի և տնօրենի արձագանքին….ավելի վատ եթե նաև «դրսից» հյուրեր կան՝ քաղաքապետարանից, մարզպետարանից…էլ ավելի վատ եթե ծնողին դուր չի եկել դերի ընտրությունը….իսկ ինչպես արդարանալ, եթե հանկարծ դերասանները ինչ-որ բան շփոթեցին…

Կրթական հիմնադրամ շեշտում է, որ եթե ապագային պատրաստ աշակերտ ենք ուզում, պետք է փոխենք դպրոցական միջոցառման վերաբերյալ մեր ընկալումը։

Մեկ միջոցառման կազմակերպումը կարող է մի շարք հմտություններ զարգացնել՝ թիմային աշխատանք, գրավոր և բանավոր խոսքի կառուցում, ստեղծարարություն, աշխատանքի պլանավորում, ժամանակի կառավարում։

Այս հմտություններից շատերը Համաշխարհային տնտեսական ֆորումն առանձնացնում է որպես ապագայի հմտություններ։

Ո՞վ է զարգացնում այս բոլոր հմտությունները, երբ միջոցառման կազմակերպման զգալի մասն իրականցնում է ուսուցիչն, իսկ աշակերտներին մնում է սպառողի գործը՝ խաղալ իրենց դերը։

Ուսուցչի դերը ոչ թե միջոցառում կազմակերպելն է, այլ մոտիվացնելը, ուղղորդող հարցեր տալը ։ Այդ միջոցառումը նախ և առաջ աշակերտներին է պետք, հետևաբար, հիմնական գործը պետք է հենց նրանք անեն։ Միջոցառումը հիանալի հնարավորություն է փորձելու և սովորելու, միմյանց ճանաչելու և համագործակցելու։ Դպրոցական միջոցառումը կարող է սահուն չընթանալ, այնտեղ կարող են լինել տասնյակ սխալներ….կարևոր է, որ աշակերտներն ունենան փորձի և սխալվելու միջավայր, ուր հանդիսատեսը չի եկել իրենց և իրենց ուսուցչին դատելու։ Դպրոցն ի վերջո տարբերվում է թատրոնից։

Մենք կարող ենք ազատել ուսուցչին անիմաստ բովանդակությունից և փոխել դասի բնույթը եթե պատասխանենք մեկ հարցի՝ ո՞ւմ համար է դասը։

«Այնքան էլ հեշտ որոշում չէր: Ես հասկացա, որ եթե փորձում ենք ունենալ մտածող, ստեղծագործող, կազմակերպող , համագործակցող քաղաքացի, ապա պետք է փոխել, ոչ միայն դասապրոցեսը, այլև միջոցառումների կազմակերպումը»:

«Պարադիգմա» կրթական հիմնադրամի ներկայացրած այս մեջբերումը Սիսիանի ավագ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանի խոսքից է։ Ռուզաննան և Լուսինեն (Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոցի դասվար) առաջիններից էին, որ արձագանքեցին կրթական հիմնադրամի ՝ «Արդյո՞ք ուսուցիչը նաև սցենարիստ է, բեմադրող ռեժիսոր...Ու՞մ համար է դասը» նոթին ու պատմեցին իրենց մոտեցումների մասին։ Ստորև ներկայացված է նրանց փորձը։

Տալ աշակերտներին փորձի և սխալվելու միջավայր.

«Երբ աշակերտներին ներկայացրեցի միջոցառման անվանումը և ասացի, որ իրենք պետք է կազմակերպեն, երեխաներն անհանգստացան. նրանք այդպիսի փորձ չունեին։ Թեև նրանք ավելի համարձակ դարձան երբ աշխատանքի բաշխում արեցինք, սակայն, շարունակ անհանգիստ էին, որ կարող է սահուն չանցնել։ Աշակերտներս ի վերջո լավ միջոցառում էին կազմակերպել, թերություններ էլ կային. բայց ոգևորությունն այլ էր։

Ինձ համար այնքան էլ հեշտ չէր ( մոտեցումը փոխելը), մշտապես լավ միջոցառումներով հանդես եկողիս, հանդիսատեսի դատին հանձնել որոշակի թերություններով միջոցառում։ Հասկացել եմ, սակայն, որ աշակերտի կողմից ստեղծված ցանկացած միջոցառում առաջին հերթին պետք է հենց իրեն՝ աշակերտին...» ։

Մեկ միջոցառման կազմակերպումը կարող է մի շարք հմտություններ զարգացնել՝ թիմային աշխատանք, գրավոր և բանավոր խոսքի կառուցում, ստեղծարարություն, աշխատանքի պլանավորում, ժամանակի կառավարում։ Այդ միջոցառումը նախևառաջ աշակերտներին է պետք, հետևաբար, հիմնական գործը պետք է հենց նրանք անեն։ Ուսուցչի դերն ուղղորդելն է ու խրախուսելը, որ փորձեն, քաջալերելը, եթե չի ստացվում։

Համախմբել ծնողներին կրթական նպատակի շուրջ.

«Արդյո՞ք ուսուցիչը նաև սցենարիստ է, բեմադրող ռեժիսոր...Ու՞մ համար է դասը» նոթում «Պարադիգմա» կրթական հիմնադրամը նշել էր, որ աշակերտին որևէ հմտություն գրեթե չտվող միջոցառումների մրցավազքից պետք է ազատվել դպրոցների ղեկավարների, ծնողների և ուսուցիչների համատեղ ջանքերով։

Լուսինե Հարությունյանի փորձը տարրական դասարանում ծնողական համայնքին կրթական նպատակի շուրջ համախմբելու մի օրինակ է։

«Այս տարի աշխատում եմ առաջին դասարանում։ Գործ ունեմ աշակերտական ու ծնողական նոր համայնքի հետ, որոնց հետ պետք է կարողանայի համագործակցել՝ իրականացնելու համար կրթական շատ նպատակներ։ Նպատակ դրեցի նախևառաջ համագործակցային համերաշխ միջավայր ձևավորել։ Որոշեցի, որ ծնողներն էլ պետք է մասնակցեն ուսումնական գործընթացին։

Հրավիրեցի ծնողական ժողով, ներկայացրի իմ նպատակները և դրանց կարևորությունը։ Պայմանավորվեցինք տոները դաս-միջոցառումների ձևով նշել, որոնց ակտիվ մասնակցություն կունենան ծնողները. խորագիրը՝ «դասը վարում են ծնողները»։ Յուրաքանչյուր դաս-միջոցառման համար, ըստ իրենց ցանկության, ընտրում ենք 2-4 ծնող։ Յուրաքանչյուր դաս-միջոցառում վարում է մեկը, մյուսները հանդես են գալիս որպես օգնականներ, ես էլ աջակցում ու ուղղորդում եմ ըստ անհրաժեշտության: Սկզբում մի քիչ դժվար էր, որովհետև ծնողների համար նորություն էր. փորձ չունեին և խուսափում էին: Սակայն, ժամանակի ընթացքում մեզ մոտ լուծվել են բազմաթիվ խնդիրներ. ձևավորվել է կրթության շուրջ համախմբված ծնողական համայնք, աշակերտներն ավելի ներգրավված են, դաս-միջոցառումն ավելի «կենդանի է»...հաջորդ տարի հայրիկներին էլ կներգրավենք. տղամարդիկ կրթության մեջ ևս դեր ունեն» ։

Յուրաքանչյուր ուսուցիչ կարող է փոփոխության առաջնորդ դառնալ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: