Հայերեն   English   Русский  

Հայաստանը մասնակցեց Հաագայի գինու փառատոնին


  
դիտումներ: 534

Մայիսի 13-ին Հաագայի Crown Plaza Promenade հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Dimplomat Magazine-ի կողմից կազմակերպված ամենամյա Diplomats Wine Extravaganza փառատոնը, որին առաջին անգամ ներկայացված էր Հայաստանը՝ ի դեմս Royal Beverages Group ընկերության կողմից ներմուծվող հայկական արտադրության գինու, կոնյակի և օղու լայն տեսականու։

Գինու փառատոնին մասնակցեց Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ով շնորհակալություն հայտնեց Royal Beverages Group-ի ղեկավարությանը՝ հայկական տաղավարը լավագույնս կահավորելու և հայկական արտադրանքի լայն տեսականին հավուր պատշաճի ներկայացնելու համար։ Դեսպան Բալայանի բնորոշմամբ Diplomats Wine Extravaganza փառատոնին առաջին անգամ Հայաստանի՝ նման ներկայանալի կերպով մասնակցությունը դեսպանության և հայ համայնքի համագործակցության օրինակելի դրսևորումներից է։

Փառատոնի այցելուները դրական գնահատեցին հայկական ալկոհոլային արտադրանքը՝ ընդգծելով, որ ներկայացված երկրներից Հայաստանն առանձնանում էր իր հարուստ տեսականիով, բարձր մակարդակի պատրաստվածությամբ և յուրօրինակ դիզայնով։

Diplomats Wine Extravaganza փառատոնին մասնակցում էին ալկոհոլի ներմուծմամբ զբաղվող մի շարք ընկերություններ, սոմելիեներ, հյուրանոցային և ռեստորանային ցանցերի ներկայացուցիչներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: