Հայերեն   English   Русский  

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ և պաշտոնեական կեղծիքներ Լոռու մարզի Միխայլովկա և Ձորամուտ համայնքների դպրոցներում.


հարուցվել են քրեական գործեր


  
դիտումներ: 308

Լոռու մարզի դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել մարզի երկու համայնքների դպրոցներում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ խոշոր չափերով հափշտակություններ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստերի առթիվ:

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզի Մեծավան համայնքի Միխայլովկա վարչական շրջանի «Միխայլովկայի միջնակարգ դպրոց» և Սարչապետ համայնքի Ձորամուտ վարչական շրջանի «Ձորամուտի միջնակարգ դպրոց» ՊՕԱԿ-ների տնօրենները հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։


Մասնավորապես առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Միխայլովկայի միջնակարգ դպրոցի տնօրենը շահադիտական դրդումներով 2013թ. մայիսի 5-ից մինչև 2019թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում դպրոցում դռնապահի, այնուհետև տեխնիկական աշխատակցի, տնտեսվարի, պահակի հաստիքներում աշխատանքի է ընդունել 3 անձանց, որոնք, սակայն, աշխատանքի չեն հաճախել և իրենց աշխատանքային պարտականությունները չեն կատարել: Չնայած այդ հանգամանքին՝ տնօրենի կողմից կազմվել և հաստատվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժա­մանա­կի հաշվարկի տե­ղե­կա­գրեր»՝ դրանում կեղծ տեղեկութ­յուն­ներ ներառելով նշված ժամանակահատվածում վերոհիշյալ անձանց կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը, ներկայացվել են վճարման, ինչի արդյունքում նրանց անվամբ նշված
ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր 11․346․356 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ: Նախապես իր մոտ ունեցած աշխատավարձերի բանկային քարտերով կամ հիշյալ աշխատակիցների կողմից փոխանցելու միջոցով տնօրենն անձամբ ստացել է այդ գումարները և օգտագործել իր անձնական կարիքների
համար՝ այդ կերպ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, առերևույթ յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումարը։

Իսկ Ձորամուտի միջնակարգ դպրոցի տնօրենը, ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալների, շահադիտական դրդումներով 2015թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2018թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում նույն կազմակերպությունում որպես գիշերային պահակի, այնուհետև օպերատորի,
վառարան վառողի հաստիքներում աշխատանքի է ընդունել իր հարսին՝ եղբորը և եղբորորդուն: Վերջիններիս աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում դպրոցի տնօրենը ևս «Աշխատաժա­մանա­կի հաշվարկի տե­ղե­կա­գրեր»-ում կեղծ տվյալներ է ներառել նշված ժամանակահատվածում հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերի հիման վրա նշված երեք անձանց անվամբ նշված ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր 6․863․237 ՀՀ դրամի աշխատավարձի
գումարներ, որոնք վերջիններս ստացել և օգտագործել են իրենց անձնական կարիքների համար: Այդ կերպ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ վատնման եղանակով հափշտակվել է կազմակերպության առանձնապես խոշոր չափերի նշված գումարը։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, ինչպես նաև, որ անհրաժեշտ է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզել բոլոր հանգամանքները՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշումներով հարուցվել են երկու քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Բացի վերոնշյալ 2 քրեական գործերից, 2019թ. ընթացքում մարզի միայն ուսումնական հաստատություններում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ Լոռու մարզի դատախազության հսկողության ներքո հարուցվել և քննվում է ընդհանուր 8 քրեական գործ՝ պաշտոնական լիազորություններն օգտագործելով յուրացման կամ վատնման միջոցով տարբեր չափերով հափշտակություն կատարելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներով: Նշված քրեական գործերով առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են արձանագրվել Վանաձորի թիվ 18, Շիրակամուտի թիվ 1, Սարչապետի միջնակարգ դպրոցներում, Ստեփանավանի N 2, Վանաձորի թիվ 2-րդ, Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցներում, Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում և Վանաձորի պետական բժշկական քոլեջում: Ընդհանուր առմամբ վերոնշյալ 10 քրեական գործերով արդեն իսկ պարզված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 58.5 մլն դրամ:


ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: