Հայերեն   English   Русский  

Փետրվարի 15-ը քաղցկեղ ունեցող երեխաների համաշխարհային օրն է


  
դիտումներ: 1279

Ամեն տարի փետրվարի 15-ին անցկացվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Տարեկան աշխարհում օնկոլոգիական հիվանդություններով տառապում է 175 հազ. երեխա, որոնցից 90 հազ-ը հետագայում մահանում է: Ընդ որում՝ սա ոչ հստակ վիճակագրություն է, քանի որ ոչ բոլոր դեպքերն են գրանցվում: Մինչդեռ, բժիշկների կարծիքով, վաղ և ճիշտ ախտորոշման և ժամանակին բուժում նշանակելու դեպքում չարորակ ուռուցքների 70%-ը հնարավոր է բուժել:

Ավելի քան երբևէ, քաղցկեղի, հատկապես մանկական քաղցկեղի դեմ համախմբված և միասնական պայքարի կարիք կա: Հենց այդ պատճառով էլ մանկական քաղցկեղի դեմ պայքարող համաշխարհային կազմակերպությունները երկրների բնակչության լայն շերտերին մանկական օնկոլոգիական հիվանդությունների վաղ նախանշանների մասին տեղեկացնելու արշավներ են նախաձեռնում:

Մանկական քաղցկեղի հետ կապված իրադրությունը հատկապես ծանր է քիչ զարգացած երկրներում: Եթե զարգացած երկրներում բուժվում է այս հիվանդությամբ տառապող երեխաների 80%-ը, ապա այստեղ ամեն ինչ հակառակն է: Քիչ զարգացած երկրներում կա մանկական քաղցկեղի մասին իրազեկության պակաս կամ ընդհանրապես, բացակայություն: Ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրության, օնկոլոգիական հիվանդությունները զարգացած երկրներում երեխաների մահացության պատճառների շարքում երկրորդ տեղն են զբաղեցնում:

Ամերիկյան Առողջության Կենտրոնը փետրվարի 15-ին համախմբում է ուժերը բարձրացնելու մարդկանց իրազեկվածությունը քաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշման և կանխարգելման անհրաժեշտության մասին: Երեխաների բուժման բարձր արդյունավետության ապահովման կարևոր նախադրյալ է հիվանդության վաղ ախտորոշումը: Պարզապես պետք է լինել զգոն և հետևողական երեխայի առողջության հարցում:

Համաձայն Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի վիճակագրության՝ այս տարի (2015թ-ին) վահանաձև գեղձի քաղցկեղ է հայտնաբերվել 16 տարեկան աղջկա մոտ, ինչն անսպասելի և հազվադեպ է, քանի որ նման դեպքեր հիմնականում հանդիպում են ավելի բարձր տարիքի կանանց մոտ: Ըստ Կենտրոնի տվյալների՝ քիչ չէ կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների թիվը: Ցավոք, 0-29 տարեկան 64 այցելուների մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ:

Ուռուցքաբան Էդվարդ Փանոսյանի խոսքով օրվա հիմնական նպատակն է սևեռել հասարակության ուշադրությունը մանկական քաղցկեղային հիվանդությունների խնդրի վրա՝ ևս մեկ անգամ հիշեցնելով դրանց վտանգավորության, ինչպես նաև վաղ ախտորոշման և կանխարգելման անհրաժեշտության մասին, քանի որ վաղ հայտնաբերումը նվազեցնում է հիվանդության մահացու ելքի հավանականությունը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: