Հայերեն   English   Русский  

Ստամբուլահայ երեխային «իսլամացրած» թուրք հաղորդվարը հանդես է եկել հայտարարությամբ


  
դիտումներ: 217

Թուրքիայում 13-ամյա Արթուր անունով հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը շարունակում է թուրքական և հայկական հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մնալ։

Այն բանից հետո, երբ Արթուրի մայրը հայտարարեց, թե իր որդին իրականում իսլամ չի ընդունել, թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուն, որի հաղորդման ժամանակ էր տեղի ունեցել աղմուկ հանած միջադեպը, թեմայի շուրջ հանդես է եկել հայտարարությամբ։

Հաթիփօղլուն պնդել է, թե արարողությունը անցկացնելուց առաջ ստացել էր մոր և խորթ հոր համաձայնությունը և որևէ ճնշում չի գործադրվել երեխայի վրա։

Ըստ Հաթիփօղլուի՝ իր պարտականությունը իսլամը քարոզելն էր։ Նա հայտնել է, որ թեմայի շուրջ անգամ խոսակցություն է ունեցել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Արթուրի մայրը՝ Ermenihaber-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ Արթուրը կնքված է և հաճախում է հայկական եկեղեցի։

Անչափահասի մայրը տեղեկացրել էր, որ ինքը իրականում տեղյակ չի եղել, թե ինչ հաղորդման է որդին մասնակցում:

Մոր՝ Ալինայի խոսքով իրեն զանգել են հաղորդումից, բայց ինքն էլ չի հասկացել թե ինչ հաղորդում է և ինչի մասին է խոսքը:

Կինը նաև հերքել է, որ Արթուրը խորթ հայր ունի՝ շեշտելով, որ խոսքը ընտանիքի՝ ազգությամբ թուրք ծանոթի մասին է, որի հեռախոսահամարը գտել են Արթուրի հեռախոսի մեջ և զանգահարել՝ թույլտվություն ստանալու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: