Հայերեն   English   Русский  

Առաջին դասարանցիների ընդունելության նոր համակարգը առաջ բերեց ծնողների դժգոհության նոր ալիք


  
դիտումներ: 1235

Երեկ առավոտյան ժամը 9-ին գործարկվել է առաջին դասարանցիների գրանցման էլեկտրոնային համակարգը։

Սակայն հերթագրելու փորձ արած ծնողներից շատերը չեն կարողացել իրենց երեխաներին գրանցել իրենց նախընտրած դպրոցում` տեխնիկական պատճառներով։

Համակարգը հարթ չի գործել` խափանումներ են եղել և մեծ աժիոտաժ, քանի որ որոշ դպրոցներում հաշված րոպեների ընթացքում առաջին դասարանցիների անհրաժեշտ քանակը հերթագրվել է, ուշացողները ստիպված են լինելու ընտրել այլ դպրոցներ։

Ֆեյսբուքյան շատ օգտատերեր գրել էին, որ համակարգն իրենց անձնական տվյալները չի ճանաչել, այդ պատճառով չեն կարողացել երեխային գրանցել նախընտրած դպրոցում։

Ֆեյսբուքյան օգտատեր ծնողները նաև բողոքում էին, որ գրանցելուց հետո իրենց էլեկտրոնային փոստին հաղորդագրություն չեն ստացել, կամ գրանցումը չի իրականացվում, քանի որ երեխայի վեց տարեկանը լրանալու է դպրոց ընդունվելուց հետո։

Որոշ ծնողների նախընտրած դպրոցներում, որտեղ իրենց մյուս երեխաներն են սովորում, տեղերը լրացել են, և աշխատող ծնողները կանգնել են փակուղու առաջ. երեխաներին տարբեր դպրոցներ տանելուց հետո, քանի ժամ ուշացումով պետք է հասնեն աշխատավայր։

Իսկ մասնագետները կարծում են, որ ամենաճիշտ համակարգը սովետականն էր` տվյալ դպրոցին կցագրված տարածքով:

Կառավարության մայիսի 16-ի նիստում խոսեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը` ներկայացնելով Երևանի պետական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց համակարգի ներդրման արդյունքները:

«Երեկ գործարկվել է առաջին դասարանցիների առցանց գրանցման համակարգը, որը փորձնական մեկնարկել է Երևան քաղաքում: Կանխատեսվում է 2019-2020 ուս. տարվա համար ունենալ շուրջ 1300 0 առաջին դասարանցիներ, իսկ տեղերը նախատեսված են 14000 հնարավոր առաջին դասարանցիների համար: Այսօր, ժամը 10:45-ի դրությամբ արդեն առցանց համակարգում հայտագրված է 9321 երեխա: Տեխնիկական խնդիր ունենք շուրջ 100 երեխաների հետ կապված, պայմանավորվա ծ նրանով, որ երեկ առավոտյան ժամը 9:10 ժամը 9:25 խնդիր է եղել ծանրաբեռնվածության մասով, և այդ տեխնիկական խնդիրը բերել է նրան, որ ամբողջ համակարգով հնարավոր չի եղել գրանցումն իրականացրել, սակայն դրանք արագ հարթվել են»,- ասաց Անափիոսյանը:

Նրա խոսքով` ժամը 09:00-ից մինչեւ 09:15-ն ընկած ժամանակահատվածում միաժամանակյա 217 հազար քլիք է կատարվել. «Եղել է դպրոց, որտեղ մեկ մարդը բոլոր 124 տեղերն ամբողջությամբ զբաղեցրել է, քանի որ անընդհատ քլիք է արել, բայց բոլոր հնարավոր կրկնությունները վերացվել են:

Եղել է դեպք, երբ մեկ երեխայի համար 30 տարբեր IP-ներից փորձ են կատարել գրանցվել, սակայն առաջին գրանցված IP-ից բացի, մնացածը բլոկավորվել են»,-տեղեկացրել է նա և հավելել, որ որոշ դպրոցներում 09:10-ի դրությամբ բոլոր տեղերն արդեն լրացված են եղել:

Այդ դպրոցներից եղել են բողոքներ, որ չեն կարողացել գրանցվել. «Տոկոսային հարաբերակցությամբ՝ 0,7 տոկոսն է, որ տեխնիկական խնդիր է ունեցել, կանխատեսվող առաջին դասարանցիների 80 տոկոսը արդեն գրանցվել է, ինչը բավականին լավ ցուցանիշ է: Մենք ստացել ենք բազմաթիվ շնորհակալություններ տարբեր դպրոցների և´ ուսուցիչներից, և´ տնօրեններից, և´ ծնողներից, ովքեր կարողացել են տնից հայտագրել երեխաներին իրենց ցանկալի դպրոցում: Սրանով վերջ է դրվել խնամի-ծանոթ-բարեկամով դպրոց ընդունվելու արատավոր համակարգին: Դրվեց թափանցիկ ու հաշվետու մի համակարգ, որը կփոխի մշակույթ. կա կարգ ու օրենք, որի առաջ բոլորը հավասար են»,- խոսքն ամփոփել է Ա. Անափիոսյանը:

Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մշակած առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու հայտագրման համակարգում գրանցված 158 պետական դպրոցներից 17-ում մայիսի 15-ի ժամը 16:00-ի դրությամբ արդեն իսկ սպառվել է արտոնագրված տեղերի քանակը:

ԿԳՆ-ը զգուշացնում է առաջին դասարանցիների ծնողներին, որ եթե իրենց հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չեն ստացել` չանհանգստանան, երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստանան:

Հիշեցնենք, որ 2019-20 ուսումնական տարվանից սկսած՝ Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է էլեկտրոնային գրանցման եղանակով։

Այս համակարգի ստեղծումը յուրաքանչյուր ծնողի էլեկտրոնային եղանակով իր երեխային գրանցելու հնարավորություն է տալիս, իսկ նպատակն է մրցակցային հավասար պայմանների, թափանցիկության ապահովումը։ Այս մասին հայտնել էր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։

Թամարա Թորոսյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: