Հայերեն   English   Русский  

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի գործով որոշում կայացնելու. այն կհրապարակվի մայիսի 18-ին


  
դիտումներ: 338

Այսօր՝ մայիսի 16-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

Արդեն 4-րդ օրն է, որ դատարանը քննում է Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու հարցը: Դեռ մայիսի 14-ին խափանման միջոցը փոխելու համար դատարանին անձնական միջնորդություն էին ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը: Այսօր նրանք ներկայացան դատարան և հաստատեցին իրենց երաշխավորությունը:

Քոչարյանը դատարանում հայտարարեց, որ գործին առնչվող կարևոր ասելիք ունի, սակայն այն կարող է ազգային անվտանգությանը սպառնալ, և այդ պատճառով Քոչարյանն ու պաշտպանները դատարանին միջնորդություն ներկայացրին, որ դռնբաց նիստի մի հատվածում լրագրողները լքեն նիստերի դահլիճը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարելով միջնորդությունը՝ ասաց, որ դատարանի դահլիճից պետք է դուրս գան նաև Արցախի նախագահները:

«Հայտարարությունս վերաբերում է նաև Արցախի նախագահներին: Հարգելի դատարան թույլ տվեք, որ նրանք ևս ներկա գտնվեն դահլիճում»,-դատարանին դիմեց Քոչարյանը, սակայն որոշումը չփոխվեց:

Դռնբաց նիստում ելույթ ունեցան դատախազները, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: 10 ժամից ավելի տևած դատական նիստի ավարտին թեև Քոչարյանի պաշտպաններն ասացին, որ մի քանի հայտարարություն ունեն անելու, սակայն դատավոր ՝ Դավիթ Գրիգորյանն ասաց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, ինչն էլ զայրացրեց Քոչարյանի փաստաբաններին: Քոչարյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ընթացքում գրեթե 2 ժամ ելույթ ունեցավ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը և ներկայացրեց մի շարք փաստեր, որոնց համաձայն Քոչարյանն անմիջապես պետք է ազատ արձակվի: Ելույթ ունեցավ նաև հենց Ռոբերտ Քոչարյանը: Նա ելույթում ասաց, որ 0038 որոշման մասին իմացել է միայն գործի շրջանակներում, ու որ կան մի շարք կարևոր տեսանյութեր մարտի մեկի գործին առնչվող, որոնք չեն կցվել կազմված քրեական գործին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: