Հայերեն   English   Русский  

Արամ Ավագյան. «ԱՄՆ-ում պրոֆեսիոնալիզմն ամենաբարձր մակարդակի վրա է»


  
դիտումներ: 1276

Մայիսի սկզբին Լաս Վեգասում կայացած բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում ռինգ դուրս եկավ նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը:

Հայազգի բռնցքամարտիկն ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ 10-ռաունդանոց մենամարտ անցկացրեց WBC International Silver գոտու պաշտպանության համար: 10-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում նշանավորվեց հերթական փայլուն հաղթանակով:
Անկախի հետ զրույցում Արամը կիսվում է տպավորություններով, կարևորում ԱՄՆ-ում անցկացրած մարզումային շրջանը`հետագայում նորանոր հաջողություններ գրանցելու համար:


-Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ. առաջին անգամ Միացյալ Նահանգներում ռինգ դուրս գալով` շարունակեցիք անպարտելի մենամարտերի շարքը:

Արամ Ավագյան 2019

-Շնորհակալ եմ: Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է մենամարտել նման հեղինակավոր շոուի ընթացքում: Լինելով պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեջ ու փորձելով ստեղծել կարիերա` հնարավոր է` շատերին կյանքում հնարավորություն չընձեռվի հանդես գալ ռինգում, որտեղ մենամարտում են աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկները` Սաուլ Ալվարեսն ու Դանիել Ջեյկոբսը:
Նշեմ, որ չկար ո՛չ լարվածություն, ո՛չ ավելորդ հուզմունք: Ո՛չ շոուն, ո՛չ հանդիսատեսը խոչընդոտ չէին կարող հանդիսանալ: Ես բազմաթիվ ռինգերում եմ հանդես եկել և իմ գործը լավ գիտեմ: Ամբողջ ուշադրությունս կենտրոնացրել էի, որպեսզի կատարեի մարզումների ընթացքում մարզիչներիս հետ պլանավորածը:


-Մենամարտից առաջ նախապատրաստական շրջանն անցաք ԱՄՆ-ում: Տարբերություններ կա՞ն մարզումային գործընթացում:


-Մենամարտերիցս առաջ երբևէ նման կերպ չեմ նախապատրաստվել ու մարզվել: ԱՄՆ-ում պրոֆեսիոնալիզմ ամենաբարձր մակարդակի վրա է: Հասկացա, որ Հայաստանում շատ հաճախ մարզադահլիճներում ժամանակ եմ սպառել: Նշեմ սակայն, որ միշտ և ամեն տեղ մարզվել եմ`առավելագույն ուժեր ներդնելով: Բայց մարզումները ճիշտ ձևով չեն կազմակերպվել, որպեսզի պարապմունքներից քաղեմ 100-տոկոսանոց օգուտ: Շնորհակալ եմ

Արամ Ավագյան 2019

մասնագիտական ուղղության մարզիչ Էդմոն Թարվերդյանին և ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Ջեսսի Ֆորբսին ինձ լավագույնս պատրաստելու և տեխնիկատակտիկական բազմաթիվ գիտելիքներ փոխանցելու համար:
7 ամիս ռինգ դուրս չէի եկել, բայց կարող եմ նշել, որ երբևէ պրոֆեսիոնալ ռինգում ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածության առումով նման մակարդակում չեմ եղել: Շատ բարձր մակարդակի վրա էր ամեն ինչ. ես 10 ռաունդ մենամարտելուց հետո պատրաստ էի ևս այդքան մենամարտել:Եերբևէ նման զգացողություն չեմ ունեցել, ինչի համար շնորհակալ եմ մարզիչներիս` առավոտից երեկո ինձ հետ մշակված ծրագրով աշխատելու, ճիշտ նախապատրաստելու համար:
Ցանկանում եմ նաև հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանին, որ, ԱՄՆ-ում եղած ժամանակ, առավոտից երեկո եղել է կողքիս, ինձ հետևել է ամեն պահ ու վայրկյան, միասին սպարինգների ենք գնացել: Ինձ համար կարևոր է շատ բոլոր նրանց աջակցությունը, որոնք պարզապես անհանգստացել են, երկրպագել ու սպասել հաղթանակիս:


-Որոշակի դադարից հետո ռինգ վերադարձաք: Ի՞նչ զգացողություններ ունեիք, ինչպե՞ս էիք Ձեզ զգում ռինգում:


-Կարոտել էի ռինգը: Իմ կարգավիճակում գտնվող մարզիկին, որը ձգտում է հասնել ամենագլխավոր չեմպիոնական գոտիներին, հարկավոր է մենամարտեր անցկացնել գոնե 2-3 ամիսը մեկ` լավագույն տասնյակի մեջ մտնելու համար: 7 ամիսը երկար ժամանակ էր, որը ծարավ էր առաջացրել: Այդ մենամարտն ինձ համար շատ-շատ կարևոր էր:

Արամ Ավագյան 2019

Կենտորնացած էի իմ գործի վրա, որպեսզի ոչ մի սխալ թույլ չտայի: Դրա համար պատրաստվել էի առավելագույնս լավ: Կարծում եմ` մենամարտի ժամանակ կարողացա արդարացնել բոլորի սպասելիքները:

Մրցակիցս հայտնի էր դեռևս մենամարտից մեկ ամիս առաջ: Նա վեգացի բռնցքամարտիկ է, կարելի է ասել, հանդես էր գալիս տանտիրոջ կարգավիճակով
և ուներ երկրպագուների մեծ բանակ: Անգամ կշռման արարողության ժամանակ փորձում էին ճնշել իրենց արձագանքներով: Սակայն այդ ամենն ինձ համար սովորական էր, քանի որ ես Բաքվում եմ մենամրտել, Օլիմպիական խաղերում եմ հանդես եկել: Մեկնարկում նոքդաունի ենթարկվեցի, սակայն սառնասրտորեն մոտենալով` հաղթեցի մենամարտը:


-Հետագա մարզումային գործընթացում նախատեսու՞մ եք կիրառել ԱՄՆ-ում ձեռքբերված փորձը:


-Արդեն վեսրսկսել եմ պարապմունքները: Դեռևս մեծ բեռնվածությամբ չեմ մարզվում, կամաց-կամաց եմ ավելացնում և շուտով օրակական 2 պարապմունք կանցկացնեմ: Հարկավոր է իմանամ, թե երբ կկայանա հաջորդ մենամարտս:
Իհարկե, ստացած գիտելիքները փորձում եմ գործի դնել, նաև փոխանցել տղաներին, որոնք ինձ հետ մարզվում են:
Հայկական բռնցքամարտի դպրոցը լավն է, բայց մենք ունենք վատ բնավորություն. չենք ցանկանում սովորել: Բավարարվում ենք իմացածով`ուրիշ ոչինչ չցանկանալով իմանալ ու փոխել: ժամանակները փոխվում են, ամեն բան զարգանում է, պետք է ձգտել յուրաքանչյուր լավ բան վերցնել ու դնել գործի մեջ: Մարզիկը պետք է անընդհատ նոր գիտելիքներ ստանա, տեխնիկատակտիկական հնարքների տիրապետի և օգտագործի, յուրաքանչյուր նոր բան վերցնի ու կիրառի:
Այժմ փորձում եմ ստացածս գիտելիքները կիրառել, որպեսզի հետագայում, երբ մեկնեմ ԱՄՆ, մարզիչներիս հետ կարճ ժամանակահատվածում հասնեմ մարզվիճակիս գագաթնակետին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: