Հայերեն   English   Русский  

Գրիգոր Մխիթարյան. «Հաղթանակները հավատ ու վստահություն են ներշնչում սեփական ուժերի նկատմամբ»


  
դիտումներ: 1194

Իսպանիայի Խիխոն քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ նվաճեց:

Մարզական սամբոյի մրցաշարում գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը, իր նորամուտը նշելով 57 կգ քաշային կարգում, արժանացավ արծաթե մեդալի: Հայ մարզիկը տպավորիչ գոտեմարտեր անցկացրեց և միայն եզրափակչում զիջեց ռուսաստանցի Վլադիմիր Գլադկիխին:

Անկախի հետ զրույցում Գրիգոր Մխիթարյանը կիսվում է տպավորություններով և կարևորելով յուրաքանչյուր հաղթանակ՝ խոսում է առաջիկա ծրագրերի մասին:

- Աշխարհամասի ուժեղագույն մարզիկների հետ պայքարում արծաթե մեդալ նվաճեցիք. շնորհավորում ենք:

- Շնորհակալ եմ: Այս Եվրոպայի առաջնությունն ինձ համար առավել պատասխանատու էր, քանի որ պետք է հանդես գայի նոր քաշային կարգում: Մեկնարկը կարևոր էր: Հարկավոր էր, որ լավ սկսեի ու ամեն գնով մեդալ նվաճեի:

Գրիգոր Մխիթարյան 2019

Առաջնությունից առաջ լավ նախապատրաստական շրջան անցանք, միջազգային մրցաշարի մասնակցեցինք, որից հետո Գյումրիում շարունակեցինք մարզումները: Վերջին հավաքն անցկացրինք Ծաղկաձորում: Ամբողջ թիմով հրաշալի մարզավիճակում մեկնեցինք Իսպանիա և կարողացանք տպավորիչ ելույթներ ունենալ ու մեդալներ նվաճել:

Մրցումներից առաջ տրամադրությունս բավական բարձր էր, քանի որ ամեն ինչ ընթացել էր ըստ պլանավորածի, լավ մարզավիճակում էի և ինձ վստահ էի զգում: Ուրախ եմ, որ լավ մասնակցեցի և արծաթե մեդալ նվաճեցի:

-Կարևոր է, որ նոր քաշային կարգում հաջող հանդես եկաք: Ո՞ր գոտեմարտն էր առավել տպավորիչ:

-Առաջնությունը բարձր մակարդակով էր կազմակերպված: Ստուգատեսին մասնակցում էին տվյալ երկրների ուժեղագույն և առաջատար մարզիկները: Ինձ համար պատիվ է գոտեմարտել նման տաղանդավոր ու տիտղոսակիր մարզիկների հետ:

Կառանձնացնեմ առաջին գոտեմարտս վրացի ըմբիշ Իրակլի Կուպատաձեի հետ: Վերջինս աշխարհի չեմպիոն է և բազում մեդալներ ունի նվաճած: Առաջին գոտեմարտն ինձ համար իսկական եզրափակիչ կարծես լիներ ու հենց այդպես էլ տրամադրվել էի: Մարզիչներիս հետ ճիշտ մարտավարություն ընտրեցինք ու տպավորիչ հաղթանակ տոնեցի:

-Մարզիկներն իրենց հաղթանակներով ու հաջողություններով ուրախություն և ոգևորություն են պարգևում թե՛ մարզասեր հասարակությանը, թե՛ ողջ ժողովրդին: Պատասխանատվություն զգում եք, երբ ներկայացնում եք հայոց եռագույնը միջազգային ասպարեզում:

-Իհարկե: Մենք երկիր ենք ներկայացնում և պայքարելով օտարերկրյա մրցակիցների դեմ` ճանաչելի ենք դարձնում Հայաստանն ու հայ ժողովրդին, ցույց ենք տալիս մեր ուժեղ կողմերն ու մեծ հնարավորությունները: Երբ հագնում եմ մարզահագուստս, մեջքին գրված «ARM», մեծ հպարտություն եմ ապրում, ինձ ավելի ուժեղ, հզոր եմ զգում և դրական էներգիա եմ ստանում:

Գրիգոր Մխիթարյան 2019

Ցանկանում եմ անպայման շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին Իսպանիայում մեզ դիմավորելու, աջակցելու և մեր կողքին լինելու համար: Շնորհակալ եմ Աստծուն և բոլոր նրանց, որոնք իմ կողքին են ու սպասում են իմ հաղթանակին:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Հաղթանակները նոր ստիմուլ և ուժ են հաղորդում և, ամենակարևորը, հավատ ու վստահություն են ներշնչում սեփական ուժերի նկատմամբ: Հունիսի 2-ից կվերսկսեմ մարզումներս` հավաքաների մասնակցելով Երևանում: Ինտենսիվ պարապմունքներ եմ անցկացնելու, մեծ աշխատանք է ինձ սպասվում: Աշխարհի առաջնության վրա եմ շեշտը դնելու, որը կայանալու է նոյեմբերին Սեուլում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: