Հայերեն   English   Русский  

​Իսրայելում աջակողմյան ուժերը պատրաստ են անգամ նոր ընտրության, միայն թե չզիջեն իշխանությունը ձախակողմյան ուժերին․ Արմեն Պետրոսյան


  
դիտումներ: 1261

Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ Քնեսեթն ինքնալուծարվել է՝ չկարողանալով կոալիցիա կազմել սահմանված ժամկետում։ Արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։ Մինչ այդ վարչապետի պաշտոնում կշարունակի պաշտոնավարել Բենիամին Նեթանյահուն, որը հուլիսին կդառնա Իսրայելի ամենաերկար ժամկետով պաշտոնավարած վարչապետը։

Ապրիլի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը ստացել էր խորհրդարանի 120 մանդատներից 35-ը։ 42-օրյա ժամկետում նա պետք է կոալիցիոն կառավարություն կազմեր, ինչն անել չհաջողվեց։ Ձախողման հիմնական պատճառը կոալիցիոն գործընկեր, նախկին պաշտպանության նախարար Ավիգադոր Լիբերմանի դիրքորոշումն էր․ նա պնդում է, որ ուղղափառ հրեաները ևս պետք է ծառայեն բանակում, ինչին դեմ են կոալիցիոն մյուս գործընկեր կրոնական կուսակցությունները։ Նշենք, որ նախկինում Լիբերմանը մեկ անգամ չէ, որ Նեթանյահուի հետ կոալիցիա է կազմել։

Իսրայելում քաղաքական խմորումների պատճառների ու հետագա հնարավոր զարգացումների մասին «Անկախը» զրուցել է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան, Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ Քնեսեթն ինքնալուծարվեց։ Ինչո՞ւ նման բան տեղի ունեցավ։

-Պատճառները մի քանիսն են։ Իրավիճակային պատճառը, որը հանգեցրեց նաև նախորդ կառավարության հրաժարականին, նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի և կրոնական կուսակցությունների միջև տևական ժամանակ շարունակվող կոնֆլիկտն է ուղղափառ հրեաներին պարտադիր զորակոչի ենթարկելու մասին օրինագծի շուրջ։ Վարչապետ Նեթանյահուին չհաջողվեց երկու կոալիցիոն գործընկերների միջև հասնել համաձայնության։

Իսկ առավել խորքային պատճառները հասկանալու համար ավելի հետ պետք է գնալ՝ համակողմանիորեն վերլուծելով անցածընտրական ողջ գործընթացը։ Իսրայելում վերջին 10 տարիների ընթացքում ձևավորվել էր ընդդիմադիր ձախակողմյան բավական լուրջ քաղաքական միավորում, որն էական հավակնություններ և հնարավորություններ ուներ երկրում իշխանությունը վերցնելու։ Ծավալված թեժ մրցապայքարն էր պատճառը, որը թույլ չտվեց Նեթանյահուին և աջակողմյան ճամբարին տեղի ունեցած ընտրություններում ավելի շոշափելի հաջողություններ արձանագրել՝ չնայած կիրառվածբոլոր հնարավոր միջոցներին, ներքին և արտաքին ահռելի ռեսուրսներին. չմոռանանք, թե ինչպիսի աջակցություն Նեթանյահուին ցուցաբերվեց Վաշինգտոնի կողմից։ Իսկ ընտրությունների արդյունքում աջակողմյան դաշինքը, չնայած հաղթանակին, չկարողացավ ձևավորել կառավարություն, քանի որ հնարավոր կոալիցիայի հիմնական անդամներից յուրաքանչյուրը ստացել էր այնքան մանդատ, որ որևէ մեկի հրաժարվելու դեպքում կոալիցիա կազմելն անհնար էր լինելու, ինչն էլ, փաստորեն տեղի ունեցավ։

-Իսրայելի օրենսդրությունը նման պարագայում ընդդիմությանը կոալիցիա ձևավորելու հնարավորություն է ընձեռում։ Ինչո՞ւ նման բան տեղի չունեցավ։

-Ըստ էության, խնդիրը պետք է դիտարկել մի քանի հարթություններում։ Իսրայելի օրենսդրության համաձայն, եթե Քնեսեթի մի պատգամավորին չի հաջողվում տրված ժամկետներում ձևավորել կառավարություն, նախագահն իրավունք ունի նման իրավունք տրամադրել մեկ այլ պատգամավորի: Բացի այդ ևս կա նաև մեկ այլ տարբերակ՝ արդեն պատգամավորների որոշակի խմբի նախաձեռնությամբ, բայց նշված տարբերակներից որևէ մեկըչգրանցվեց, որովհետև խորհրդարանը գնաց ինքնալուծարման։

Ինչո՞ւ։ Այս հարցում, անշուշտ, պետք է հաշվի առնել Նեթանյահուի անձնական և նրա գլխավորած «Լիքուդ» կուսակցության նկրտումներն ամեն կերպ իշխանությունը պահելու, որևէ դեպքում չզիջելու։ Այդ իսկ պատճառով էլ ընտրվեց զարգացումների նման սցենար։ Այսօր Իսրայելում բոլոր աջակողմյան ուժերը պատրաստ են անգամ նոր ընտրության, միայն թե չզիջեն իշխանությունն ընդդիմությանը։ Դա ոչ միայն Իսրայելի ներսում աջակողմյան և կրոնական ճամբարի դիրքորոշումն է, այլ նաև, չեմ խուսափի պնդել՝Իսրայել պետության արտաքին հովանավորների ցանկությունն է, որպեսզի հենց աջակողմյան կառավարություն ձևավորվի Իսրայելում, քանի որ նման ուղղվածության կառավարության հետ հնարավոր կլինի առավել արդյունավետ կերպով իրականացնել առավել գլոբալ՝ տարածաշրջանային բնույթի ընդհանուր ծրագրեր

-Կրոնավորների ծառայության խնդիրն իսկապես այդքան սկզբունքայի՞ն է Լիբերմանի համար։ Թե՞ տեղին են Նեթանյահուի մեղադրանքներն առ այն, որ այսպիսով Լիբերմանը պարզապես ցանկանում է ավելի շատ քվեներ ստանալ։

-Հարեդիմների ծառայության խնդիրը և առհասարակ կրոնականների պահանջմունքները, նրանց ազդեցությունը իսրայելական հանրային կյանքի առանձին ոլորտների վրա բավական կարևոր են և էական կշիռ ունեն ներիսրայելական դիսկուրսում: Իսկ այս իրողությունը հմտորեն օգտագործում է Լիբերմանը՝ խաղալով այն հանգամանքի վրա, որ աջակողմյան ճամբարի մյուս ուժերն ակտիվորեն աշխատում են կրոնական ընտրազանգվածի հետ: Եվ նման պայմաններում, ցուցաբերելով անզիջում սկզբունքայնություն, Լիբերմանը փորձում է գրավել աջակողմյան աշխարհիկ ընտրազանգվածի համակրանքը, իսկ նրա նման քայլը, կարծես թե, արդեն իսկ տալիս է դրական արդյունք: Նոր սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ նրա գլխավորած կուսակցության վարկանիշը գրեթե կրկնապատկվել է՝ անցած դեկտեմբերին ՊՆ պաշտոնից անփառունակ կերպով հրաժարականի ֆոնին: Այնպես որ, իսրայելական ներքաղաքական բավական բազմերանգ ներկապնակում առկա են բազմաբնույթ խնդիրներ, որոնք շահարկելով՝ առանձին կուսակցություններ որոշակի ժամանակային սահմանների կտրվածքով կարողանում են լուրջ հաղթաթղթեր ձեռք բերել. Ձեր հարցի ուղղակի պատասխանը նման օրինակներից մեկն է:

-Իսկ նոր ընտրությունների պարագայում արդյո՞ք Նեթանյահուի կուսակցությունն ավելի լավ ցուցանիշներ կարող է արձանագրել։ Ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում սեպտեմբերին։

-Բավական բարդ է կանխատեսելը, քանի որ նաև անցած ընտրական գործընթացները վերլուծելով՝ ակնհայտ է դառնում, որ իրադարձությունները զարգանում էին շատ արագ, երբեմն անկանխատեսելի հունով, առանձին դեպքերում անգամ ժամերի կտրվածքով իրավիճակ էր փոխվում։ Իսկ այս պարագայում դեռևս ավելի քան երեք ամիս ժամանակ կա, ուստի միանշանակ կանխատեսել,թե որ ուժն ինչ արդյունքներ կգրանցի, դժվար է։ Անորոշության հիմնական պատճառներից է նաև այն հանգամանքը, որ միայն ներիսրայելական իրողություններով պայմանավորված չէ ընտրական գործընթացը, կան նաև արտաքին բավական կարևոր գործոններ, որոնք իրենց ուղղակի ազդեցությունն են ունենում իրավիճակի վրա։ Եվ, իհարկե, առկա է նաև հակառակ իրողությունը՝ Իսրայելում կառավարության ձևավորումը, դրա բնույթը լուրջ ազդեցություն ունեն տարածաշրջանային մի շարք գործընթացների վրա։ Դրանով էլ զարգացումներն ավելի անորոշ են դառնում։

-Իսրայելում քաղաքական անկայունությունը կամ անորոշությունն ինչպե՞ս կանդրադառնա տարածաշրջանային գործընթացների վրա։

-Տարածաշրջանային մի շարք հիմնահարցերի, որպես օրինակ՝ պաղեստինաիսրայելական, իրանական, սիրիական խնդիրների շրջանակներում ուղղակի ներգրավվածություն ունի նաև Իսրայելը, կամ նրա իշխանությունների դերակատարության հետ են կապվում նշված խնդիրներին առնչվող առավել գլոբալ ծրագրեր: Կարևոր շրջափուլում է գտնվում Վաշինգտոնի կողմից ծրագրված Իրանի մեկուսացման ծրագիրը, առաջիկայում նախատեսվում է մասնակիորեն ներկայացնել պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորմանը միտված Դոնալդ Թրամփի «դարի գործարքը». նշված հարցերից յուրաքանչյուրի դեպքում առավելագույն արդյունավետություն գրանցելու համար կարևոր նախապայման է Իսրայելում բնականոն ներքաղաքական կյանքի իրողությունը: Դե իսկ Սիրիայում Իրանի ակտիվությունը կանխելուն միտված իսրայելական ԶՈւ-ի գործողությունները պարբերական բնույթ են կրելու՝ պայմանավորված նաև վարչապետ Նեթանյահուի կողմից ինչ-ինչ ներքին խնդիրների լուծմանը միտված քայլերով: Հետևաբար, կասկածից վեր է, որ Իսրայելի ներքաղաքական իրավիճակը որոշակի անորոշություն է առաջացնելու նաև ողջ տարածաշրջանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: