Հայերեն   English   Русский  

Ավազակային հարձակում Չեխիայի Հանրապետության քաղաքացի, 19-ամյա աղջկա նկատմամբ. երեք անձ ձերբակալվել է


  
դիտումներ: 225

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ օտարերկրյա քաղաքացու՝ 19-ամյա աղջկա նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Երեք անձ ձերբակալվել է։

Չեխիայի Հանրապետության քաղաքացուհին՝ ծնված 1990 թվականին, Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. հունիսի 2-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, իրեն է մոտեցել մի ավտոմեքենա, որում գտնվող երիտասարդներն առաջարկել են նրան տեղափոխել, ինչին ինքը համաձայնել է և նստել ավտոմեքենայի հետևի նստատեղին:
Ճանապարհին երիտասարդները դանակի սպառնալիքով աղջկանից պահանջել են վերջինիս բջջային հեռախոսը, գումար և թանկարժեք իրեր: Մերժում ստանալով՝ նրանցից մեկն աղջկա պայուսակից հանել է ֆոտոխցիկը, իսկ դրամապանակից՝ դրանում առկա տարբեր արժույթների կանխիկ գումարը:
Ըստ հաղորդման՝ երիտասարդներից մեկն ուսապարկից հանել է պղպեղով սփրեյը, իսկ ինքը, օգտվելով ստեղծված հնարավորությունից, այն վերցրել է նրա ձեռքից և փչել նրա աչքերին, վերջինս էլ ձեռքին եղած դանակով սկսել է անկանոն շարժումներ կատարել, ինչի արդյունքում վնասել է երիտասարդ աղջկա ձեռքի մատը: Այնուհետև աղջկան հրել դուրս են գցել ավտոմեքենայից և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Չեխիայի Հանրապետության քաղաքացուհին ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Աշտարակ քաղաքի բնակիչներ՝ հասակակիցներ՝ ծնված 1995 թվականին:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական, այդ թվում՝ անձի ճանաչման քննչական գործողություն: Երեք անձինք ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից անձանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: