Հայերեն   English   Русский  

Վլադիմիր Հարությունյան. «Ցանկանում ենք Տոկիո-2020-ի ուղեգիր ձեռք բերել»


  
դիտումներ: 1036

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում վերջերս կայացավ Հայաստանի առաջնությունը, որը հայ մարզիկների համար յուրօրինակ ստուգատես էր միջազգային մեկնարկներից առաջ:

Տղամարդկանց պայքարում առաջնության բացարձակ չեմպիոն դարձավ և բոլոր մրցաձևերում`1 մ ոստնացատկ, 3 մ ոստնացատկ, աշտարակացատկ, լավագույնը ճանաչվեց Վլադիմիր Հարությունյանը:
Անկախի հետ զրույցում երիտասարդ մարզիկը կարևորում է հաղթանակը տեղական առաջնությունում, խոսում է մարզավիճակի և առաջիկա ծրագրերի մասին:


-Շնորհավորում ենք Հայաստանի առաջնությունում հաջող ելույթների և չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ:


-Շնորհակալ եմ: Հայաստանի առաջնությունը կարևոր ստուգատես է միջազգային մեկնարկներից առաջ: Որոշակիորեն նախապատրաստվել էի առաջնությանը, սակայն, արդարության համար նշեմ, այնքան էլ լավ մարզավիճակում չէի: Բայց տրամադրվել էի մարտական, որոշել էի, որ պետք է ինձ լավագույն կողմերով դրսևորեմ, հաջող հանդես գամ և հաղթեմ: Ուրախ եմ, որ այդպես էլ ստացվեց: Պետք է փորձեմ պահել այս հաջողությունը և մյուս մրցաշարերում էլ ինձ հաջող դրսևորեմ: Այժմ քաշս եմ վերականգնում և ֆիզիկական պատրաստվածությունս եմ բարելավում:


- Հայաստանի առաջնությանը մասնակցում էին նաև սկսնակ մարզիկներ: Ուրախալի է, որ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է:


-2018 թվականին Եվրոպայի առաջնությունում մեր հաջող ելույթից հետո երեխաների հոսքն ավելացել է: Առաջնությունը շատ լավ էր կազմակերպված, անցավ հետաքրիր ու դիտարժան պայքարում: Մրցակիցների մեջ իմ թիմակից-ընկերներն էին և ավելի երիտասարդ մարզիկները, որոնք լավ մարզվելու դեպքում կարող են հաջողության հասնել:


-Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի եք պատրաստվում մասնակցել:


-Այժմ Իսպանիայում ենք: Մադրիդում մասնակցելու ենք համաշխարհային Գրան պրի մրցաշարի` անհատական և սինքրոն աշտարակացատկեր 10 մ բարձրությունից: Հուլիսի 1-ից կմասնակցենք Իտալիայում կայանալիք համաշխարհային ուսանողական խաղերին, այնուհետեև Ուկրաինայում` Եվրոպայի, Կորեայում`աշխարհի առաջանություններին:
Մեր նպատակն ամենաքիչն անցած տարվա ձեռքբերումը պահելն է և, ինչու չէ, այդ արդյունքը գերազանցելն ու ավելի բարձ նվաճում ունենալն է: Աշխարհի առաջնությունը վարկանշային է: Ցանկանում ենք Տոկիո-2020-ի ուղեգիր ձեռք բերել: Օլիմպիական ուղեգիր նվաճելու համար 2020 թվականին կմասնակցենք նաև Տոկիոյում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ անհատական ցատկերում որակավորվում են 10 լավագույնները, իսկ սինքրոնում՝ լավագույն քառյակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: