Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանի վիճակը այժմ ծայրահեղ ծանրից ծանր է. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրենը մանրամասնում է


  
դիտումներ: 138

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվել է հունիսի 6-ի լույս գիշերը, ժամը մոտ 02.00-ին, ծայրահեղ ծանր վիճակում։

Լուրը հաստատեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը:

«Նա մեզ մոտ է տեղափոխվել գիշերը։ Վիճակը կտրուկ վատացել է, շտապօգնությունը ծայրահեղ ծանր է որակել նրա վիճակն ու տեղափոխել մեզ մոտ։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, շնչում է թթվածնի օգնությամբ»,–ասաց Մանուկյանը։

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում շաքարն այնքան բարձր է եղել, որ այնտեղի բժիշկների խոսքով` չեն կարողացել որոշել, ապարատը ցույց է տվել բարձրագույն թիվ (high),տեղափոխել են մեզ մոտ։ Մեզ մոտ հաստատվել է, որ իր մոտ եղել է հիպերգլիկեմիկ վիճակ, պրեկոմա։ Ստացել է համապատասխան բուժումը, վիճակը այժմ ծայրահեղ ծանրից ծանր է»,–ավելացրեց նա։

ԲԿ–ի փոխտնօրենի խոսքով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ն չունի բավարար հագեցվածություն այդպիսի հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել են «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետեւ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Պաշտպանների պնդմամբ՝ նրան «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել առանց բժիշկների համաձայնության։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Մանվել Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն` ասելով, որ նրան «Նաիրի» ԲԿ–ից իր կամքին հակառակ են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։

Նույն օրը Գրիգորյանի և նրա կնոջ` նույն գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանի դատական նիստն էր, որին Գրիգորյանը չէր մասնակցում` առողջական խնդիրների պատճառով։ Մեղադրյալի բացակայության պատճառով էլ դատարանը որոշեց հետաձգել նիստը։ Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 11–ին, ժամը 12–ին։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: