Հայերեն   English   Русский  

«Էներգաչափ» ընկերության հաշվապահը միլիոնավոր դրամներ է յուրացրել. Մեխանիզմները բացահայտվել են


  
դիտումներ: 1015

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՓԲ ընկերությունում առանձնապես խոշոր չափերով խարդախություն,

յուրացում եւ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից Անկախին հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել ընկերության առաջատար հաշվապահին:

Նախնական քննության տվյալներով՝ «Էներգաչափ» ՓԲ ընկերության առաջատար հաշվապահը, հասանելիություն ունենալով եւ տիրապետելով ընկերության դրամաշրջանառության վերաբերյալ տեղեկություններին, 2017թ. հունվարի 16-ից 2018թ. հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում ընկերության բանկային հաշիվներից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 12.185.747 ՀՀ դրամ, յուրացմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.980.000 ՀՀ դրամ եւ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 13.600.000 ՀՀ դրամ գումարներ:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակության եւ յուրացման մեխանիզմը:

Այսպես՝ ընկերության առաջատար հաշվապահը, «Էներգաչափ» ՓԲ ընկերության խորհրդի նախագահի վստահությունը չարաշահելու միջոցով, ընկերության բանկային հաշվից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, այդ հաշվի սպասարկման համար նախատեսված «օնլայն բանկինգ» համակարգի միջոցով կազմել եւ 2017թ. հունվար եւ նույն թվականի հուլիս ամիսներին ՓԲ ընկերության խորհրդի նախագահի հաստատմանն է ներկայացրել համապատասխանաբար 6.691.239 եւ 5.494.508 ՀՀ դրամ գումարի վճարման հանձնարարականներ, որոնց վճարման նպատակը տողում խաբեությամբ լրացրել է իբրեւ եկամտային հարկ, իսկ որպես գումարը ստացողի հաշիվ՝ այլ բանկում ունեցած իր անձնական հաշվեհամարը:

ՓԲ ընկերության խորհրդի նախագահը, վստահելով հաշվապահին, վճարման հանձնարարականում ուսումնասիրել է միայն վճարման նպատակը, «օնլայն բանկինգ» համակարգի միջոցով հաստատել նշված վճարումը, որի արդյունքում «Էներգաչափ» ՓԲ ընկերության բանկային հաշվից առաջատար հաշվապահի բանկային հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 12.185.747 ՀՀ դրամ գումար, որը նա խարդախությամբ հափշտակել է, կանխիկացրել եւ օգտագործել իր անձնական կարիքների համար:

Բացի այդ, ընկերության առաջատար հաշվապահը, լիազորված լինելով ՓԲ ընկերության անունից հանդես գալ հարկային եւ այլ մարմիններում, հնարավորություն ունենալով ինքնուրույն կատարել գործողություններ, այդ թվում՝ ներկայացնել ու ստանալ փաստաթղթեր, ընկերության հարկային գերավճարներից յուրացմամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, 2018թ. փետրվարին դիմել է հարկային տեսչություն` գերավճարների գումարից 5.000.000 ՀՀ դրամ ՓԲ ընկերության բանկային հաշվին հետ փոխանցելու խնդրանքով:

2018թ. փետրվարի 26-ին հարկային մարմնի կողմից նշված փոխանցումը կատարվել է, որից հետո հաշվապահը յուրացման եղանակով, նույն բանկային հաշվից իր անձնական բանկային հաշվին փոխանցումներ կատարելով եւ գումարը կանխիկացնելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.980.000 ՀՀ դրամ գումար, որից 4.800.000 ՀՀ դրամը փոխանցել է իբրեւ եկամտային հարկ, իսկ 180.000 ՀՀ դրամը՝ իբրեւ աշխատավարձ:

Այնուհետեւ առաջատար հաշվապահը, «Էներգաչափ» ՓԲ ընկերության բանկային հաշվից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, 2018թ. հոկտեմբերին գնացել է նշված ընկերության գրասենյակ եւ օգտվելով ՓԲ ընկերության խորհրդի նախագահի աշխատասենյակի դռան բաց լինելու հանգամանքից` վերջինիս աշխատասեղանի վրայից վերցրել է ընկերության բանկային հաշվի սպասարկման «օնլայն բանկինգ» համակարգի հասանելիության էլեկտրոնային կրիչը, որի միջոցով նույն օրն իր աշխատանքային համակարգչի օգտագործմամբ հասանելիություն է ստացել ընկերության բանկային հաշվին, դրամական փոխանցում կատարել իր անձնական բանկային հաշվին` նշված կրիչով հաստատելով փոխանցումը, այդ կերպ ընկերությունից հափշտակելով առանձնապես խոշոր 13.600.000 ՀՀ դրամ գումար: Այնուհետեւ, հանցագործությունն ավարտին հասցնելու, այն է՝ մինչեւ գումարի կանխիկացումը դրա փոխանցման հանգամանքը թաքցնելու նպատակով, փոփոխել է էլեկտրոնային կրիչի գաղտնաբառը եւ այն թողել վերջինիս աշխատասեղանին, իսկ հափշտակված 13.600.000 ՀՀ դրամը նույն օրը նա իր բանկային հաշվից կանխիկացրել եւ օգտագործել է անձնական կարիքների համար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Էներգաչափ» ՓԲ ընկերության առաջատար հաշվապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: