Հայերեն   English   Русский  

Մեծ աշխարհի փոքրիկ զարդը


  
դիտումներ: 1005

Միքայել Գրիգորյանը՝ բացառիկ շնորհներով օժտված արցախցի հրաշամանուկը, տարիներ շարունակ իր երգերի հիանալի կատարումներով հիացնում և գերում է աշխարհի հանրությանը: Հարցազրույցն այդ շնորհալի փոքրիկի հետ, նպատակ ունի բազմակողմանիորեն բացահայտելու Արցախի տաղանդավոր զավակին, միաժամանակ, հնարավորություն ընձեռելու՝ հաղորդակցվելու նրա զգացողություններին, հույզերին ու հետագա աշխատանքներին:

-Միշա, դու երգել սկսեցիր 4 տարեկանից: Ո՞վ առաջինը նկատեց քո տաղանդը: Առաջին լուրջ համերգդ որտե՞ղ է կայացել:

-Առաջին անգամ իմ տաղանդը նկատեցին ծնողներս ու ինձ տարան <Արցախի ձայներ> պրոդյուսերական կենտրոն՝ Լիրա Քոչարյանի մոտ: 4-5 տարեկանում ունեցա իմ առաջին համերգային ելույթը՝ Արցախի անկախության օրվան նվիրված՝ սեպտեմբերի 2-ին, և երգեցի <Ջամայկա> երգը:

-Դու տեսահոլովակներ ունես` երգերի հրաշալի կատարումներով` <Հորովել>, <Ես եմ>, <Փոքրիկ ղարաբաղցի> և <Բումերանգ>: Ո՞ր տեսաերիզն է քեզ ավելի հարազատ: Ի՞նչ էիր զգում <Փոքրիկ ղարաբաղցի> երգը երգելիս:

-Բոլորն էլ ինձ հոգեհարազատ են, և ես մեծ սիրով եմ կատարում դրանք՝ իմ խմբի հետ միասին: <Փոքրիկ ղարաբաղցի> երգը երգելիս ես հպարտ էի, քանի որ ծնունդով ղարաբաղցի եմ և ունեցա երգ իմ հայրենիքի համար:

-Դու <Արցախի ձայներ> երաժշտական խմբի անդամ ես, Լիրա Քոչարյանի փոքրիկ պարծանքը: Դու, անշուշտ, հպարտանում ես Լիրա Քոչարյանով: Ի՞նչ է այդ խումբը քեզ համար:

-Այդ խումբն ինձ համար մեծ ընտանիք է, Լիրա Քոչարյանը` իմ երկրորդ մայրը: Այնտեղ օգնում և խորհուրդ ենք տալիս մեկս մյուսիս ու նաև կարողանում ենք ներկայացնել մեր Արցախն աշխարհին:

-Դու նվագում ես դաշնամուր, ջութակ, հարվածային գործիքներ: Այդ գործիքներից որի՞ վրա ես ամենաշատը սիրում նվագել:

-Շատ եմ սիրում բոլոր գործիքների վրա նվագել, բայց կառանձնացնեի հարվածային գործիքներն ու դաշնամուրը:

-Դու մասնակցել ես միջազգային մրցույթների` <Նոր ալիք>, <Ավրորա>, <Մանկական եվրատեսիլ>, ինչպես նաև <Արցախի ձայներ>-ի հետ բազմաթիվ համերգների` արտերկրում` ստանալով մի շարք մրցանակներ: Համաշխարհային աստղերից ու՞մ հետ ես մտերմացել: Ո՞վ քեզ ամենաշատը գնահատեց:

-Շփվել եմ մեծ լեգենդ Շառլ Ազնավուրի, Լարա Ֆաբիանի, Լեոնիդ Ագուտինի, Կոնստանտին, Վալերի Մելաձեների, Ֆիլիպ Կիրկորովի և շատ այլ ճանաչված հեղինակությունների հետ: Ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նրանց հետ երգել տարբեր մեծ բեմերում, միլիոնավոր հանդիսատեսի առջև: Բոլորն էլ ինձ քաջալերում էին, բարի մաղթանքներ հղում, դրական լիցքեր հաղորդում:

-Դու մասնակցեցիր <Գոլոս> մանկական նախագծին` քո կատարումներով հիացնելով ամբողջ աշխարհը և ստանալով արժանի մրցանակը: Մասնակիցներից ու՞մ հետ մտերմացար: Դմիտրի Նագիևը քեզ կոչեց <Փոքրիկ Պագանինի>: Դու ոգևորվեցի՞ր այդ գնահատականով: Ի՞նչ տվեցին քեզ Վալերի Մելաձեի դասերը:

-Իհարկե, անմոռանալի է իմ մասնակցությունը ռուսական <Գոլոս> մանկական նախագծին, որտեղ ես դարձա հաղթողներից մեկը և իմ հաղթանակը հայրենիք բերեցի: Մտերմացա բոլորի հետ, բայց ինձ համար լավ ընկեր է Ռոբերտ Բագրատյանը, որովհետև մենք հայրենակիցներ ենք: Ես շատ ուրախացա Նագիևի հաճոյախոսության վրա, շատ հպարտ էի, քանի որ նա ինձ նույնացրեց այդ մեծ լեգենդի հետ: Դա շատ պարտավորեցնող է ինձ համար: Վալերի Մելաձեն իր տարիների փորձը հնարավորինս հաղորդեց ինձ, երգելու մի շարք գաղտնիքներ բացեց ինձ համար:

-Երգելուց բացի, ուրիշ ի՞նչ նախասիրություններ ունես: Բնավորության ո՞ր գիծն է քեզ հատուկ: Դպրոցում հասցնու՞մ ես ամեն ինչ անթերի անել:

-Սիրում եմ լողալ, ֆուտբոլ, շախմատ խաղալ, հեծանիվ քշել, նկարել: Բնավորությամբ ես շատ համբերատար եմ: Ճիշտն ասած, ես շատ եմ կարոտում իմ դասընկերներին և ուսուցիչներին: Իմ ուսուցիչներն ու իմ դպրոցն օգնում են ինձ ամեն ինչում:

-ՈՒ՞մ ես ուզում նմանվել:

-Ալբերտ Էյնշտեյնին: Ես շատ եմ սիրում մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները:

-Ի՞նչ մրցույթի ես պատրաստվում առաջիկայում:

-Սպասեք իմ և Լիրա Քոչարյանի կողմից պատրաստած անակնկալին:

- Ի՞նչ ես ուզում դառնալ:

- Բարեգործ, երգիչ ու մաթեմատիկոս:

Չմոռանանք հիշեցնել, որ աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը մի առիթով տաղանդավոր փոքրիկին բնորոշել է. <նա իրական ռոք-աստղ է>: Դե ինչ, Երկնավորի օրհնությունն ու բարեհաճությունը խնդրենք փոքրիկ ղարաբաղցու համար` իր երազանքներին հասնելու և նվիրական նպատակներն իրականացնելու համար: Հետհայացք նետելով՝ ևս մի բան փաստենք: Բոլորիս քաջ հայտնի է, որ ռուսական <Գոլոս> մանկական նախագիծ-2019-ը սկանդալային ավարտ ունեցավ` կեղծված վերջաբանով` որոշակի շահագրգիռ անձանց շահախնդիր վարվելակերպի պատճառով: Մրցույթի եզրափակիչ փուլին փոքրիկները կրկնակի հրավիրվեցին: Հրաշամանուկ Միքայել Գրիգորյանի` այդ նախագծում հիանալի կատարումների վերաբերյալ, հիացմունքի և գոհունակության բազմաթիվ խոսքեր հնչեցրեցին աշխարհի տարբեր՝ թե՛ քրիստոնյա, և թե՛ մուսուլմանական երկրների ներկայացուցիչներ, ասել է թե` իրական արվեստն ազգություն չի ճանաչում: Երգարվեստի բազմաթիվ աստղեր բարձր գնահատական տվեցին Միշային: Սոցցանցերում գրանցված <Բուդդա Գրիշնա> հեռուստաալիքի տեսաբանն իր բազմաթիվ ելույթներում մշտապես Միշային տվեց ամենաբարձր գնահատականը՝ նրան համարելով այդ նախագծի ամենաարհեստավարժ, հրաշալի դերասանական շնորհ ունեցող մասնակիցը: <Մրցանակը պետք է շնորհվեր Միշային: Նրա աստվածատուր բացառիկ շնորհը հո•ի է հափշտակում>,-նշել է նա:

Եվ այսպես, անթիվ-անհամար են Միշայի հասցեին հնչեցված գովասանքները` <Ծնվել է բեմի համար, նա մեծ ապագա ունի>, <Միշայի կատարումն ուղղակի տիեզերք է>, <Անսովոր հնչողությամբ ձայն` վառ վոկալ տվյալներով, խարիզմայով և հմայքով> և այլն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: